Բաժիններ՝

Լիտվայի ԱԳ նախարարը հայտարարել է Բելառուսի կողմից հիբրիդային գրոհների մասին

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսը Վաշինգտոնում բանակցություններ է վարել Ջոն Քոուլի հետ, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Բելառուսի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Լիտվայի ԱԳՆ-ն։

Հաղորդվում է, որ Բուդրիսը Քոուլին տեղեկացրել է «օդերևութաբանական փուչիկների օգնությամբ օդային տարածքի շարունակական խախտումների, ինչպես նաև անօրինական միգրացիայի պահպանվող հոսքերի մասին»։

«Չնայած Լիտվայի կողմից ձեռնարկվող բոլոր միջոցներին և միջազգային ճնշմանը, բելառուսական ռեժիմը շարունակում է հիբրիդային գրոհները Լիտվայի դեմ՝ սպառնալիք ստեղծելով միջազգային ավիացիայի անվտանգության համար և սրելով լարվածությունը տարածաշրջանում։ Ուստի հատկապես կարևոր է մեծացնել ռեժիմի վրա ճնշումը և շարունակել խստացնել պատժամիջոցները», – հանդիպման ժամանակ հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարարը, որի խոսքը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Նաև Վաշինգտոն այցի ընթացքում Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների քաղաքականության համակարգումը։ 

«Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են Լիտվայի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության հանգուցային հարցերը՝ անդրատլանտյան և տարածաշրջանային անվտանգությունը, ԱՄՆ-ի զինված ուժերի նշանակությունը Եվրոպայում, համատեղ արձագանքը հիբրիդային սպառնալիքներին, համագործակցությունը ՆԱՏՕ-ում, պաշտպանությունը, էներգետիկան, հետևողական աջակցությունն Ուկրաինային, ինչպես նաև պատժամիջոցների իրագործումն ու համակարգումը», – ասվում է Լիտվայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: 

Հաղորդվում է, որ «ընդգծվել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի և Եվրոպայի գործողությունների համակարգումը շարունակելու անհրաժեշտությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս