ՈՐՈՇՄԱՆՍ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՓՈՇՄԱՆԵԼ, ԲԱՅՑ ԵՂԵԼ Է՝ ՓԱԿՎԵԼ ԵՄ, ԱՐՏԱՍՎԵԼ. ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«Կրթության վիճակը շատ վատ է. ընդհանրապես սովորելու ցանկություն չունեն»,- 168TV-ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ ասաց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ անդրադառնալով երիտասարդ սերնդի մոտիվացիայի խնդրին։
Նրա համոզմամբ՝ այսօրվա երեխաները դժվարություն չեն տեսնում, և հենց դա է առաջացնում անհետաքրքրություն ու պասիվություն։
«Այսօրվա երեխան դժվարություն չի տեսնում ու դրա համար չի մոտիվացվում. մի կողմից մտածում ենք՝ մենք չենք ունեցել, թող մեր երեխաներն ունենան, բայց արդյո՞ք ճիշտ է… ես երեխաներիս մեջ ինքնուրույնություն եմ սերմանում»։

Խոսելով բեմական աշխատանքի մասին՝ Անահիտ Կիրակոսյանն ընդգծում է, որ դերասանի համար կարևոր է ներքին սահման ունենալը․
«Կան կերպարներ, որոնք ես կտրականապես չեմ կերտի, գործողություններ, որոնք չեմ անի, բայց ինձ կերպարանափոխվելը, զարմացնելը դուր է գալիս»։
Նա հավելեց. «Պատնեշն իմ մեջ է. բաց տեսարանների մասով ես չեմ հավատում լիակատար պրոֆեսիոնալիզմին. ինձ չեն կարող համոզել, որ ոչինչ չի կատարվում։ Ես վստահ չեմ, որ դա կառավարելի է, բերում է ինչ-որ քիմիայի»։
Անդրադառնալով ժամանակակից մեդիա դաշտին՝ դերասանուհին նկատեց․
«Բոլորը շտապում են, կանգառ չկա. դրա համար են ռիլերն այդքան արագ տարածվում. այն, ինչ հիմա կատարվում է, շատ վախենալու երևույթ է»։
Նրա խոսքով՝ բլոգերների ներգրավումը կինոյում ևս հետևանք է ժամանակի պահանջի։
«Բլոգերը մեղավոր չէ, որ իրեն հրավիրել են ֆիլմում խաղալու, մենք էլ նայում, տարածում ենք դա. պետք չէ մեղադրել նրան, որ ինքը հասել է այդ դիրքին։ Եթե հիմա ես փռշտամ, մի միլիոն մարդ կնայի, ասմունքեմ՝ չեն նայի, դա ցավ է»։
Անահիտ Կիրակոսյանը հստակ սկզբունքներ ունի նաև աշխատանքում․
«Ես իրականում հեշտ մարդ չեմ, ու ես շատ ունեմ «ինչու»-ներ, և մինչև դրանց պատասխանը չստանամ, ես հանձնարարություն չեմ կատարի։ Ես պիտի կարողանամ իմ երեխաներին բացատրել՝ ինչու եմ ես խաղում այդ կերպարում, հենց չկարողանամ, դա ինձ համար ամոթալի է»։

Դերասանուհին ցավով է նշում, որ այսօր հասարակության մեջ կորել են երբեմնի ջերմ հարաբերությունները․
«Դժվարության ու վատ օրերը ժպիտով ենք հիշում, որովհետև դրա մեջ կային ազնիվ հարաբերություններ, որոնք հիմա չկան… մարդիկ իրարից հեռացել և մեկուսանում են։ Չկա հարևանություն, հիշում եմ՝ մոմի լույսի տակ մայրս դաշնամուր էր նվագում, հարևանները հավաքվում էին, պապաները նարդի էին խաղում, վառարանի շուրջ հայրս ինձ խորհուրդներ էր տալիս»։
Խոսելով հայրենասիրության մասին՝ դերասանուհին նշեց․
«Հայրենիք սիրելն էգոյից դուրս է. հատկապես պատերազմից հետո աշխատել եմ հնարավորինս օգտակար լինեմ. վստահ եմ՝ ասում են՝ գովազդի համար է անում, բայց դա ինձ հետաքրքիր չէ. իմ կյանքի կարգախոսն է՝ ինչ-որ բան անել ինչ-որ մեկի համար»։
Անահիտ Կիրակոսյանը չի խուսափում նաև անձնական կյանքի մասին անկեղծանալուց․
«Ես ապրել ու ապրում եմ իմ կյանքը՝ գիտակցելով, որ այդ կյանքը կարող է բերել նաև ոչ հաճելի անակնկալներ… իմ որոշման համար երբեք չեմ փոշմանել, բայց փակվել եմ, արտասվել, հետո մտածել՝ մի րոպե, երեխայի հետ գործ ունեմ… ուրիշ ծնող էլ կարող էր ունենալ այդ խնդիրը, ուղղակի ինձ համար կրկնակի ծանր է, որովհետև ես չեմ նրանց կենսաբանական ծնողը»։
Դերասանուհու պատմությունները հաճախ հուզիչ ավարտ ունեն․
«Աղջիկս նշանադրված է, մի օր ասաց՝ մամ, էնքան շնորհակալ եմ քեզ, եթե դու չլինեիր, ես էսօր էսքան երջանիկ չէի լինի. դա ինձ համար աշխարհ արժեր»։

Իսկ Մարտի 8-ին ստացած նվերը դարձել է նրա կյանքի ամենաթանկ հուշերից մեկը․
«Դուստրերս բաժակ նվիրեցին, վրան գրված էր՝ ծնողներին չեն ընտրում, բայց մենք ընտրեցինք քեզ, ու դա մեր կյանքի լավագույն ընտրությունն էր… չեմ կարող բացատրել ապրումներս այդ պահին»։
Մանրամասները՝ տեսանյութում։

