Մեցոլան Իրանի ներկայացուցիչներին արգելել է մուտք գործել Եվրոպական խորհրդարանի շենքեր
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Իրանի բոլոր դիվանագիտական աշխատակիցներին արգելվել է մուտք գործել Եվրոպական խորհրդարանի շենքեր՝ երկրում հակակառավարական ցույցերի ճնշման պատճառով։ Այս մասին Մեցոլան հայտնել է X սոցիալական հարթակում։
«Մինչ Իրանի քաջարի ժողովուրդը շարունակում է պայքարել իր իրավունքների և ազատության համար, այսօր ես որոշում եմ կայացրել արգելել Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր դիվանագիտական աշխատակիցներին և այլ ներկայացուցիչներին մուտք գործել Եվրոպական խորհրդարանի բոլոր շենքեր», – գրել է նա հունվարի 12-ին։
Նա հավելել է, որ Եվոպական խորհրդարանը չի օգնի «օրինականացնել այս ռեժիմը, որը պահպանվում է խոշտանգումների, բռնաճնշումների և սպանությունների միջոցով»։
Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։ Ցույցերի ընթացքում զոհերի թիվն, ըստ իրավապաշտպան խմբերի, գերազանցել է 600-ը։ Նրանց թվում կան տասնյակ իրավապահներ։
Իրանում տեղի են ունեցել նաև կառավարամետ ցույցեր, որոնց մասնակիցները դեմ են արտահայտվել հակակառավարական ցույցերի մասնակիցների գործողություններին։
