Բաժիններ՝

Հունգարիան ոչինչ պարտք չէ Ուկրաինային․ Օրբանը պատասխանել է Զելենսկիին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան ոչինչ պարտք չէ Ուկրաինային․ գրում է Euronews-ը։

Նախօրեին Euronews-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել էր, որ «Օրբանը պետք է ինչ-որ բան առաջարկի Ուկրաինային, որն ամբողջ Եվրոպան պաշտպանում է Ռուսաստանից»։

«Նույնիսկ հիմա՝ այս պատերազմի ժամանակ, մենք նրանից որևէ աջակցություն չենք ստացել», – ասել է Զելենսկին։

Օրբանն, իր հերթին, հերքել է մեկնաբանություններն Ուկրաինայի նախագահի հարցազրույցից կարճ ժամանակ անց հրապարակված հայտարարության մեջ։

«Ես պետք է մերժեմ այն ենթադրությունը, որ Հունգարիան ինչ-որ բան է պարտք Ուկրաինային։ Ուկրաինան չի պաշտպանում Հունգարիային ոչ մեկից կամ ոչնչից։ Մենք նման բան չենք խնդրել և երբեք էլ չենք խնդրի։ Հունգարիայի անվտանգությունը երաշխավորված է իր ազգային պաշտպանական կարողություններով և ՆԱՏՕ-ով, որի անդամ, բարեբախտաբար, Ուկրաինան չէ», – ասել է Օրբանը։

Նա հավելել է, որ Հունգարիան մոտ 200 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրել Ուկրաինային և շարունակում է գազ և էլեկտրաէներգիա մատակարարել պատերազմից տուժած երկրին։

Օրբանը նաև դեմ է արտահայտվել Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը։Հունգարիան չի աջակցում և չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը, քանի որ դա պատերազմ կբերի Եվրոպա և հունգարացիների փողերը կտանի Ուկրաինա», – նշել է Հունգարիայի վարչապետը՝ հավելելով, որ ինքը կնախընտրեր Ուկրաինային տեսնել որպես ԵՄ ռազմավարական գործընկեր, այլ ոչ թե որպես լիիրավ անդամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս