ԱՄՆ-ն սահմանում է վիզային սահմանափակումներ քրիստոնյաներին հետապնդողների համար. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը կընդունի խիստ միջոցներ այն անձանց և կառույցների նկատմամբ, որոնք մասնակցում են կամ աջակցում են քրիստոնյաների նկատմամբ բռնություններին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը կհրաժարվի վիզա տրամադրել այն մարդկանց, ովքեր գիտակցաբար ղեկավարում, ֆինանսավորում, խրախուսում կամ իրականացնում են կրոնական ազատությունների խախտումներ։ Նոր քաղաքականությունը վերաբերում է ոչ միայն Նիգերիային, այլև այլ պետություններին և անհատներին, որոնք զբաղվում են մարդկանց հետապնդմամբ՝ նրանց հավատքի պատճառով։
«Այս վիզային սահմանափակումները հանդիսանում են ԱՄՆ-ի վճռական արձագանքը այն վայրագություններին, որոնց ենթարկվում են քրիստոնյաները Նիգերիայում և ամբողջ աշխարհում»,- նշել է Ռուբիոն սոցիալական հարթակ X-ում։
