Ողջունում եմ և հենց այսօր կհրավիրեմ այդ եպիսկոպոսներին հանդիպման. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր մտադիր է հանդիպում խնդրել այն եպիսկոպոսներից, ովքեր, իբր, միացել են Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հայտարարությանը։ Այս մասին նա հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Նշենք, որ ճեպազրույցի մեկնարկից մոտ 10 րոպե առաջ մերձիշխանական ԶԼՄ-ները հայտարարություն տարածեցին, ըստ որի՝ նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի փորձագիտական եզրակացություն իրականացնելու համար։
Եզրակացությունը, իբր, հաստատել է տեսանյութերի իսկությունը, սակայն «Ամենայն հայոց կաթողիկոսն առ ոչինչ է համարել այն»։
Հայտարարությունը ստորագրած 13 եպիսկոպոսներ դատապարտում են կաթողիկոսի որոշումը և պահանջում վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը։
«Որդիական խոնարհությամբ և նախանձախնդրությամբ եմ ընդունել այդ հայտարարությունը։ Որպես պետության կառավարության ղեկավար` վճռականությամբ և հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը։
Կարծում եմ, որ այն նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում։ Ես, իհարկե, սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որ նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները` հայտարարությունից բխող, ավելի մանրամասն հասկանամ»,- ասաց Փաշինյանը։
Լրագրողներից մեկը հարց ուղղեց Փաշինյանին, թե որքանո՞վ է ընդունելի, որ հայտարարությանը միացել են նաև այնպիսի հոգևորականներ, որոնց բարեվարքության մասին ևս տարբեր տեղեկություններ են շրջանառվում. մասնավորապես հիշատակեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին և Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քյարամյանին։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիների անձնական գործերը չի ստուգում. «Մայր աթոռն ազատագրելու գործին կարող է մասնակցել Հայ առաքելական եկեղեցու ցանկացած հետևորդ, որը մկրտված է եկեղեցում»։

