Եթե այս վառոդի տակառը պայթեց, Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվելու են. Արամ Շահնազարյան
Հայ-իրանական սահմանի հետ կապված Իրանի մտահոգությունները չեն փարատվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփ-Ալիև-Փաշինյան համատեղ հռչակագրի ստորագրումից և Սյունիքի տարածքում «Թրամփի ուղի» կոչվող ծրագրի իրականացման մասին հայտարարելուց հետո։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում այս մասին նշեց Թեհրանում տպագրվող հայկական «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը՝ խոսելով հայ-իրանական հարաբերությունների և երկու երկրների ներկա մարտահրավերների մասին։

Նաև հավելեց, որ Իրանում «Թրամփի ուղին» անվանում են «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»։
«Պաշտոնական մակարդակով թե՛ Իրանի դեսպանի, թե՛ նաև Թեհրանում արված հայտարարությունները դիվանագիտական մակարդակի հայտարարություններ են եղել։ Այդուհանդերձ, հենց պաշտոնական մակարդակով էլ հաճախ հնչում է այն տեսակետը, որ, այո՛, մեզ փորձում է Հայաստանի Հանրապետությունը՝ Երևանը, համոզել, որ վտանգ չի սպառնում, բայց մենք դեռ ունենք որոշակի վերապահումներ։
Իսկ այդ վերապահումները երբ տեղափոխում ենք փորձագիտական դաշտ, շատ հստակ գրված են այդ մտահոգությունները, փորձագիտական շրջանակներն անընդհատ ահազանգում են այն մասին, որ եթե այս «միջանցք» կոչվածը, այնուամենայնիվ, կյանքի կոչվի, դրա հետևանքներն աղետաբեր են լինելու Իրանի համար անվտանգության, տնտեսական շահի և մանավանդ Հարավային Կովկասում իր ներկայության առումներով»,- մեկնաբանեց Արամ Շահնազարյանը։
«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիրը շեշտեց՝ Իրանի «կարմիր գծերը», որոնց մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ ընդգծելով, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում, չեն փոխվել այս հարցում, և դրանք ընկած են Իրանի տարածաշրջանային քաղաքականության հիմքում։

Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակին՝ իրանահայ գործիչն արձանագրում է, որ Հայաստանի անկախացումից ի վեր հայ-իրանական հարաբերություններում գոյություն ունեցող հսկա ներուժը մինչ օրս ամբողջությամբ չի իրացվել, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկու կողմից էլ, հատկապես՝ պաշտոնական Երևանի կողմից, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել դրանք ցանկալի մակարդակի և յուրացնել առկա հսկայական ներուժը։
Շահնազարյանն ընդգծում է՝ Իրան-Հայաստան հարաբերությունները բնականորեն պետք է շարժվեն դեպի ռազմավարական հարաբերությունների հաստատում, և դրա համար կան բոլոր նախադրյալները, քանի որ Իրանի և Հայաստանի մարտահրավերներն ու անվտանգության խնդիրները տարածաշրջանում մեծ մասամբ համընկնում են և նույնն են, և սա ենթադրում է, որ երկու պետությունները պետք է համատեղ ուժերով դիմակայեն այդ մարտահրավերներին և չեզոքացնեն դրանք։ Եվ հետաքրքիր է, որ Իրանի փորձագետներն արդեն իսկ հայտարարում են Իրանի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին։
Բայց այստեղ մի շատ կարևոր հարց կա, թե կողմերը՝ Փաշինյանի վարչախումբն ու պաշտոնական Թեհրանը, ինչպես են դիտարկում այդ մարտահրավերները։ Արամ Շահնազարյանը շեշտում է՝ կա թուրք-ադրբեջանական դաշինքի դերակատարության կտրուկ աճ Կովկասում, որն ուղղակի սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գոյության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար և լուրջ մարտահրավեր է նաև Իրանի համար։
Այն նվազագույնի է հասցրել Իրանի դերակատարումը Հարավային Կովկասում և լուրջ մարտահրավերներ է առաջացնում Իրանի համար, այդ թվում՝ հաղորդակցության ուղիների առումով։
Եվ ինչպես փաստում է Արամ Շահնազարյանը՝ Սյունիքով տրվող ճանապարհը, որն Ալիևն անվանում է «Զանգեզուրի միջանցք», իսկ Վաշինգտոնի հռչակագրում նշվում է «Թրամփի ուղի» կամ TRIPP անունով, իրանցի փորձագետները շատ հստակ անվանում են «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»։
«Սա շատ հստակ բանաձևում է, որովհետև ենթադրում է արևմտյան ուժերի, փաստացի՝ ՆԱՏՕ-ի ներկայություն տարածաշրջանում, թուրքական գործոնի մեծացում տարածաշրջանում, Իրանի շուրջ օղակի սեղմում, Իրանի կապը հյուսիսի հետ կտրելու փորձ, և այս ամբողջը շատ լուրջ անվտանգային մարտահրավերներ է առաջացնելու Իրանի համար։
Սա ենթադրում է, որ երկու կողմը տրամաբանորեն պիտի համագործակցեն միասին այս թեմայի շուրջ, բայց, ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ հենց այս միջանցքի, տարածաշրջանում թուրք-ադրբեջանական գործոնի ակտիվացման, Իսրայելի գործոնի անուղղակի կամ ուղղակի ամրապնդմանն այս տարածաշրջանում, Արևմուտքի առավելագույն ներգրավման հարցերին Հայաստանի գործող իշխանությունները այլ ակնոցով են նայում, և սա խնդիրներ է առաջացնում»,- մեկնաբանեց Արամ Շահնազարյանը։

Իրանահայ գործիչն այս համատեքստում համաձայնեց այն տեսակետին, որ Իրանի շուրջ «օղակի սեղմումը» սկսվել է Արցախի բռնազավթումով և անկումով։
«Սա այդ պլանի մի մասն էր։ Առանց Արցախի բռնազավթման՝ «Թրամփի ուղին» կամ, ինչպես Իրանում են այն անվանում՝ ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը, չէր կարող կյանքի կոչվել, ձգվել դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստանի արևելյան սահմաններ, շրջապատել Ռուսաստանը, կտրել կապը Չինաստանի և իր ռազմավարական դաշնակիցների հետ, Իրանի շուրջ օղակը սեղմել։ Առանց Արցախի կորստի՝ դա տեղի չէր ունենալու։ Ցավոք սրտի, չկա Արցախը, և ստեղծվել են նման մարտահրավերներ, որոնք ունեն տարածաշրջանային, ինչո՞ւ չէ, նաև գլոբալ աշխարհաքաղաքական նշանակություն»,- նշեց Արամ Շահնազարյանը։
Անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը՝ Արամ Շահնազարյանը պարզաբանեց, որ Իրանի և Իսրայելի միջև այժմ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակ է։
Նրա խոսքով՝ նոր պատերազմն ամեն վայրկյան կարող է սկսվել, թեև մեր զրուցակիցը մոտ ապագայում դա քիչ հավանական է համարում։ Բայց, որ առավել հատկանշական է՝ իրանա-իսրայելյան նոր հակամարտությունը լուրջ վտանգ է պարունակում նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության համար.
«Պատերազմի վտանգը դեռ չի վերացել, ամեն վայրկյան կարող է տեղի ունենալ, բայց գործնականում ես չեմ տեսնում պատերազմի հնարավորություն մոտ ապագայում։ Բոլորը գիտակցում են, որ սա այն վառոդի տակառն է, որ եթե կայծքարը հարվածեց, պայթելու է, և դա չի սահմանափակվելու միայն Իրանով ու Հայաստանով. տարածվելու է ամբողջ տարածաշրջանում, բոլորն են տուժելու դրանից։
Եթե Իրանի դեմ 12-օրյա պատերազմը թեժանար, եթե ինչ-որ սահման անցներ այդ պատերազմը, չեմ կասկածում, որ Ադրբեջանը և Թուրքիան առիթը բաց չէին թողնելու Սյունիքի հարցը մեկընդմիշտ լուծելու, ՀՀ հարավային շրջանները բռնազավթելու, բռնակցելու և ընդհանրապես հայկական պետականության հարցը լուծելու։ Դա իրենց նպատակն է, չպետք է կասկածել, ու փորձելու են ամեն գնով դա իրականացնել։ Այդ օրերին այդ վտանգը գոյություն ուներ և հիմա էլ գոյություն ունի։ Եթե այս պատերազմը սկսվի, և ավելի բուռն պատերազմի ականատես լինենք, այդ վտանգը գոյություն ունի, քանի որ Իրանը կենտրոնանալու է մեկ ճակատի վրա»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
