Եվրոպական 15 երկրներ պաշտպանական ներդրումների ծրագրի միջոցով Ուկրաինային օգնելու պատրաստակամություն են հայտնել
Եվրամիության՝ պաշտպանական ներդրումների համատեղ ծրագրի շրջանակում վարկավորվելու հայտ ներկայացրած 19 երկրներից 15-ը նախատեսում են օգնել Ուկրաինային. հայտնել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թոմա Ռենիեն։
Նա չի պարզաբանել, թե որքան է կազմելու այս ծրագրի միջոցով Ուկրաինային տրամադրվելիք աջակցության չափը, նշելով միայն, որ խոսքը ոչ թե միլիոնների, այլ միլիարդների մասին է, ինչն, ըստ նրա, վկայում է ուկրաինական կողմին ցուցաբերվող ծանրակշիռ աջակցության շարունակականության մասին։Բրյուսելում դեկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցի ընթացքում Ռենիեն գաղտնիության նկատառումներով չի հրապարակել նաև Ուկրաինային աջակցություն չնախատեսած 4 երկրների անվանումները։
Բանախոսը տեղեկացրել է, որ ուսումնասիրվելուց հետո անհրաժեշտ պայմաններին համապատասխանող ծրագրերը ներկայացվելու են ԵՄ խորհրդի գնահատմանը։ Վերջինիս կողմից հաստատվելուց հետո ծրագրերը կֆինանսավորվեն և կիրականացվեն։
Նշվել է, որ Եվրահանձնաժողովն արդեն ստացել է բոլոր ծրագրերը, որոնց գնահատումը նախատեսում է ավարտել դեկտեմբերին կամ 2026 թվականի սկզբին։

