Սեուլը 150 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ի նավաշինության հատվածում
Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ համաձայնության շրջանակում պարտավորվել է 150 միլիարդ դոլար ներդնել ամերիկյան նավաշինության հատվածում: Այս մասին ասվում է երկու երկրների նախագահներ Լի Չժե Մյոնի և Դոնալդ Թրամփի` հոկտեմբերի 29-ին կայացած երկրորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ տեղեկագրում, որը հրապարակել է Սպիտակ տունը։
«Այս համաձայնագիրը ներառում է Կորեայի կողմից 150 մլրդ դոլարի ներդրում նավաշինության հատվածում, որին հավանություն է տվել ԱՄՆ-ն…. Համաձայնագիրը նաև ներառում է Կորեայի կողմից լրացուցիչ 200 մլրդ դոլարի չափով ներդրումներ, որոնք հատկացվել են Ռազմավարական ներդրումների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին (MOU) համապատասխան, որն, ինչպես սպասվում է, կստորագրեն ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ներկայացուցիչները», – ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության մեջ։
Ըստ Սպիտակ տան՝ այս նախաձեռնությունները թույլ կտան հնարավորինս արագ ավելացնել ԱՄՆ-ի առևտրային նավերի և ԱՄՆ-ի մարտական գործողությունների պատրաստ ռազմանավերի թվաքանակը, ներառյալ Կորեայի Հանրապետությունում ամերիկյան նավերի հնարավոր կառուցումը։
Բացի այդ, Սեուլը պարտավորվել է մինչև 2030 թվականը 25 մլրդ դոլար ծախսել ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա գնելու վրա և 33 մլրդ դոլար հատկացնել Հարավային Կորեայում ԱՄՆ զինված ուժերին աջակցելու համար։
Իր հերթին, ԱՄՆ-ն համաձայնել է հավանություն տալ Հարավային Կորեայի կողմից ատոմային հարձակողական սուզանավերի կառուցմանը, ինչպես նաև համագործակցել վառելիքի մատակարարումների գործում։ Բացի այդ, նշվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է այն գործընթացին, որը կհանգեցնի Սեուլի կողմից ուրանի հարստացման՝ քաղաքացիական նպատակներով, և օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման՝ խաղաղ նպատակներով։
Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնն ընդգծել է Կորեայի Հանրապետությունը պաշտպանելու իր հանձնառությունը՝ Կորեայում ԱՄՆ-ի զինված ուժերի մշտական ներկայության միջոցով։
Երկու երկրների ղեկավարները նաև հաստատել են իրենց հանձնառությունը ԿԺԴՀ-ի միջուկազերծմանը և Կորեական թերակղզում խաղաղության ու կայունության հաստատմանը։

