Հայաստանը՝ դեմոնտաժի վերջին փուլում

Դեկտեմբերի 1-ին հայտարարվեց, որ պաշտոնապես լուծարվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված գործընթացը դադարեց։ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը հայտարարում են՝ Արցախի էջն այլևս փակված է։

Լուծարում, փակում, դադարեցում, հանձնում․․․

Վերջին յոթ տարիներին սրանք հայկական իրականության մեջ տեղի ունեցած ու ամենամեծ ազդեցությունը թողած երևույթներն են, որոնք պատահել են մի քանի անգամ, բայց պետության ընթացքը փոխել են անշրջելիորեն։ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո տարածքների հանձնմանը հաջորդեց Լաչինի միջանցքի փակումը, որին հետևեց արդեն Արցախի պարտադրված լուծարումը։ Հայաստանի իշխանություններն այդ ակտի մեղավորությունը բարդում են Արցախի մի քանի օրվա նախագահի վրա։

Բայց իրականությունն այն է, որ լուծարման այդ ակտը հնարավոր է դարձել Նիկոլ Փաշինյանի պատճառով պատերազմում կրած պարտության, նրա գրավոր ու բանավոր հանձնարարություններով ռազմավարական տարածքների ու ճանապարհների հանձնման և, ի վերջո, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման պատճառով։

Կարդացեք նաև

Արցախի՝ որպես չճանաչված, այդուհանդերձ պետական կազմավորման լուծարումը, արդեն իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ միասին, նշանակում է հայկական կենսատարածքի ռազմավարական նշանակության ու անվտանգության համակարգի լուծարում, քանի որ, ինչպես պարզվելու էր 44-օրյա պատերազմից հետո, հենց Արցախն էր Հայաստանի անվտանգային համակարգի հենասյունը, ինչով պայմանավորված Հայաստանի նախկին՝ առնվազն տարածաշրջանային կշիռն այլևս նույնպես լուծարված է։

Այս շարքում տեղի ունեցած լուծարումների բոլոր ակտերը կապված են պատճառահետևանքային կապով և կազմում են հայկական գործոնի ապամոնտաժման մեծ գործընթացի առանձին մասերը։ Հայկականության դեմոնտաժը հասել է վերջին փուլին և ավարտվելու է Նիկոլ Փաշինյանի կողմից «չորրորդ հանրապետության» հռչակմամբ, ինչը հավասարազոր է լինելու Հայաստանի Հանրապետության փաստացի լուծարմանը։

2018թ գունավոր հեղափոխությամբ իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն արել է բառացիորեն նույնը, ինչ գործարար աշխարհում անում են սնանկացման կառավարիչները կամ լուծարային կոմիտեների ղեկավարները։

Նրանք ժամանակավորապես իրենց տնօրինմանը հանձնված գույքը, բիզնեսը, ակտիվն իրացնում են՝ ինչպես պատահի և ում պատահի՝ պայմանով, որ ակտիվի յուրաքանչյուր կտորի իրացումից իրենք մասնաբաժին են ունենալու։ Փաշինյանի մասնաբաժինը սկզբում՝ Արցախի, հետո՝ Արցախի անվտանգային ճարտարապետության  լուծարումից մինչև օրս իշխանության պահպանումն է։

Նույն սկզբունքով նա գնում է նաև Հայաստանի Հանրապետության լուծարմանը՝ հաշվարկով, որ սնանկացման կառավարչի իր ժամանակավոր կարգավիճակը փոխարինելու է արդեն այլոց պատկանող տարածքի մշտական վերակացուի պաշտոնով։ Հայաստանի հանրությունը դեռևս հաշտ է լուծարումների այս շարքի հետ։ Ունեցվածքը կորցրած ու սնանկության կառավարչի կողմից փշրանքների սպասող ձախողված սեփականատիրոջ նման։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս