ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցությունը լուրջ խոչընդոտ էր զենքի շուկային հասանելիություն ունենալու համար. Փաշինյան
«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ-իրանական սահմանին մաքսային և սահմանային մեծ անցակետ է կառուցվում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում:
Այնուհետև նա շեշտել է՝ իրադարձություններ են տեղի ունենալու Հայաստան-Թուրքիա հարաբերություններում:
«Հայաստան-Թուրքիա սահմանին կամուրջներ պետք է կառուցվեն, առնվազն Մարգարայում, Ախուրիկում պետք է կամուրջ կառուցվի: Ախուրիկում ակնհայտ է, որ պետք է սահմանային և մաքսային տերմինալներ կառուցվեն: Երասխում նույնպես սահմանային և մաքսային տերմինալներ պետք է կառուցվեն: Հավանականությունը մեծ է նաև, որ Իջևան-Ղազախ հատվածում կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ, հարավային հատվածում մենք ունենք որոշակի զարգացումներ: Իհարկե, պետք է հետագայում հասկանանք՝ որտեղ ենք աշխատում ԹՐԻՓՓ-ի հետ, որտեղ՝ այլ գործընկերների հետ: Հայաստան-Թուրքիա սահմանին, մեծ հավանականությամբ, մենք նույնպես էլեկտրահաղորդման գծերի բան կունենանք, և ոչ միայն էլեկտրահաղորդման գծերի»,- մանրամասնել է նա:
Այս թեմայից Փաշինյանն անցում է կատարել բանակին և անվտանգային խնդիրներին:
Ըստ նրա, իրենց խնդիրն է՝ անվտանգության ապահովման ինստիտուցիոնալ շարքում բանակը հնարավորինս «հետ դնել», բայցև չի անտեսել նոր գնված սպառազինության թեման՝ ապացուցելու, որ ցույց տալու բան ունեն:
«Մենք շատ լուրջ միջոցներ ենք ձեռք բերել: Հարց է ծագում՝ ինչո՞ւ դրանք ձեռք չէինք բերում նախկինում: Կամ՝ ո՞ր նախկինում: Պայմանական մի ամսաթիվ նշեմ՝ 2022 թվական, հոկտեմբերի 6: Ինչո՞ւ մենք այդ միջոցները ձեռք չենք բերել 2020 թվականի հոկտեմբերի 6-ից առաջ: Մի՞թե մենք չէինք ուզում, մի՞թե մենք չէինք դիմում: Մենք դիմում էինք բոլորին, բայց մեզ ասում էին՝ հրաժարվում ենք ձեզ սպառազինություն վաճառել, որովհետև համոզված չենք, որ դուք այդ սպառազինությունը տեղակայելու եք ձեր՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում, ավելին, կասկածներ ունենք, որ այդ միջոցները կարող են օգտագործվել ձեր՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս:
Եվ 2022 թվականին, երբ մենք Պրահայում հայտարարեցինք, Ադրբեջանի հետ արձանագրվեց, որ ՀՀ-ն և Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և ոչ միայն դա հայտարարեցինք, այլև մեր քաղաքականությունները վերաձևակերպեցինք այդ տրամաբանությամբ, ըստ էության, սպառազինության պաշտպանական միջազգային շուկան մեր առաջ բացվեց, որովհետև մենք ասացինք, որ ՀՀ բանակն իր ինքնիշխան տարածքից դուրս չի կիրառվելու, և մենք, ըստ էության, այդպիսի դե յուրե պարտավորություններ պատրաստ ենք ստանձնել:
Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մենք հայտարարեցինք, հռչակեցինք, որ ՀՀ բանակը կարող է կիրառվել միայն պաշտպանական նպատակներով, միայն ինքնիշխան, սեփական, միջազգայնորեն ճանաչված տարածքի ներսում: Իհարկե, այդտեղ նյուանսներ կար սահմանազատման հետ կապված, բայց մենք դա էլ պարզաբանեցինք: Հետո պարզվեց, որ շատ դեպքերում կարիք չկա գնալ, դռներ ծեծել: Մեզ ասում են՝ մենք ձեզ կարող ենք առաջարկել սա, և սպառազինության պաշտպանական ամբողջ, գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց»,- նշել է Փաշինյանը և անցել այս համատեքստում երկրորդ նյուանսի պարզաբանմանը, որն առչվում է ՀԱՊԿ-ին:
«ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար: Բայց 2022 թվականին ուրիշ իրադրություն ունեինք, երբ 100 մլն դոլարի վճարումներ էինք արել, որի դիմաց պետք է հայկական կողմը ստանար տեխնիկա և սպառազինություն, բայց այդ մատակարարումները չէին իրականացվում: Եվ այս իրադարձություններն են, որ մեզ հանգեցրել են եզրակացությունների, որ պարադիգմը պետք է փոխենք: Որովհետև այն բանաձևերը, որով մենք ճանաչում ենք աշխարհը, այդ բանաձևերը չեն ապահովում մեզ համար անհրաժեշտ կենսական իրողությունների և իրադրությունների ստեղծում: Նաև դա էր պատճառը, և դա լեգիտիմ որոշում էր, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին»,- շարունակել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
