30 տարի ագրեսիայի աղբյուրը եղել է Ադրբեջանը, տարօրինակ է, որ իշխանական դեմքերը, Պաշտպանության նախարարը փորձում են Ադրբեջանին համոզել՝ որևէ ագրեսիայի չենք նախապատրաստվում. Տիգրան Աբրահամյան
Հինգ տարի առաջ այս օրերին՝ 2020թ. նոյեմբերի 25-ին, նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ադրբեջանին հանձնվեց Քարվաճառը, և դրանից մեկ օր հետո ադրբեջանական կողմը մտել էր Սոթքի հանքի հատված: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե իրականացվում են սահմանազատման աշխատանքներ. «Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հենց սահմանազատման արդյունքում ճշգրտված սահմաններով են տեղակայելու իրենց մարտական հենակետերն ու իրականացնելու մարտական հերթապահություն»:
Արդեն 2020թ. դեկտեմբերին ադրբեջանական կողմին հանձնվեց Գորիս-Կապան մայրուղու մի հատվածը, և Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ, Սյունիքից հայկական զորքը հետ քաշվեց: Այսինքն, սահմանի ճշգրտումներ սկսել են կատարվել անմիջապես 44-օրյա պատերազմի ավարտից հետո: Բայց արի ու տես, որ 2021-2022թթ. ադրբեջանական կողմը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, և Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում դեռ նորից պիտի սահմանազատում և սահմանագծում լինի:
Վերջերս էլ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ մենք 110 կմ դեռ Ադրբեջանի տարածքում ենք։
Ո՞ւր է այս ամենը հասցնելու ՀՀ անվտանգությունը, այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:
– Ամեն անգամ, երբ ՀՀ իշխանությունը ներկայացնող անձանցից մեկը նմանօրինակ հայտարարություն է անում, որ մենք էլ ադրբեջանական տարածքներ ունենք մեր վերահսկողության տակ, առաջին միտքը, որ հասարակության շրջանում ծագում է, դա այն է՝ նորից պատրաստվում են տարածք տալ: Որովհետև, որպես կանոն, նախ համապատասխան տեղեկատվական ապահովում են իրականացնում, և հետո քաղաքական հայտարարություն են անում: Նույնը եղել է Որոտան-Շուռնուխ ճանապարհի, Տավուշի հայտնի գյուղերի հետ կապված:
Ինչ վերաբերում է սահմանազատմանը, ապա այս 4-5 տարիները ցույց են տվել, որ Ադրբեջանն ունի իր համար օրակարգ, առաջնահերթ ուղղություններ, բայց ՀՀ իշխանություններն ամեն անգամ որևէ զիջում իրականացնելիս, դա ներկայացնում են՝ որպես սահմանազատում: Մինչդեռ նրանով, ինչով առաջնորդվում է Ադրբեջանը, դրանք տարբեր քարտեզներ, փաստաթղթեր են, որոնց մի մասը չունի հիմնավորվածություն, մի մասն ադրբեջանական պատկերացումների ներքո է: Եվ ստացվում է այնպես, որ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները կուլիսների հետևում այս կամ այն տարածքի վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերում և դա ներկայացնում սահմանազատման անվան տակ:
– Այս օրերին քննարկումների օրակարգում են հայ և ադրբեջանցի փորձագետների փոխայցերը, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ հայ հասարակությանն ուղղված ուղերձները, որ պատերազմն այլևս ավարտված է, հակամարտությունը` կարգավորված։ Այդպե՞ս է, ինչո՞ւ Փաշինյանի ընդդիմախոսները չեն ուզում խաղաղություն, նման շփումների հաստատում, ինչպես պնդում են իշխանական շրջանակները:
– Իշխանությունն ունի քաղաքական որոշում, որը մի փուլում արտահայտվել է՝ Արցախի, մեկ այլ փուլում՝ ՀՀ տարածքների՝ Ադրբեջանին հանձնմամբ, և դա տարբեր շերտերով որպես արդարացում՝ փորձ է արվում ներկայացնել և՛ ներսում, և՛ դրսում: Մի շերտը դա քաղաքական մակարդակն է, իշխող ուժի տարբեր դեմքերի հայտարարությունները, մյուս մակարդակը՝ իշխանամերձ և իշխանության վերահսկողության տակ գտնվող մեդիան, որը գաղափարական կրողն է այս ամենի, մեկ այլ հարթություն էլ, այսպես կոչված, քաղհասարակությունն է, որը դասական առումով քաղհասարակության հետ որևէ կապ չունի, և որի միջոցով իշխանությունը փորձում է առաջ մղել իր քաղաքական մոտեցումները:
Այս համատեքստում պետք է նշել, որ կոնֆլիկտի մեկնարկից ի վեր տարբեր փուլերում տարբեր ֆորմատներով հանդիպումներ տեղի ունեցել են՝ երկկողմ, եռակողմ, լրագրողների, փորձագետների, մշակութային և հասարակական դեմքերի միջև: Բայց գլխավոր խնդիրն այն է՝ այդ հանդիպումներում Հայաստանն ի՞նչ տեսակետ է ներկայացնում, արդյո՞ք պաշտպանում է իր երկրի շահերը, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունը՝ ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ՝ մնացածներում, ունի մեկ նպատակ՝ ապահովել իր արած զիջումների արդարությունը, և հանրությանը դրանք ներկայացնել կամ անխուսափելի, կամ էլ՝ այս կամ այն գործընթացի տրամաբանություն, ինչն իրականության և պատմական փաստերի հետ որևէ կապ չունի:
– Հայաստանի շուրջ կա՞ վտանգ, և եթե այո, կոնկրետ ի՞նչ վտանգ:
– Հայաստանի շուրջ կամ Հայաստանի գլխին կախված սպառնալիքը պայմանավորված է կատարված զիջումներով, առաջ մղվող արտաքին օրակարգով, քանի որ այդ զիջումները ոչ միայն կոնկրետ այդ պահին, այլև հաջորդիվ՝ առաջիկա տասնամյակներում, բավականին ծանր իրավիճակ են ստեղծելու Հայաստանի համար՝ սկսած ՀՀ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի մխրճված հատվածներից մինչև քաղաքական պայմանավորվածություններ, որոնք ամրագրում և վավերացում են ստանում: Եվ սա՝ անկախ նրանից, թե այդ պահին ով կլինի իշխանությունը, ինչպիսի օրակարգ նա կունենա:
Այսինքն, այս ամենն ապահովելու է ադրբեջանական և թուրքական գերակայություն մեր տարածաշրջանում, և Հայաստանին ինքնուրույն որոշում կայացնելուց պարզապես զրկելու են, իսկ սրանից ձերբազատվելը դառնալու է լուծ հաջորդ սերունդների համար:
– Ձեզ համար ընկալելի՞ է «պաշտպանունակ բանակ» եզրույթը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասում է` «մարտունակ» և «պաշտպանունակ» եզրույթները չեն հակասում իրար, բայց այսօր «պաշտպանունակ» եզրույթն ավելի ճիշտ է կիրառելը: Գուցե դասական իմաստով մարտունակ բանակ են ստեղծում և մի շարք հանգամանքներից ելնելո՞վ չեն բարձրաձայնում։ Ի դեպ, Պապիկյանն օրերս անձամբ ընդդիմադիր պատգամավորներին հրավիրեց ծանոթանալու ձեռք բերված նոր սպառազինությանը, ինչո՞ւ չեք գնում տեսնելու։
– Այս երեք տասնամյակի ընթացքում ագրեսիայի աղբյուրը եղել է Ադրբեջանը, որն Արցախյան առաջին պատերազմում, 2016թ.Ապրիլյան մարտական գործողություններում, 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ապահովել է Հարավային Կովկասի անկայունությունը, և զրկել է մեր տարածաշրջանի ժողովուրդներին անվտանգության զգացումից: Ինձ համար շատ տարօրինակ է, որ ՀՀ իշխանության տարբեր դեմքեր՝ երկրի ղեկավարման բուրգում կանգնած կամ Պաշտպանության նախարարի կարգավիճակում, ուզում են Ադրբեջանին համոզել, որ իրենք որևէ հարձակում չեն գործել, որևէ ագրեսիայի չեն նախապատրաստվում, և այլն:
Ես կարծում եմ, որ նաև միջազգային ընկալման տեսանկյունից նման անհրաժեշտություն չկա և չի էլ կարող լինել: Հայաստանի իշխանությունն արհեստականորեն է մտցնում բանակի պաշտպանունակության, մարտունակության հետ կապված այդ տերմինաբանությունը, և հանրությանը փորձում է տանել լրիվ այլ քննարկումների դաշտ: Նորմալ կառավարության պայմաններում ՀՀ-ն պիտի ունենա զինված ուժեր, որոնք կարող են ցանկացած պահի լուծել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Իսկ մնացած տերմինաբանական տարբեր ճարպիկ դասավորությունները խնդրի բուն էության մասին չեն խոսում:
– Տպավորություն է, որ իշխանությունն այս անգամ ևս նախընտրական շեշտը բանակի և անվտանգության վրա է դնելու, և դա ընդունվում է հանրության կողմից, ի՞նչ ունի առաջարկելու ընդդիմությունը, այսօր չի՞ պարտվում այս առումով Նիկոլ Փաշինյանին:
– Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի PR-արշավ կիրականացնի իշխանությունը, զինված ուժերի կամ անվտանգության հետ կապված, կարծում եմ, ամեն դեպքում, հասարակությանը չպետք է թերագնահատել, նա իր դատողություններն անելու է ոչ թե իրեն ներկայացվածից, այլ վերջին 7 տարում կատարված քայլերից և գործողություններից:
Մեր հասարակությունը տեսել է՝ ինչ են նրանք խոստացել 2018 թվականին, ինչ են արել 2018-2020 թվականների ժամանակահատվածում, ինչ եղավ մեզ հետ 44-օրյա պատերազմում, ինչպես Ադրբեջանը 2021-2022 թվականներին ագրեսիայի ենթարկեց Հայաստանի Հանրապետությունը և այլն: Այսինքն, իշխանությունն անվտանգության մասով ինչ էլ ներկայացնի, կարծում եմ, հասարակությունը գիտի՝ ինչի է ընդունակ այս իշխանությունը:
– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ իշխանական պատգամավորները չեն ցանկանում ծանոթանալ Քննիչ հանձնաժողովի զեկույցին, անգամ Փաշինյանը հորդորեց գնալ և կարդալ: Իհարկե, նաև զգուշացրեց՝ 6 հատ նման հանձնաժողով էլ լինի, իր ասածից ավելի ինֆորմացիա չեն կարող հավաքել։
– Իշխանական պատգամավորների ճնշող մեծամասնությունը չունի անհրաժեշտ գիտելիք, շատերի դեպքում նաև հնարավորություններ՝ վերլուծական առումով գնահատելու այդ զեկույցում ընդգրկված փաստերը, եզրահանգումները:
Երկրորդ, ՔՊ քաղաքական թիմն իրականում գիտի, թե ինչ կարող է այդ զեկույցում գրված լինել, և նպատակը ոչ թե ճշմարտությանը ծանոթանալն է, այլ ի սկզբանե խնդիրը եղել է պատերազմի հանգամանքների խեղաթյուրումը, որոնք նրանք իրենց հանրային խոսույթում փորձում են իրացնել: Դեռ չեմ խոսում նաև այն մասին, որ նրանք ևս գիտակցում են՝ այդ զեկույցը չի տալիս հանրային հնչեղություն ունեցող հարցերի պատասխանը, ուստի դրան ծանոթանալու որևէ խնդիր իշխանական պատգամավորները չեն դնում:
– Դուք այն գործիչներից եք, ով անընդհատ ասում է, որ 44-օրյայի ժամանակ աշխատած բարձրաստիճան զինվորականությունը, ռազմական ղեկավարությունը պետք է խոսի։ Իսկ դա ի՞նչ կարող է փոխել, բացի այն, որ կալանավորների թիվը կավելանա, իհարկե, ինչ-որ բաներ կիմանանք, բայց…
– Թեև շատ զինվորականներ, հատկապես բարձրաստիճան, կարծում են, որ իրենց խոսքն այս պահին կարող է իր նպատակին չծառայել, հաշվի առնելով, թե ինչ ուժ է իշխանության, սակայն, կարծում եմ, որ և՛ բարոյական, և՛ քաղաքական առումով կարևոր է, որպեսզի հանրությունն այդ ժամանակվա ռազմական ղեկավարությունից, պաշտոններ զբաղեցրած և զորամիավորումներ ղեկավարած հրամանատարներից իմանա՝ ինչ է իրականում տեղի ունեցել:
Հիմա այդ մարդիկ մեծամասամբ հետ են քաշվել, իշխանությունն այս 5 տարվա ընթացքում թեման ներկայացրել է՝ ըստ իր նախասիրությունների և քմահաճույքների, ընդ որում, զոհաբերելով հենց այն նույն զինվորականներին, որոնք տարբեր պատճառներով չեն խոսում: Ու սրա արդյունքում հանրությանը մատուցվել և մատուցվելու է խեղաթյուրված պատկեր:
Իհարկե, կան դաշտում գործող գործիչներ, փորձագետներ, լրագրողներ, որոնք փորձում են ինչ-որ կերպ ինչ-որ դրվագներով իրականությունը ներկայացնել: Բայց բարձրաստիճան զինվորականները կարող են կարևոր դեր խաղալ ոչ միայն իրենք իրենց խղճի առաջ պատասխանատու լինելու առումով, այլև պատասխան տալու բոլոր այն մայրերին, ընտանիքներին, որոնց զավակներին զորակոչել են, պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հրաման են տվել, որոնց զավակները նաև զոհվել են: Եվ այս հանգամանքը բավարար է, որ այդ զինվորականները խոսեն:

