Փաշինյանի բերած «խաղաղությունը»․ ազերիներն ազատ շրջում են Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանն անվանելով «ադրբեջանական»
Ազերիներն ազատ ու անվտանգ զբողնում են Երևանի փողոցներով՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն անվանելով «ադրբեջանական»։
Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանն», ըստ երևույթին, արդեն սկսվել է, բայց, ժողովրդական լեզվով ասած՝ «գլխներիս խաբար չկա»։
Սոցցանցերում տարածվել է Երևան այցելած ադրբեջանական պատվիրակության անդամների՝ Հանրապետության հրապարակում արված լուսանկարը՝ հետևյալ գրությամբ. «Երևանը միշտ Ադրբեջան է» (ադրբեջաներեն՝ «İrəvan (əzəldən) Azərbaycandır»)։
Ադրբեջանցի ոմն օգտատեր Թուրք Իսլամ Բիրիյլին լուսանկարի առնչությամբ գրել է, թե Ֆարհադ Մամմադովը՝ Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի ղեկավարը, կիսվել է Երևան կատարած այցի վերաբերյալ իր տպավորություններով. «Հանդիպումը կազմակերպվել էր բարձր մակարդակով, և անվտանգությունն ապահովված էր։ Միջոցառման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ սկսած տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունից՝ մինչև մեր հասարակություններին մտահոգող թեմաներ։ Իհարկե, հետաքրքիր էր զբոսնել Երևանում, տեսնել այն ամենը, ինչ մենք ամեն օր տեսնում ենք տեղեկատվական ռեսուրսներում»։
Նշենք, որ վերոնշյալ լուսանկարն արվել է ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչների՝ Երևան այցի ժամանակ։ Հոկտեմբերի 21-22-ն ադրբեջանական պատվիրակության անդամները՝ Ֆարհադ Մամմադովը, Ռուսիֆ Հուսեյնովը, Ռամիլ Իսկանդերլին, Քյամալա Մամեդովան և Դիլյարա Էֆենդիևան, հայկական կողմի ներկայացուցիչների՝ քաղաքագետ Արեգ Քոչինյանի, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Նաիրա Սուլթանյանի և քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի հետ միասին մասնակցել էին «կլոր սեղան» քննարկման։
Մեկ այլ լուսանկարում երևում է, որ ադրբեջանական պատվիրակության հետ են նաև հայկական կողմի ներկայացուցիչները։
Հոկտեմբերի 22-ին նրանց հետ հանդիպում է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Իսկ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչ Ֆարհադ Մամմադովն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում Երևանն անվանել է «Իրիվան»:
Ադրբեջանական İCTİMAİ TV-ին, ներկայացնելով Մամմադովի հարցազրույցից մի հատված, յութուբյան ալիքում գրել է.
«Այցելություն Երևան, «Խոջալուի ցեղասպանություն», Հայաստան, Ադրբեջան, խաղաղության գործընթաց, դիվանագիտական բանակցություններ, կուլիսներից դուրս պահեր, ճանաչում, տարածաշրջանային հարաբերություններ, պատմություն և դիվանագիտություն: Երևանում հանդիպման մասնակիցներից մեկը հայտարարություն է արել այցի կուլիսային պահերի մասին։ Նրա խոսքով՝ կողմերի միջև քննարկվել են պատմական հարցեր, այդ թվում՝ «Խոջալուի ցեղասպանության» շուրջ երկխոսության թեման։ Փորձագետները կարծում են, որ դա կարող է վկայել խաղաղ գործընթացում Հայաստանի նոր դիրքորոշմանը մոտենալու մասին»:
Ի դեպ, ադրբեջանական պատվիրակության կազմում Երևան եկած «իրավապաշտպան» Դիլյարա Էֆենդիևան հայ ժողովրդի դեմ թշնամական գործողությունների մեծ փորձ ունի. ինչպես ավելի ուշ պարզել էին հայկական լրատվամիջոցները՝ նա 2022 թվականի դեկտեմբերին Արցախի շրջափակման սկիզբը դրած ադրբեջանցի կեղծ «էկոակտիվիստներից» մեկն է եղել։

Բաքու վերադառնալով՝ Դիլյարա «բաջին» Caliber.Az-ին պատմել է, որ «ադրբեջանական պատվիրակության այցը Երևան ջերմ և բարեկամական մթնոլորտում է անցել, իսկ հանդիպումը բացառապես դրական տպավորություններ է թողել»։
Իհարկե, ոմանք գուցե զարմանան՝ ինչո՞ւ ենք քննադատաբար վերաբերվում հայ և ադրբեջանական հասարակությունների շփումներին կամ հայ-ադրբեջանական երկխոսությանը։ Չէ՞ որ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարել՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատված է»։ Ի հեճուկս այն փաստի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն առայժմ ստորագրված չէ։
Որևէ մեկն, իհարկե, դեմ չէ խաղաղությանն ու հաշտությանը, բայց դա պետք է լինի արդար խաղաղություն և հաշտություն՝ ներառելով հայկական իրավունքները, այդ թվում՝ հայ գերիների վերադարձը, ՀՀ օկուպացված տարածքների ազատագրումը, Արցախի հարցի արդար լուծումը և արցախահայության անվտանգ վերադարձը։ Հետևաբար, կարելի է հարց ուղղել ադրբեջանական պատվիրակությանը Երևան հրավիրողներին և նրանց անվտանգությունն ապահովողներին՝ երբ ազերիները գալիս են Երևան, հետո Ադրբեջան վերադառնալով՝ Հայաստանի մայրաքաղաքը հայտարարում են «ադրբեջանական», դա խաղաղության ու հաշտությա՞ն մասին է, թե՞ ընդհակառակը՝ Հայաստանը վերջնականապես զավթելու, Արցախի պես օկուպացնելու ու հայաթափելու։

