Փաշինյանի ռեժիմը գտնվում է քաղաքական օպերատիվ մանյովրների կենսական նեղ և փոքր տարածքում, որտեղ սկսվում է իշխանության ինքնակլանման, ինքնասպառման փուլը և ավարտը. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Փաշինյանի ռեժիմը գտնվում է քաղաքական օպերատիվ մանյովրների կենսական նեղ և փոքր տարածքում, որտեղ սկսվում է իշխանության ինքնակլանման, ինքնասպառման փուլը և ավարտը:

Ավտորիտար ռեժիմը իմ մասնագիտական հետաքրքրությունների և ուսումնասիրության կենտրոնում է արդեն շուրջ քսան տարի: Այն ամենակայուն քաղաքական ռեժիմներից մեկն է, բայց վերածվում է մեծ անկայանության, երբ փլվում են դրա հենասյուները: Փաշինյանի կառավարման ավտորիտար մոդելի անկայանությունը այսօր այլևս բարձրակետում է, մեծ և մոտ ներքին ճեղքման տրամաբանությանը:

Այն այսօր կանգնած է իր քաղաքական գոյատևման ամենաբարդ փուլում, որը վաղուց դադարել է լինել կառավարման գործիք և վերածվել է ինքնանպատակ ինքնապահպանման մեխանիզմի։ Այլևս ոչ թե պետությունն է ծառայում քաղաքացիներին, այլ քաղաքացիներն են դարձել ռեժիմի պահպանման և սպառման միջոց։

Փաշինյանի համակարգը մտել է մի փուլ, որտեղ իշխանությունը ձգտում է պարզապես ձգել ժամանակը, հետաձգել անխուսափելին և վերարտադրել իր մաշված լեգիտիմությունը՝ ներքին շանտաժի, վարչական կախվածության և հասարակական վախի միջոցով։ Այսինքն ոչ թե Փաշինյանն է ժամանակ ձգում, այլ ժամանակն է ձգում Փաշինյանին անխուսափելի ավարտով:

Այս փուլը կարելի է բնորոշել որպես իշխանության ծայրահեղական փուլ։
Այստեղ ինստիտուտները, որոնք պիտի ծառայեն պետությանը, իրականում անխնա և մաշեցվող կերպով ծառայեցվում են իշխանությանը։
Պետական կառույցները դարձել են վերահսկման գործիք ոչ միայն ընդդիմության, այլ նաև իշխանության թիմի ներսում։

Փաշինյանի վարչակարգը այլևս չի հիմնվում հանրային վստահության վրա։ Նրա ուժը գալիս է ոչ թե ժողովրդից, այլ փակված թիմային վախի համակարգից, որտեղ լոյալությունը պահվում է փոխադարձ շանտաժով, անձնական շահերով և կոմպրոմատների միջոցով։ Սա ավտորիտար ռեժիմի դեգրադացիոն փուլն է վախերի հիմքով: Բայց հենց այդտեղ է թաքնված Փաշինյանի ամենամեծ քաղաքական խնդիրը՝
նա դարձել է իր իսկ ստեղծած համակարգի գերին։ Նա պահում է իշխանությունը, որպեսզի իշխանությունը պահի իրեն։ Չկա այլ հիմնավորում, թե ինչու է օրենքի և պետության ուժային համակարգը շահագործվում անխնա ավտորիտար վոլյունտարիզմին կամ այլ կերպ ասած իշխանության քմահաճույքին այլ ոչ օրենքին:

Սա փակ շրջան է, որը անխուսափելիորեն սկսում է քայքայվել ներսից՝ հենց այն պահին, երբ վախը դադարում է գործել որպես կառավարման սոսինձ։ Ներքին ճեղքի տրամաբանությունը աճում է և դառնում մեծ ռիսկ: Փաշինյանի թիմի ներսում այսօր ձևավորվել են երեք տեսակի ճեղքեր՝ քաղաքական, ինստիտուցիոնալ և բարոյահոգեբանական։

1. Քաղաքական ճեղք։
Իշխանության վերնախավը այլևս չունի հստակ ռազմավարական հորիզոն։ «Խաղաղության դարաշրջանի» խոստումը մաշվել է և չի գործում ոչ ներսում, ոչ դրսում։ Արցախը կորցրած ղեկավարի համար չկա գաղափար, որը կարող է ներշնչել նույնիսկ իր մերձավորներին։ Թիմի ներսում գերիշխում է սառը հաշվարկի տրամաբանություն, յուրաքանչյուրն իր դիրքն է պահում՝ սպասելով անկման օրվան։

2. Ինստիտուցիոնալ ճեղք։
Պետական մարմինները կորցրել են ծառայողական հավատարմությունը։ Քննչական, ուժային և դատական համակարգերը գործում են ոչ թե օրենքի կամ պետական շահի շրջանակում, այլ իշխանական հրահանգներով։ Սա ստեղծում է անընդհատ լարվածություն ու ինքնապաշտպանական հոգեբանություն, որը ժամանակի ընթացքում վերածվում է լուռ դիմադրության կամ բացահայտ դեֆեկցիայի։

3. Բարոյահոգեբանական ճեղք։
Սա ամենավտանգավորն է։ Երբ նույնիսկ իշխանության ներսում մարդիկ սկսում են ամաչել իրենց իշխանությունից, համակարգն այլևս երկար կյանք չի կարող ունենալ։ Այդ պահին ռեժիմը դեռ գործում է, բայց արդեն ոչ ոք չի հավատում նրա բարոյական գոյատևմանը:

Այս բոլոր ճեղքերը դեռ պահվում են միասին միայն մեկ բանով՝ վախով։
Բայց վախը որպես քաղաքական մեխանիզմ ունի սահմանափակ ուժ։ Երբ այն հասնում է բարձր կետի՝ այլևս չի վախեցնում, այլ գրգռում է դիմադրությունը։ Էստեղ վերջանում է իշխանության քաղաքական օպերատիվ մանյովրների կենսական տարածքը:

Այս փուլում սկսվում է իշխանության ինքնակլանման, ինքնասպառման փուլը:
Նա սպառում է ոչ միայն հանրային վստահությունը, այլև իր թիմի ներսում մնացած նվիրվածությունը։
Որքան ավելի կենտրոնացնում է իշխանությունը՝ այնքան ավելի խոցելի է դառնում իր ներսից։ Այս վիճակը բնորոշ է ավտորիտար ռեժիմի ավարտական փուլին, երբ ռեժիմը այլևս չի կարողանում դիմակայել արտաքին ճնշումներին, իսկ ճնշումը սկսում է բխել հենց ներսից՝ թիմային, վարչական և անգամ ընտանեկան մակարդակներում։

Փաշինյանի ամենամեծ հակառակորդը այսօր ոչ թե ընդդիմությունն է, այլ սեփական թիմի հոգնածությունը, կենսունակության ավարտը, հիասթափությունը և դիմադրողականության տրամաբանական և արժեքային սնանկությունը: Հնարավոր չէ երկար ժամանակ պաշտպանվել խզված կիսաճշմարտություններով և աբսուրդներով: Իշխանության ներսում ձևավորվում է հոգեբանական ճգնաժամ՝
«մենք էլ չենք հավատում, բայց չենք կարող հեռանալ» տրամադրությամբ։
Այստեղից է սկսվում յուրաքանչյուր ավտոկրատ ռեժիմի կործանումը։

Քաղաքագիտական հետևությունը հետևյալն է:

Քաղաքական հալածանքների պարբերականությունը, ռեժիմի բիրտությունը, օրենքի և իրավունքի կամայական խախտումներն ու խզումները, ռեպրեսիաները փաստում են, որ Փաշինյանը իշխանություն պահելու այլ ձև բացի վախի և ռեպրեսիաների խորացումից չունի, ինչն էլ իր հերթին բերում է եզրայի քաղաքական գոյատևման փուլին իր ռիսկերով:
Այս փուլը ունի հետևյալ պոտենցիալ եզրային ռիսկերը:
1. Փաշինյանի իշխանությունը մտել է ինքնաոչնչացվող փուլ, որտեղ վերարտադրությունը հնարավոր է միայն վարչական ճնշումների և ինստիտուցիոնալ բռնության միջոցով։
2. Ներքին թիմային ճեղքի հավանականությունը բարձր է, հատկապես մինչև ընտրություններ՝ կախված ուժային կառույցների դիրքորոշումներից, եզրային խաղում երկար ձգելուց և հանրային բողոքի կազմակերպվածությունից։
3. Ռեժիմը բացի արտաքին խաբուսիկ անտուրաժից այլևս չունի գաղափարական հիմք կամ հանրային լեգիտիմություն։ Նրա գոյատևման միակ գործիքը փոխադարձ վախն է, որը, քաղաքական առումով, արդեն մաշված է։
4. Այսպիսի համակարգերը սովորաբար չեն կործանվում դրսից՝ դրանք փլվում են ներսից, երբ թիմի անդամները սկսում են առաջնորդվել ոչ թե հավատարմությամբ, այլ ինքնապաշտպանությամբ։

P.S. Փաշինյանը, ով տարիներ առաջ խոսում էր ժողովրդավարության անունից, այսօր դարձել է սեփական իշխանական վախերի գերին։ Նա պահում է իր իշխանությունը ոչ թե ուժով, այլ վախով։ Վախը չի կարող հավերժ կառավարել երկիրը։ Վախը մաշվում է։ Եվ հենց այդ պահին՝ երբ վախը մաշվում է, իշխանությունը փլվում է ինքն իրենից և իր ավարտված բնույթից շատ արագ և անսպասելի: Չի օգնում այդ ժամանակ ոչ մի վարժություն, երբ ձնագունդը գլորվում է, իսկ այն վերը նկարագրվածի ուժով անպայմանորեն գլորվելու է և շուտով: Փաշինայը ոչ առաջին և ոչ էլ վերջին ավտոկրատն է, ով արդեն տառապում է ավտորիտարիզմին հատուկ խռոնիկ հիվանդություններով, որոնք այլևս հասունացած են և խորացած»»:

Տեսանյութեր

Լրահոս