Օձունն ու Հայաստանի բոլոր գյուղերը, բնակավայրերը հավերժ են, դուք՝ ժամանակավոր. Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը գրում է. «Սա Օձունի համայնապատկերն է՝ Կընդանարարի (Կենդանարար) բարձունքից։ Լեգենդի համաձայն՝ Լենկ Թեմուրի զորքը համաճարակից մահվան եզրին էր, սակայն միայն Օձունի սառնորակ ջրերի շնորհիվ կարողացավ փրկվել։ Դրանից հետո արյունարբու նվաճողը չավերեց գյուղը՝ բարձունքը կոչելով Կենդանարար։ Լուսանկարը՝ համարյա 90 տարվա է (1938 թ.)։

Մինչև 1967 թվականը՝ շուրջ 550 և ավելի տարի, գյուղը կրել է Ուզունլար անվանումը (թուրքերեն՝ դժվար ճանապարհ)։ Հնաբնակները մինչ այսօր էլ գյուղն այդպես են կոչում։
Ալիևյան տրամաբանությամբ՝ եթե Հայաստանի բնակավայրերի մեծ մասն ունեն «ադրբեջանական» անվանումներ, ապա ասեմ՝ այս լուսանկարն արդեն ձեր պետության տարիքին է։ Իսկ եթե նիկոլենք ի վիճակի չեն քեզ հակադարձել, ես ասում եմ՝ Օձունը երեք հազար և ավելի տարվա բնակավայր է. նրա 4-րդ դարում կառուցված եկեղեցին կանգնած է հեթանոսական տաճարի տեղում, իսկ դրանից առաջ այն տոտեմիստական պաշտամունքի սրբավայր էր։
Օձունը և Հայաստանի հարյուրավոր գյուղեր դարերի ընթացքում բազմիցս ասպատակվել են, ինչի հետևանքով որոշները թուրքական անուններ են ստացել, բայց երբեք չեն կորցրել իրենց հայկական և քրիստոնեական էությունը։ Իսկ այժմ դու՝ ախպորդ ձեռքը բռնած, նոր ասպատակություն ես սկսել հայի և քրիստոնեության դեմ։ Ալփասլան, Աղ Քոյունլու, Լենկ Թեմուր, Չինգիզ խան, Աղա Մահմուդ և այլ արյունարբու նվաճողներ անցել են ու մոռացվել։
Օձունն ու Հայաստանի բոլոր գյուղերը, բնակավայրերը հավերժ են, դուք՝ ժամանակավոր»։

