Բաժիններ՝

Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքները

Նոյեմբերի 18-ին «Ինժեներական քաղաքում» ամփոփվեցին Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները։ Այս տարի ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան, նշելով իր 20-ամյակը, միավորել էր աշխարհի տարբեր ծայրերից ժամանած լավագույն երիտասարդ մասնագետների՝ ներկայացնելու իրենց գիտելիքներն ու պայքարելու գլխավոր մրցանակների համար։

Ucom-ը կրկին հանդես է եկել որպես միջոցառման գլխավոր աջակից՝ խթանելով բարձր տեխնոլոգիական կրթության զարգացումը, երիտասարդ ինժեներների համայքնի ձևավորումը և միկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը։

Առաջին փուլին, որը կազմակերպվել էր 20 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՄԷ-ում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Էկվադորում, Հնդկաստանում, Իսրայելում, Իտալիայում, Իրանում, Լեհաստանում, Լիբանանում, Հորդանանում, Շրի Լանկայում, Պորտուգալիայում, Պերուում, Ռուսաստանում, Վիետնամում և Ֆրանսիայում, մասնակցել է 1,088 ուսանող: Նրանցից 34-ն անցել էին եզրափակիչ՝  երկրորդ փուլ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Երևանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ի Ուսումնական դեպարտամենտում: Եզրափակիչ փուլ անցածներից 14-ը ներկայացնում էին Հայաստանը:

Առաջին մրցանակը Ալի Ռազմեզանիին՝ Արաբական Միացյալ Էմիրություններից շնորհվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի կողմից։  Երկրորդ մրցանակը Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից շնորհվեց Հայկուշ Պետրոսյանին՝ Հայաստանից, ևս մեկ երկրորդ մրցանակ՝ Իրանից Մուհամադ Հասան Ամոլիին հանձնվեց Digitain-ի փոխտնօրեն Մարտին Մարտիրոսյանի կողմից։

Երկու երրորդ մրցանակները շնորհվեցին Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, UEICT-ի նախագահ, Unicomp-ի տնօրեն Արմեն Բալդրյանի կողմից Շրի Լանկայից Ռամեշկումար Ռաջինթանին և Ռուսաստանից Յուրի Տոմաշչուկին։  «Լավագույն արդյունք Հայաստանից» մրցանակը՝ ի պատիվ Արման Ճաղարյանի հիշատակի, հանձնվեց Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ և Synopsys Armenia-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանի կողմից՝ Հարություն Կարապետյանին Հայաստանից։

«Ucom-ում մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող  է լինել տեխնոլոգիական առաջընթացի կենտրոն։  Այս օլիմպիադան ապացույցն է, որ մեր երկիրը կարող է միավորել տաղանդներ աշխարհի տարբեր ծայրերից ու ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կարողանում են աճել և մրցել գլոբալ մակարդակում։ Ուրախ եմ անձամբ  մրցանակ հանձնել հաղթողներին՝ որպես նշան այն վստահության, որ այս երիտասարդները ոչ միայն խնդիրներ են լուծում, այլև ձևավորում են ապագան», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Երկու տասնամյակ շարունակ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմակերպումը Հայաստանում փաստում է մեր երկրի գերազանցությունը միկրոէլեկտրոնիկայի  ոլորտում  և նորարարների հաջորդ սերնդին հզորացնելու մեր հանձնառությունը։ Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներիում անցկացված օլիմպիադայի առաջին փուլի հաղթողների ժամանումը Հայաստան՝  օլիմպիադայի եզրափակիչ փուլին և մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, ընդգծում է մեր երկրի ակնառու տեղն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա», – նշել է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

«Օլիմպիադան դարձել է հարգված և լայնորեն ճանաչված միջոցառում աշխարհի բազմաթիվ երկրներում: Երիտասարդ մասնագետները անհամբեր սպասում են օլիմպիադային մասնակցությանը, և նախապատրաստման գործընթացն ինքնին խորացնում է նրանց փորձառությունը», – ասաց Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի ՈՒսումնական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:

ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան, հիմնվել է 2006 թվականին Synopsys ընկերության նախաձեռնությամբ և կազմակերպվում է Սինոփսիս Արմենիայի կողմից՝ IEEE միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի IEEE TTTC)-ի հետ համագործակցությամբ, որն ի նպաստ մարդկության տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված աշխարհի ամենամեծ տեխնիկական մասնագիտական կազմակերպությունն է։ Օլիմպիադան միջազգային հարթակ է մինչև 30 տարեկան մասնագետների համար։ Այն միտված է խթանելու երիտասարդների հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ, բացահայտելու նոր տաղանդներ և ձևավորելու գիտելիքահեն, համագործակցության վրա կառուցված գլոբալ ճարտարագիտական համայնք։

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կայքը։

«Յուքոմ» ՓԲԸ                                                             

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս