ՌՈՒՍՆԵՐԸ ՉԵՆ ՆԵՐԻ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՇՈՒՇԻԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ. ՔԵՆԵԴՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿԱԽՎԱԾ Է ԹՐԱՄՓԻ ԳԼԽԻՆ. ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի գլխավոր մարտահրավերն այսօր հայկական պետության անվտանգությունն է, իսկ գլխավոր խնդիրներից մեկը՝ ապագայի անորոշությունն է և հետագա զարգացման մասին պատկերացումների բացակայությունը, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, դիվանագետ և քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ Հայաստանն այսօր նույնիսկ արտաքին քաղաքական կոնցեպցիա չունի։

«Այն ժամանակ մենք պատկերացում ունեինք, թե ինչ ենք ուզում, ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումը, ինչ ապագա ենք պատկերացնում՝ շատ լավ հասկանալով, որ մարտահրավերները շատ են, և այն իրավիճակը, որ տիրում էր միջազգային հարաբերություններում, հղի էր բազմաթիվ խնդիրներով, բայց մենք ունեինք որոշակի պատկերացումներ, թե ինչպես պետք է անցնեինք այդ դժվարություններով։
Այս առումով՝ այսօր մենք այն վիճակում ենք, որ և՛ անվտանգության հարցը բարվոք վիճակում չէ, և՛ նույնիսկ չկա արտաքին քաղաքական կոնցեպցիա, և անհասկանալի է, թե մեր մակույկը ուր կքշի քամին։ Եթե մեր պետությունը համեմատենք մակույկի կամ նավակի հետ, ղեկը, կարծես թե, չի աշխատում, մենք չենք տեսնում մեր ապագան։ Դասական դիվանագիտական տեսանկյունից նույնիսկ արտաքին քաղաքական կոնցեպցիա գոյություն չունի այսօր»,- մեկնաբանեց Վարդան Հակոբյանը։
Դիվանագետի խոսքով՝ այսօրվա իշխանության արտաքին քաղաքականությունը միագիծ է, և ուղղությունը ոչ միայն արևմտյան է, այլ հակառուսական։ Վարդան Հակոբյանը դեռ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակներից նկատել է, որ Արևմուտքը ձգտում է Թուրքիային դարձնել Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի «կուրատոր»։ Ըստ նրա՝ Արևմուտքը շտապում է Հարավային Կովկասը դարձնել պլատֆորմ, որի միջոցով կկարողանա ճնշել և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին։
«2018 թվականից՝ նոր իշխանությունների գալուց հետո, այդ հակառուսականությունը անմիջապես սկսեց ցուցադրվել ու դրսևորվել։ Հարցն այն է, որ նրանք եկել էին հենց այդ ուղղությունն իրականացնելու, այսինքն՝ հանձն էին առել այդ հարցերը լուծելու։ Հիշեք հենց առաջին հայտարարությունները՝ Ռուսաստանի հաշվով, ՀԱՊԿ-ի վրա հարձակումները, կամ Արցախը հայտարարել, որ «միջէթնիկական կոնֆլիկտ է», ոչ թե ազգամիջյան»,- ասում է Վարդան Հակոբյանը։

Իսկ Ռուսաստանը Հարավային Կովկասում «դադար է վերցրել», սակայն ըստ դիվանագետի՝ դա վերջնական չէ, զարգացումները դեռ գնում են։
Անդրադառնալով աշխարհաքաղաքական գործընթացներին և հատկապես ԱՄՆ-Չինաստան ուրվագծվող դիմակայությանը՝ Վարդան Հակոբյանը նշեց, որ ընթացքի մեջ է նոր՝ բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործընթացը։ Վերլուծաբանի խոսքով՝ Թրամփը վերադարձնում է Միացյալ Նահանգները «Մոնրոյի դոկտրինին»՝ ԱՄՆ 5-րդ նախագահ Ջեյմս Մոնրոյի (1817-1825) արտաքին քաղաքականության ծրագրին, որի էությունը եվրոպական գաղութարարությանը հակադրվելն էր և Միաժամանակ Միացյալ Նահանգների հզորացումը նոր տարածքների միացմամբ և նոր նահանգների կազմավորմամբ պայմանավորելը։
Այս համատեքստում նա ուշադրություն է հրավիրում Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և Արևմուտքի տարբեր երկրներում իշխող գլոբալիստական ուժերի քաղաքականության միջև ակնհայտ հակասությունների վրա՝ ասելով, որ ԱՄՆ 35-րդ նախագահի՝ 1963-ին սպանված Ջոն Քենեդու ճակատագիրը «դամոկլյան սրի» պես կախված է Թրամփի գլխին.
«Թրամփը հիշում է նախկին նախագահների քաղաքականությունը և կարծես թե վերադարձնում է Միացյալ Նահանգները «Մոնրոյի դոկտրինին», այսինքն՝ Միացյալ Նահանգները կզբաղվի արևմտյան կիսագնդով, բայց խցկվել Եվրոպա և այլ տեղեր պետք չէ։ Եվ այս առումով, Հարավային Կովկասում կարող են այլ զարգացումներ լինել։
Եվրոպան, որն արդեն ձիու վրա չէ, չի կարողանա Հարավային Կովկասում այնքան հզոր ճնշում գործադրել, ինչպես առաջ էր՝ Միացյալ Նահանգների հետ, երբ Բայդենն էր նախագահը։ Եթե Թրամփը կարողանա դիմանալ, պահել այդ դիրքորոշումը, և էլ չեմ ասում, որ ինչպես հատուկ է Ամերիկային, կարող է այդ մարդու հարցերն այլ կերպ լուծել՝ ինչպես Քենեդու հարցերը լուծեցին։ Սա դամոկլյան սրի նման կախված է Թրամփի գլխին»։

Վարդան Հակոբյանի խոսքով՝ եթե Թրամփը կարողանա այս գիծը պահել, այդ դեպքում Ռուսաստանի և Իրանի շանսերը մեծանում են։
Խոսելով Արցախյան հիմնախնդրի և ԵԱՀԿ Մինսկի խմբի և հարակից կառույցների լուծարման որոշման մասին՝ դիվանագետն ընդգծեց՝ Արցախի հարցը փակված չէ.
«Արցախի հարցը ոչ միայն հնարավոր կլինի հետագայում վերադարձնել միջազգային օրակարգ, այլ նույնիսկ մենք կրկին այնպիսի ղեկավարություն ունենանք, որ չուզենա դա, միևնույն է, արտաքին ուժերն են բարձրացնելու այդ հարցը։ Ես շատ եմ շեշտել, որ Ղարաբաղի հարցը միայն երգի ու հուզականության հարց չէ։ Ղարաբաղը շատ փոքր է, բայց ռուսների ասած՝ շատ «պինդ ընկույզ է», պնդուկ է՝ ես կասեի, որը ցանկացած պահի թե՛ ռուսները, մանավանդ ռուսները կարող են օգտագործել։ Ռուսները Հարավային Կովկասում սկսել են դրանից, և նրանք դա բաց չեն թողնելու։
Նորից եմ ուզում կրկնել, որ Պուտինի համար Շուշիի հանձնումն ուղղակի ինքնանվաստացման պես մի բան էր, նա դա ընդունում էր՝ որպես ռուսական զենքի նվաստացում, որովհետև այդ բերդը, Արցախը ռուսներն են գրավել մեծ արյան գնով, պահել, որ այսօր ինչ-որ թուրքեր կամ իսրայելցիներ գան, դրան տեր կանգնեն, կամ ոտքի տեղը կորցնեն ռուսները։ Ինձ թվում է՝ ռուսները դա չեն ների։ Դեռ պրոցեսները գնում են, դեռ չգիտենք, թե ինչ կլինի. Մինսկի խումբը կվերակենդանացնեն, թե նոր խումբ կստեղծեն, բայց այդ հարցը փակված չէ՛։
Պարզապես ողբերգությունն այն է, որ մեր ժողովուրդը չկարողացավ այնպիսի ղեկավարություն ունենալ, որ պահեր այդ իրավիճակը, չհանձներ և քիչ կորուստներով հասներ այն պահին, երբ տարածաշրջանում հարցերը վերջնական լուծում կգտնեին»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
