Չեմ կարողանում հասկանալ ԱԺ պատգամավորների հետաքրքրության իմաստը, կոնկրետ ո՞ւմ են ցանկանում «դատի տալ». Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «ՀՀ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորները այսօր ՔԿ նախագահից հերթական անգամ հետաքրքրվում էին հայտնի «կոկաինի գործից», ինչն ըստ էության ունենում է պրովոկացիոն էֆեկտ։ Ասեմ, որ այդ գործով արդեն երկուս ու կես տարի մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի օրինակ՝ ՍՊԸ-ի պահեստապետը, ով որևէ կապ չունի այդ թմրամիջոցի հետ, նրա անմեղության կանխավարկածը նույնիսկ նվազագույն ապացույցներով հաղթահարված չէ, հակառակը՝ ինքն է տարօրինակ բեռի մասին բարձրաձայնել ղեկավարությանը, հրավիրել պահեստ, որպիսի գործընթացը տեսագրված է և արդեն իսկ ԶԼՄ-ներում է հրապարակվել։ Որքանով տեղյակ եմ՝ բացահայտ այլուրեքություն ունեցող այս մեղադրյալը եզակի չէ քրեական վարույթով, սակայն չեմ կարողանում հասկանալ ԱԺ պատգամավորների հետաքրքրության իմաստը, կոնկրետ ո՞ւմ են ցանկանում «դատի տալ»։ Իսկ եթե նպատակը այդ թմրամիջոցի խմբաքանակը օրվա իշխանությանը վերագրելն է, ապա, որպես նյութերին ծանոթ վարույթի մասնավոր մասնակից, միանշանակ հայտարարում եմ, որ դրա ներկրման կամ ՀՀ ներթափանցման հետ իշխանությունը որևէ կապ չունի (չհաշված ստուգող մաքսային մարմնի տեսանելի անփութությունը)։
Հ.Գ. Քիչ հավանական եմ համարում վարույթով, դարձյալ առանց բավարար ապացույցների համակցության, մեղադրյալների կարգավիճակ ստացած և ՀՀ-ից բացակայող՝ ՍՊԸ-ի փաստացի սեփականատիրոջ, ինչպես նաև փաստացի տնօրենի հետ անձնական խնդիրների առկայության դեպքում դրանք բացահայտ անմեղ անձանց ճակատագրերի խեղման գնով լուծելու միտումը»։

