«Քաղաքապետերի, համայնքապետերի, ոստիկանության ու ԱԱԾ-ի մակարդակով սպառնալիքներ կան հոգևորականների նկատմամբ». Տեր Զարեհ քահանա Աշուրյան

Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Վեհափառ հայրապետի այս որոշումից մեկ օր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե գնալու է Մասիսի եկեղեցում պատարագի մասնակցի, ընդ որում, դրանից առաջ նա ասել էր, որ այլևս հրապարակավ չի հայտնելու, թե որ եկեղեցում է մասնակցելու պատարագի։

Կարդացեք նաև

Այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էին իր մշտական «շրջիկ» թիմի անդամները, ավելացել էին միայն Արարատի մարզի որոշ համայնքների կոմունալ բաժնի աշխատակիցներ, դպրոցի տնօրեններ։

Մասյացոտն թեմի նախկին հոգևորական, այժմ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանից հետաքրքրվեցինք, թե Մասյացոտն թեմի առաջնորդի հեռանալուց հետո հնարավոր կլինի՞ թեմում հոգևորականների շրջանում պահպանել կայունություն, թե՞ իշխանությունների ճնշումների ներքո շատերը կարող են միանալ հակաեկեղեցական արշավին։

«Այո, մենք Մայր Աթոռի հայտարարությունից տեղեկացանք, որ Ռուբեն վարդապետ Զարգարյանը նշանակվել է Մասյացոտն թեմի առաջնորդական տեղապահ, իսկ նախկին առաջնորդն այդ պաշտոնից ազատվել է։

Հիմա իշխանություններն ամեն տեղ, ամեն ինչ փորձում են անել, որպեսզի հոգևորականները վախենան, նրանց բռնաճնշումների են ենթարկում, սպառնում։ Հայաստանում գտնվող իմ հոգևոր եղբայրների հետ շփումը կա, թե՛ քաղաքապետերի ու համայնքապետերի, թե՛ ոստիկանության ու ԱԱԾ-ի մակարդակով անընդհատ սպառնալիքներ կան։

Անգամ սպառնալիքներ կան, որ «եթե հանկարծ պատարագներին վեհափառի անունը հնչեցնեք, մարդկանց կուղարկենք, որ եկեղեցում պատարագը խանգարեն»։ Նման սպառնալիքներով են հանդես գալիս որոշ համայնքապետեր՝ քահանաների հետ հանդիպումների ժամանակ»,- 168.am հետ զրույցում ասաց հոգևորականը։

Տեր Զարեհ քահանա Աշուրյանը շեշտեց՝ եկեղեցին միշտ էլ սուրբ է, մաքուր է, եկեղեցում գործում է սուրբ հոգին, իսկ որտեղ սուրբ հոգին է, այնտեղ որևէ համեմատություն չի կարող լինել։

«Այս իրավիճակում միանշանակ պետք է գիտակցել քրիստոնյայի առաքելությունը աշխարհականների համար, թե ի՞նչ ձգտումով է ապրում, ո՞ւմ է ուզում նմանվել, ի՞նչ է շահելու այս կյանքից, ի՞նչ է թողնելու և ի՞նչ է տանելու։ Այս հարցերի պատասխանները կօգնի, որպեսզի մարդիկ կողմնորոշվեն։

Իսկ հոգևորականները հավատարիմ մնան Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին տված իրենց հավատարմության ուխտին և մնան այն առաքելության մեջ, որն ավետել է մեզ Հիսուս Քրիստոսը»,- ընդգծեց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

Տեսանյութեր

Լրահոս