Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության ամերիկյան ծրագիրը վերջնական տեսքի բերելու համար դեռ աշխատանք կա անելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ 28 կետից բաղկացած ամերիկյան առաջարկի կետերի թիվը նվազել է, և ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելուն ուղղված ծրագրում շատ տարրեր հաշվի են առնվել։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար դեռ աշխատանք կա անելու։
Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։«Այսօր (խմբ.՝ նոյեմբերի 24-ին) մեր պատվիրակությունը վերադարձավ Ժնևից՝ ամերիկյան կողմի և եվրոպացի գործընկերների հետ բանակցություններից հետո: Այժմ պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլերի ցանկը կարող է դառնալ իրագործելի: Այս պահի դրությամբ, Ժնևից հետո, կետերն ավելի քիչ են, այլևս 28-ը չեն, և այս շրջանակում հաշվի են առնվել շատ ճիշտ տարրեր», – նշել է նա:
Զելենսկու խոսքով՝ դեռևս կա աշխատանք, որ «մենք բոլորս միասին պետք է անենք» փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար, ինչը «մարտահրավերներով լի է»։ «Մենք գնահատում ենք, որ աշխարհի մեծ մասը պատրաստ է օգնել մեզ, և որ ամերիկյան կողմը դրան մոտենում է կառուցողականորեն», – նշել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին հայտնել է, որ Ժնևից Ուկրաինա վերադարձած թիմն իրեն զեկուցել է քայլերի նոր նախագծի մասին։
«Ես զգայուն հարցերը կքննարկեմ նախագահ Թրամփի հետ: Ուկրաինան երբեք խոչընդոտ չի լինի խաղաղության համար. սա մեր սկզբունքն է, ընդհանուր սկզբունքը, և միլիոնավոր ուկրաինացիներ հույսը դնում են արժանապատիվ խաղաղության վրա և արժանի են դրան: Մենք ամեն ինչ կանենք դրա համար և պատրաստ ենք աշխատել որքան հնարավոր է արագ», – եզրափակել է նա:
Ուկրաինայի և Միացյալ նահանգների ներկայացուցիչները նոյեմբերի 23-ին Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շուրջ, ամերիկյան 28 կետից բաղկացած առաջարկը որոշ փոփոխությունների է ենթարկվել:

