ԱՄՆ-ն կհայտարարի Աբրահամի համաձայնագրերին միացող ևս մի երկրի մասին. Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը
Թրամփի վարչակազմն այսօր երեկոյան կհայտարարի, որ Աբրահամի համաձայնագրերին միանալու է ևս մեկ երկիր. ըստ News.am-ի՝ գրում է Times of Israel-ը:
«Այսօր երեկոյան մենք կհայտարարենք Աբրահամի համաձայնագրերին միացող ևս մի երկրի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին»,- Մայամիի Ամերիկյան բիզնես ֆորումում ունեցած ելույթում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Ուիթքոֆը չի բացահայտել, թե որ երկիրը կմիանա Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորած արաբական և մահմեդական երկրներին, որոնք 2020 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր առաջին ժամկետի ավարտին առաջին անգամ կնքած համաձայնագրերի շրջանակում կարգավորել են Իսրայելի հետ հարաբերությունները։
Այս տարվա մայիսին Ուիթքոֆը Breitbart News-ին տված հարցազրույցում չի բացառել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնման հնարավորությունը՝ նշելով, որ ապագայում կարող են միանալ Հայաստանն ու Ադրբեջանը։
«Ես կանխատեսում եմ, որ համեմատաբար շուտով մենք կտեսնենք Լիբանանում և նույնիսկ Սիրիայում հարաբերությունների կարգավորման ներուժ։ Նրանց կողմից եղել է ուժեղ դրական արձագանք։ Սա կարող է տեղի ունենալ նաև Լիբիայի հետ։
Սա կարող է տեղի ունենալ, և ես խոսում եմ Աբրահամի համաձայնագրերին միացող երկրների մասին։ Դա կարող է լինել Ադրբեջանը կամ Հայաստանը, որտեղ, մենք կարծում ենք, շատ, շատ մոտ ենք այդ երկրների միջև հակամարտության կարգավորմանը՝ վերջնականկարգավորմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կցանկանան միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել էր Ուիթքոֆը։

