ԴԱ ԿԵՂԾ ԹՈՒՂԹ Է. թող հրապարակեն Եզրաս սրբազանի «ռասպիսկա». քանդում են համակարգը. շատ երկար ժամանակ դժվար է լինելու մեր ԱԱԾ-ի հետ համագործակցողներ գտնելը. Հայկական ԽՍՀ ՊԱԿ աշխատակից
Մայր Աթոռի վրա ու ընդդեմ Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդի՝ դեկտեմբերի 18-ին կազմակերպած ամոթալի գրոհի ֆիասկոյից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ու կուսակցական կայքերը հրապարակեցին տեղեկություն այն մասին, որ Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքությունում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ»։ Այս մասին հայտնել էին Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)՝ ՔՊ-ի կուսակցական կայքի՝ Civic.am-ի հարցմանն ի պատասխան։
Ուշագրավն այն է, որ նույն տեղեկությունը civilnet.am-ը նույն ԱԱԾ-ից հայցել էր շուրջ 2 ամիս առաջ՝ հոկտեմբերին, սակայն այդ փաստաթուղթը նրան մերժել էին տրամադրել՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին՝ պնդելով, որ պահանջվող տվյալները դասվում են պետական գաղտնիքի շարքին և ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր, ինչպես նաև անձնական կյանքի գաղտնիքին:
Այսինքն՝ 2 ամիս անց հանկարծ Եզրաս սրբազանին վերագրվող տեղեկությունը Civic.am-ի համար դադարեց դառնալ պետական, ծառայողական ու անձնական գաղտնիք:
Ասածն ավելի համոզիչ դարձնելու համար հրապարակել էին նաև ԱԱԾ-ից ստացված փաստաթուղթը, որն էլ ՔՊ-ական ու ՔՊ-ամերձ շրջանակներն, իրար հերթ չտալով տարածում էին՝ «Վեհափառի եղբայրը КГБ-ի գործակալ է» բոթն առավել համոզիչ դարձնելու համար:

Դրանից հետո շատ գրառումներ ու լայվեր եղան, այլ փաստաթղթեր ևս հրապարակվեցին, որոնք ապացուցում էին՝ ԱԱԾ-ին վերագրվող ու ԱԱԾ-ի կողմից հատուկ ՔՊ-ի համար տրամադրված փաստաթուղթը փնթի կեղծիք է, ինչն ի սկզբանե ակնհայտ էր ու մեծ հաշվով ապացուցման կարիք էլ չուներ:

168.am-ը, սակայն, կապ հաստատեց նախորդ դարի 80-ական թթ. Հայկական ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակից սպայի հետ, որն էլ անոնիմության պայմանով բացատրեց իրավիճակի հետ կապված որոշ նրբություններ, ներկայացրեց որոշ պարզաբանումներ առհասարակ հատուկ ծառայությունների աշխատանքի այդ կողմի մասին:
«Այդ քարտերն իսկապես մշտապես լրացվել են ռուսերեն լեզվով, և առհասարակ մեր հիմնարկում գրագրության լեզուն ռուսերեն է եղել: Փաստաթղթում որպես հավաքագրող՝ նշված է Հովհաննիսյան ազգանունը: Մենք իրոք այդպիսի աշխատակից ունեցել ենք՝ 5-րդ բաժնի, 3-րդ բաժանմունքի պետ Վովա Հովհաննիսյան, ով այդ պաշտոնը զբաղեցնելուց առաջ պետի տեղակալն էր, ղեկավարը՝ Սայադյան: Այս մասը կարծես թե ճշտել են, որպեսզի ճշմարտացի թվա իրենց հրապարակած այդ կեղծ փաստաթուղթը»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ այդ բաժանմունքն ունեցել է եկեղեցական աղանդների ու աղանդավորների նկատմամբ վերահսկողության գործառույթ, և այս առումով, նրա խոսքով, Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ը հատուկ վերաբերմունք ուներ աղանդավորների նկատմամբ ու նրանց չեզոքացման հրահանգ:
«Այսինքն՝ ՊԱԿ-ն ինչ-որ իմաստով աջակցում էր Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն և աղանդների՝ հատկապես եհովականների, հիսունականների նկատմամբ շատ կոշտ դիրքորոշում ուներ: 80-ականների սկզբին տարեկան մոտավորապես մինչև 20 աղանդավոր պատասխանատվության էր ենթարկվում այդ բաժանմունքի ներկարացրած նյութերի հիման վրա»,- ասաց ՊԱԿ նախկին աշխատակիցը:
Վերջինս նկատեց՝ Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ի աշխատակիցներն առհասարակ շատ դրական են նայել լյուստրացիա ասվածին, բայց այն, ինչ արվել է Եզրաս սրբազանի հետ կապված, մի անձի հետ կապված «լյուստրացիա» է, եթե հաշվի չառնենք, որ այն նաև կեղծիք է, ինչն անթույլատրելի է և օրենքի խախտում:
«80-ական թթ. վերջին ՊԱԿ-ի բոլոր բաժինները ծանրաբեռնված էին Մեծ տեռորի շրջանի՝ 1937թ. սկսած հետապնդումների, Հայաստանում հետապնդման ենթարկված անձանց ռեաբիլիտացիայով: Հազարավոր այդպիսի գործեր են ուսումնասիրվել, քննվել, որովհետև դա եղել է օրենքի հիման վրա:
Կար այդպիսի օրենք, ու դա արվել է այդ օրենքի հիման վրա: Հիմա, եթե բացահայտվում է մի «գործակալ», սա կոպիտ խախտում է, որովհետև չկա օրենք, որը կարտոներ նման տեղեկատվություն հրապարակել: Մենք ունեինք 10-րդ բաժանմունք, որտեղ պահվում էին այս փաստաթղթերը, և եթե մենք՝ աշխատակիցներս, որևէ մեկի մասին ինֆորմացիա էինք ուզում իմանալ, թե տվյալ անձն արդյո՞ք համագործակցում է Հայաստանի ՊԱԿ-ի հետ, և հայտ էինք ներկայացնում, մեզ մերժում էին, ասում՝ այդպիսի տեղեկատվություն չունենք, ավելին՝ ղեկավարությանն էլ հայտնում էին, որ տվյալ աշխատակիցը հետաքրքրվում է կոնկրետ անձով, ինչը չէր խրախուսվում»,- ասաց ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախկին աշխատակիցը:
Վերջինս շեշտեց՝ հրապարակված թուղթը կեղծիք է, և սա ոչ միայն համակարգի պատվի ու արժանապատվության, այլև առհասարակ այդ համակարգի գործունեության խնդիրն է:
«Համակարգը չպետք է քանդվի, բայց ինքնին այսպիսի բան հրապարակելը հարվածում է հենց հատուկ ծառայություններին: Իշխանությունների կողմից այս թղթի հրապարակման արդյունքում վստահաբար շատ երկար ժամանակ դժվար է լինելու մեր ԱԱԾ-ի հետ համագործակցողներ գտնելը: Ի վերջո, ինչո՞ւ են հրապարակել աշխատակցի ձեռքով վերացված քարտը, թող հրապարակեն Եզրաս սրբազանի համաձայնությունը, եթե, իհարկե, կա նման բան, որը մենք հիմնարկի ժարգոնով անվանում ենք «ատպիսկա», առ այն, որ «Ելնելով այս հանգամանքներից՝ համաձայնում եմ համագործակցել Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ի հետ և ընտրում եմ այսինչ կեղծանունը: Ու տակը դրվում է ստորագրություն: Գուցե դա ավելի արժանահավատ լիներ»,- ասաց համակարգի երկարամյա աշխատակիցը:
Հիշեցնենք, որ նման մի փաստաթուղթ, որն, ի դեպ, չի հերքվել, 2021թ. հրապարակվել էր «Օմեգա» ծածկանունով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերաբերյալ: Եվ հրապարակվեց հենց Արարատ Միրզոյանի համաձայնագիրը՝ ԱԱԾ-ի հետ համագործակցելու վերաբերյալ:

Մեր զրուցակիցը նկատեց՝ բոլոր երկրներում էլ լյուստրացիա արվել է, բայց դա շատ լուրջ բան է, և արվել է 80-ական թվականներին, ոչ թե 2025 թվականին:
«Լյուստրացիա արվել է սկզբնական շրջանում, բացահայտված մարդկանց համար մասնագիտությամբ զբաղվելու, որոշակի ժամկետով պաշտոններ զբաղեցնելու ժամանակավոր արգելքներ են եղել, բայց հիմա, երբ ԽՍՀՄ փլուզումից անցել է շուրջ 35 տարի, դա ոչ մի դրական նպատակ հետապնդել չի կարող: Սա զուտ անձնական քինախնդրության հարց է»,- ասաց նա:
Վերջինս նշեց՝ Աստված չանի, եթե սկսվի այսօրվա գործակալական ցանցի բացահայտումը:
«Մենք շատ վատ ընդունեցինք նաև, երբ բացահայտվեց Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու համաձայնության փաստաթուղթը: Դա էլ իր հերթին՝ անընդունելի էր: Բայց դուք նկատի ունեցեք, որ Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ը գործունեության իր թիրախներն է ունեցել, որոնք ԽՍՀՄ ՊԱԿ-ի ընդհանուր գործունեության մեջ չէր մտնում: Օրինակ՝ Սփյուռքի դաշտում, սփյուռքահայ եկեղեցականների, լրատվամիջոցների հետ աշխատելը. չէ՞ որ դա ուներ իր սպեցիֆիկան: Մեր արվեստագետների ներգրավվածությունը դիսիդենտական շարժումներում շատ ավելի թույլ է եղել, քան մոսկովյան և լենինգրադյան արվեստագետներինը: Սա մեր ՊԱԿ-ի աշխատանքի արդյունքն էր»,- ասաց ՀԽՍՀ ՊԱԿ-ի աշխատակիցը:
Ըստ նրա՝ թեպետ ՀԽՍՀ ՊԱԿ-ն աշխատել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի միասնական համակարգում, բայց Հայաստանի հետ առնչվող անձանց անձնական գործերը պահվել են Հայաստանում, և մենք որոշակի ինքնավարություն ենք ունեցել:
«Ես չեմ հավատում, որ մենք Եզրաս սրբազան գործակալ ենք ունեցել»,- եզրափակեց նա:
