«Նույնիսկ եթե ես պատարագ մատուցեի՝ միանշանակ Վեհափառի անունը հնչեցնելու էի, թեմից որևէ մեկն այդ պատարագին չի մասնակցելու՝ ո՛չ դպիր, ո՛չ սարկավագ». Տեր Գառնիկ քահանա Ավոյան

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Սուրբ պատարագի կմասնակցի Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում։

Ի սկզբանե նա պետք է պատարագի մասնակցեր Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում, բայց քանի որ պատարագիչ քահանան հստակ ասել էր, որ պատարագի ժամանակ որևէ կերպ չի զեղչելու կաթողիկոսի անունը, Նիկոլ Փաշինյանը որոշել է փոխել եկեղեցին։ Այս եկեղեցում Շիրակի թեմի հոգևորականը, չի մասնակցելու պատարագի։

Օրերս Շիրակի թեմից հայտնել էին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 7-ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Տեր Գառնիկ քահանա Ավոյանն իր պատարագը կմատուցի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում քահանան ասաց, որ իր առաջնորդից կարգադրություն է ստացել, որ եկեղեցու վայրը փոխվելու է։

«Նույնիսկ եթե ես պատարագ մատուցեի Յոթ Վերք եկեղեցում, միանշանակ ես Վեհափառի անունը հնչեցնելու էի։ Ես գործում եմ եկեղեցու կանոններից ներս, ավելի բան չեմ անում։

Այս ընթացքում ինձ որևէ մեկը ԱԱԾ-ից չի զանգել։ Կրկնում եմ՝ եթե ինքս պատարագեի, Վեհափառի անունը հնչելու էի»,- նշեց քահանան։

Ըստ հոգևորականի, եթե թեմի որևէ եկեղեցում դրսից բերում են հոգևորականի, որպեսզի պատարագ մատուցի, պետք է ստանա թեմակալ առաջնորդի օրհնությունը։

«Բայց հիմա տեսնում եք, թե ինչ է կատարվում, իրենք ինչ ուզում, անում են։ Մեր թեմից որևէ մեկն այդ պատարագին չի մասնակցելու, նույնիսկ Յոթ վերք եկեղեցու դպիրները, սարկավագները ներկա չեն լինելու։ Հավանաբար դրիսից կբերեն որևէ մեկին, որ պատարագ մատուցի»,- ընդգծեց Տեր Գառնիկ քահանա Ավոյանը։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարությանհերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոստովանեց, որ եթե որևէ եկեղեցի գնում է պատարագի, ապա իրենից առաջ այնտեղ գնում են ԱԱԾ-ից մարդիկ, որպեսզի պատարագիչ քահանային հորդորեն պատարագի ընթացքում զեղչել Վեհափառ հայրապետի անունը։

Տեսանյութեր

Լրահոս