Թրամփին չեն հրավիրել ԱՄՆ նախկին փոխնախագահի հուղարկավորությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ստացել նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի հուղարկավորությանը մասնակցելու հրավեր: Այս մասին հաղորդում է Axios-ը։
Ինչպես նշում են լրագրողները, ԱՄՆ գործող նախագահները սովորաբար մասնակցում են պետության նախկին ղեկավարների և նախկին փոխնախագահների հուղարկավորություններին, սակայն Չեյնի ընտանիքի հարաբերությունները Թրամփի հետ զգալիորեն սրվել են 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձություններից և Կապիտոլիումի գրոհից հետո։
Ավելին, լարվածությունը սրվել է Թրամփի և նախկին փոխնախագահի դստեր՝ նախկին կոնգրեսական Լիզ Չեյնիի միջև երկարատև քաղաքական բախման պատճառով։
Ամերիկացի քաղաքական գործիչը մահացել է նոյեմբերի 4-ին, 84 տարեկան հասակում: Ըստ Punchbowl-ի տվյալների՝ մահվան պատճառը թոքաբորբի և սրտանոթային հիվանդությունների բարդություններն են եղել:
Չեյնին ծառայել է որպես պաշտպանության նախարար Ջորջ Բուշ ավագի օրոք և որպես փոխնախագահ՝ նրա որդու՝ Ջորջ Բուշ կրտսերի օրոք։

