Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ ինֆորմացիոն ու հոգեբանական պատերազմների համակարգող Հաջիևը Հայաստանում «հայերի հետ ուղիղ խոսելու» անհատական օգտագործման ռետրանսլյատոր-հաղորդիչ ունի արդեն. Աբրահամյան
Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ ինֆորմացիոն ու հոգեբանական պատերազմների ճարտարապետ ու համակարգող Հիքմեթ Հաջիևը Հայաստանի Հանրապետությունում «հայերի հետ ուղիղ խոսելու» անհատական օգտագործման ռետրանսլյատոր-հաղորդիչ ունի արդեն։
Գեղեցիկ ինֆորմացիոն ալիբիներ և ապակողմնորոշումներ ստեղծելու մատչելի ու որակով տարբերակ։
Դե, բնականաբար, արևմտյան ադրբեջանցիների «մեծ վերադարձի» համար այս ենթակառուցվածքների ստեղծումն ու գործածումն էական նշանակություն ունի։
Բարոյահոգեբանական (ոչ կինետիկ) պատերազմն ազերիներն ուղղակի փայլուն են վարում։
Ժամանակին՝ 2019-ին, ՆՓ-ն էլ էր փորձեց ուղիղ խոսել ադրբեջանցի ժողովրդի հետ։ Տեսանք, թե ինչպես իրեն հասկացրեցին, թե նա ով է։
Ադրբեջանի պատերազմը ոչ հասուն, բարոյականությունից ու գիտելիքից ակնհայտ կաղող ժողովրդի դեմ, որն այս փուլում կոչվում է «խաղաղության գործընթաց», բնականաբար, չփոխելով իր զրոյական հաշվով խաղի խորքային տրամաբանությունը, մտնում է ուղիղ միակողմանի ազդեցության պրոյեկտման շրջան։
Այն ինձ հիշեցնում է Ռադյարդ Կիպլինգի «Կիմ» աշխատությունում արված փայլուն ձևակերպումը. When everyone is dead, the Great Game is finished. Not before».

