Հայաստանի ԱԳ նախարարն ու Վրաստանի նախագահը քննարկել են երկկողմ գործընկերության օրակարգի հարցեր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Թբիլիսիում հանդիպել է նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգի հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանին և Վրաստանին միավորում են ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ու ընդհանրությունները, երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքն, ինչպես նաև կայուն տնտեսական կապերը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի։

«Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանն, ընդհանուր տարածաշրջանը: Դրանից կշահի նաև ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությունը»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Նախարար Միրզոյանը հավելել է, որ դրա օրգանական շարունակությունը կլինի Հարավային Կովկասում համագործակցության զարգացումն, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով: Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել այս տեսլականին:

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերության զարգացման կարևոր առաքելության ճանապարհին նոր նախաձեռնությունների կյանքի կոչման, արդի պայմաններում մարտահրավերների հաղթահարման գործում արդյունավետ փոխգործակցության հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս