Առաջին ընտրությունների պարագայում որոշել ենք հրաժարվել կայուն մեծամասնության սկզբունքից․ Գալյան

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստն այս պահին մշակման ակտիվ փուլում է։ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են լինելու էական փոփոխությունները, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Սկզբունքային մակարդակում կարող եմ նկարագրել փոփոխությունները։ Դրանք կապված են իշխանության թևերի ապակենտրոնացման, զսպման ու հավասարակշռման սկզբունքների հետ։ Մենք խնդիր ունենք մի շարք ոլորտներում ուժեղացնել Ազգային ժողովի լիազորությունները։ Արդեն որոշում ունենք նաև ինչ-որ առումով փոխել ընտրությունների կարգը։ Առաջին ընտրությունների պարագայում որոշում ենք կայացրել հրաժարվել կայուն մեծամասնության սկզբունքից, այսինքն՝ կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից և դա թողնել երկրորդ ընտրություններին, եթե առաջին ընտրությունների արդյունքներով չի հաջողվում մեկ կուսակցության մեծամասնությամբ կամ կոալիցիայի միջոցով ձևավորել խորհրդարան»,- մանրամասնել է Գալյանը։

Նրա խոսքով՝ որոշում է կայացվել գնալ երկրորդ ընտրությունների այն դեպքում, եթե առաջին ընտրությունների արդյունքներով չի հաջողվում մեկ կուսակցության մեծամասնությամբ կամ կոալիցիայի միջոցով խորհրդարան ձևավորել։

Գալյանը պարզաբանել է, որ խոսքն այս դեպքում երկրորդ փուլի մասին չէ, այլ երկրորդ ընտրությունների։ «Երկրորդ փուլի իմաստն այն է, որ դրան մասնակցում են ամենաշատ ձայներ հավաքած ուժերը, իսկ երկրորդ ընտրության դեպքում բոլոր մասնակցելու հնարավորություն կունենան։ Կայուն մեծամասնությունը իր որոշակի դրսևորմամբ մնալու է երկրորդ ընտրություններից հետո, և այս որոշման հիմքում այն գաղափարն է, որ մենք հնարավորինս խուսափենք ընտրական գործընթացների հավերժ շրջապտույտներից»,- պարզաբանեց Գալյանը։

Խոսելով Ազգային ժողովին ավելի լայն լիազորություններ տալու որոշման մասին՝ Գալյանը նշեց, որ սահմանադրական հանձնաժողովի կողմից քննարկվել է հարցը՝ կապված Կառավարության անդամների ընտրության հետ։ Որոշում է կայացվել Կառավարության անդամների և՛ ընտրության, և՛ անվստահություն հայտնելու գործընթացում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին տալ դերակատարում։

Նրա խոսքով՝ այդ պարագայում, օրինակ, Կառավարության անդամի թեկնածուի վերաբերյալ ԱԺ համապատասխան հանձնաժողովը կկարողանա տալ խորհրդատվական եզրակացություն՝ բաց նիստում հարցեր ուղղելով տվյալ թեկնածուին։

Նախարարը նաև նշեց, որ այս պահին Սահմանադրությամբ չկա կարգավորում Ազգային ժողովի ինքնալուծարման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դա ևս հարց է, որը քննարկվել է, ու որոշում է կայացվել ընդունել կարգավորում Ազգային ժողովի ինքնալուծարման վերաբերյալ։

Սրբուհի Գալյանը հավելեց, որ ուժեղացվելու է նաև Ազգային ժողովի վերահսկողությունը՝ կապված Զինված ուժերի կիրառման դեպքերի հետ։ Նախարարը մանրամասնեց, որ կլինի կարգավորում, որ Ազգային ժողովը պետք է տա իր համաձայնությունը, եթե կլինի որոշում Զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս կիրառելու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս