Մերիլին Մոնրո. «Թույլ տուր ինձ սիրել կամ մեռնել» (տեսանյութ, լուսանկարներ)

Մերիլին Մոնրոն ուներ երկու անուն (իրական անունը` Նորմա Ջին Բեյքեր), բազմաթիվ մականուններ և կյանքում հանդիպել էր շատ տղամարդկանց հետ: Սակայն նա պտտվում էր անհասանելի նպատակի ուղղությամբ և դրանով էլ այդ նպատակը նրան գրավիչ էր թվում: Ամերիկայի Միացյալ Նահանգներից միայն մեկ տղամարդ չէր կարող պատկանել Մերլինին: Մերիլինը ցանկանում էր նվաճել նախագահին: Եվ մի օր դա նրան հաջողվում է: Մերիլինը գործարք է կնքում ճակատագրի հետ, սակայն զոհաբերում է կյանքը:

«Չպետք է հուզվել, այլ հուզել է պետք»

Երբ հերթական անգամ Ժակլին Քենեդին ամուսնական անկողնու վրա «պատահական» մոռացված զուգագուլպաներ է տեսնում, նա ամուսնուն ամենայն հանգստությամբ հարցնում է. «Ջոն,  չգիտե՞ս, թե ո՞ւմն են սրանք: Կարծես թե իմը չեն»: Որպես պատասխան՝ նա ամուսնուց ստանում է տղայական, չարաճճի ժպիտ: Ժակլինն արդեն սովոր էր նման «նվերների»: Հարևան սենյակում հեռախոսն է զանգահարում, Ժակլինը վերցնում է հեռախոսը և միանգամից ճանաչում նրա ձայնը: Այդ կինը վաղուց էր նրան հոգնեցրել իր զանգերով, սակայն այս անգամ նա վերջնականապես սահմանն անցավ:

– Տիկին Քենեդի, Դուք վաղուց պետք է հավաքեիք Ձեր իրերը և այդ տնից գրողի ծոցը գնայիք: Չէ՞ որ մենք երկուսս էլ գիտենք, թե ով է իրական Առաջին տիկինը:

Կարդացեք նաև

Ժակլինը բարկացած լսափողը ցած է գցում և վճռական վերադառնում ննջասենյակ:

– Վերջ, Ջոն, դե՛, բավական է արդեն: Նորից զանգել էր քո հոլիվուդյան թեթևաբարո դերասանուհին: Ես կբաժանվեմ քեզանից, և դու նրա հետ կարող ես հանգիստ ապրել: Մինչև կոկորդս կուշտ եմ այս ամենից, պա՞րզ է:

– Ի՞նչ ես ասում Ջեկի, հանգստացիր: Ես քեզ խոստանում եմ, որ կապերս կխզեմ այդ կնոջ հետ: Հավատա, նա վաղուց ինձ արդեն հոգնեցրել է, միայն դու ես ինձ պետք:

Իր խոստումը նախագահը կատարում է, բայց ոչ միանգամից: Նրա սիրուհու կարգախոսն էր. «Չհուզվել, այլ հուզել»: Եվ նա կարողանում էր իր կարգախոսով առաջ շարժվել: Աշխարհում ուրիշ ոչ մի կին չէր կարող կրկնել նույնը:

«Ես երբեք չեմ հասկացել  «սեքսի խորհրդանիշ» հասկացությունը: Խորհրդանիշն իր է, իսկ ինձ դուր չի գալիս իր լինելը: Սակայն եթե իմ ճակատագիրն է՝ լինել խորհրդանիշ, ապա ավելի լավ է սեքսի խորհրդանիշ լինել, քանի որևէ այլ բանի». Մերիլին Մոնրո

Նրանք ծանոթացել էին 1954թ., երբ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին Մասաչուսեթս նահանգի սենատորն էր: Դերասան Փիթեր Լոուֆորդը, ով հաջողությամբ ամուսնացել էր Քենեդիի քրոջ` Պատրիցիայի հետ, միշտ փորձում էր սիրաշահել Քենեդիին: Քենեդիին «սիրային»  հարցերում օգնելը դժվարություն չէր ներկայացնում Փիթեր Լոուֆորդի համար: Փիթերը Ջոնին ամեն անգամ ծանոթացնում էր  Հոլիվուդի երիտասարդ դերասանուհիների հետ: Սակայն այս անգամ Լոուֆորդը հիասքանչ անակնկալ էր պատրաստել: Այդ անակնկալը պետք է հայտնվեր նոր նշանակված սենատորի պատվին:

– Ո՞վ կարող է լինել դա, Փիթ: Ես նրան ճանաչո՞ւմ եմ,- հետաքրքրությունից այրված՝ հարցնում է Քենեդին: Սակայն Լոուֆորդը միայն գլուխն էր տարուբերում և աչքը չէր կտրում դռնից: Երբ դռան շեմին հայտնվեց Մերիլին Մոնրոն՝ իր երկրորդ ամուսնու` բեյսբոլիստ Ջո Դի Մաջիոդի հետ, Փիթերը նշան տվեց Քենեդիին: Շիկահերին, ով փայլել էր «Նիագարա» ֆիլմում, արդեն հաջողվել էր տղամարդկանց խելքահան անել: Քենեդին հյուրի ուսումնասիրող, ոչ համեստ հայացքին պատասխանում է պատասխան հարձակողական հայացքով:

Ժակլինն այդ երեկո ոչ մի ուշադրության չարժանացավ: Ողջ երեկոյի ընթացքում նրա ամուսինը պտտվում էր Մերիլին Մոնրոյի շուրջ, լցնում էր նրա բաժակը նրա սիրելի Piper Heidsieck-ի շամպայնով: Մերիլինը ծիծաղում էր: Դի Մաջիոն խանդում էր և նույնիսկ սկանդալ սարքեց: Սակայն բեյսբոլիստը տուն է վերադառնում միայնակ, քանի որ կինը չէր ցանկանում հեռանալ երեկույթից: 20-րդ դարի ամենամեծ սիրավեպի վկաներն էլ դառնում են Փիթեր Լոուֆորդի ամառանոցում ներկա գտնվողները: Բայց այս երկու սիրահարները ոչ մի ուշադրություն չէին դարձնում շրջապատողներին: Իր ամենամոտ ընկերուհուն` Էմի Գրինին, Մերիլինը մի օր խոստովանում է, որ Քենեդիի նման տղամարդու հանդիպել երազել է դեռ 15 տարեկանից: Շուտով նրանք չեն կարողանում առանց մեկը մյուսի ապրել. մեկ հանդիպում էին  Լոուֆորդի տանը, մեկ էլ՝ թանկ հյուրանոցներում: Երջանկությունից Մերիլինը գրում էր միամիտ մանկական բանաստեղծություններ:

«Կյանք, դու ինձ տարբեր ուղղություններով ես ուղարկում,

Ես կենդանանում եմ թունդ ցրտից, ինչպես սարդոստայնը քամուց:

Ձգվում եմ ներքև, սակայն դեռ բռնվում եմ». Մերիլին Մոնրո

Մերիլինին հուզում էր կայծակից այրված ծառը, նա խղճում էր անտուն շներին, իսկ թռչունների համար տնակներ էր կախում: Շատերի համար սեքս խորհրդանիշ դարձած կնոջ անկեղծությունը և անմիջականությունը զվարճացնում էր նրա սիրեկանին: Չար լեզուները Քենեդիի ականջներին փսփսացել էին, որ դերասանուհու անցյալը շատ հեռու է կատարյալ լինելուց` խելագար մայր, մանկատուն, զինվորական գործարանում աշխատանք, մանեքենուհու աշխատանք, իսկ նրա մուտքը դեպի Հոլիվուդ եղել էր բազմաթիվ պրոդյուսերների անկողինների միջով… Նրա սիրեկաններից էին հասցրել լինել Չարլի Չապլին կրտսերը, միլիոնատեր Հենրի Ռոզենֆելդը և հարուստ Ջոնի Հայդը, սակայն ի՞նչ նշանակություն կարող էր այդ ամենն ունենալ Քենեդիի համար, չէ՞ որ Մերիլինն այժմ իր հետ էր:

«Ես երբեք չեմ դավաճանել նրանց, ում սիրել եմ». Մերիլին Մոնրո

Մերիլինը վայելում էր այս սիրավեպը և ապագայի համար գույնզգույն ծրագրեր կառուցում: Այդ ժամանակվա հայտնի ֆիլմերից մեկն էլ կոչվում էր « Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին», սակայն իրական կյանքում Մոնրոն գնալով համոզվում էր, որ, միևնույն է, տղամարդիկ ամուսնանում են սևահերների հետ: Քենեդին չէր շտապում ապահարզան տալ Ժակլինին, և Մոնրոն որոշում է բաժանվել սիրեկանից: Նա ամբողջ սրտով ցանկանում էր ազատվել «սեքսուալ շիկահերի» կերպարից և ստեղծել իր ընտանիքը: Ընտանիք, որ երբեք չի եղել նրա համար, և որը նա այնքան շատ է ցանկացել ունենալ:

«Քամուն կանգնած մոմը»

Մերիլին Մոնրոյի երրորդ փորձը` ապրել ինչպես ուրիշները, դարձավ հայտնի դրամատուրգ Արթուր Միլլերի հետ նրա ամուսնությունը: Նրա համար Արթուր Միլլերը բաժանվում է կնոջից: Լրագրողները նրանց կապը կնքեցին՝ որպես «մարմնի և հոգու միություն»: Արթուր Միլլերի մասին հետագայում Մոնրոն արտահայտվում է այսպես. «Նրա միտքը ավելի սուր է, քան այն բոլոր տղամարդկանցը, ում ես ճանաչել եմ: Նա հասկանում է ինքնակատարելագործման  հասնելու իմ ձգտումը»: Այդ ընթացքում Մոնրոն հրաժարվում է կինոյում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներից, որտեղ ցանկանում էին ևս մեկ անգամ չարաշահել նրա baby-doll իմիջը: Մերիլինը երազում էր մայր դառնալ, իսկ Արթուր Միլլերը միակ տղամարդն էր, ով ցանկանում էր երեխա ունենալ Մերիլին Մոնրոյից:

«Երեխաներին, հատկապես աղջիկներին, պետք է միշտ ասել, որ նրանք գեղեցիկ են, և նրանց սիրում են: Եթե ես աղջիկ ունենամ, նրան միշտ կասեմ, որ նա գեղեցիկ է, մազերը մինչև փայլելու աստիճան կսանրեմ և նրան մենակ չեմ թողնի ոչ մի րոպե». Մերիլին Մոնրո

Ցավոք, Մերիլինի երկու հղիություններն էլ ավարտվում են վաղաժամ ծննդաբերությամբ: Կնոջը դեպրեսիայից հանելու համար ամուսինը նրան տանում էր լավագույն հոգեբանների մոտ: Մերիլինի սպասավորը`Լենա Պեպիտոուն, պատմում էր, որ սեանսների և նկարահանումների դադարի ժամանակ  տիկին Միլլերը չարաշահում էր շամպայնը, շարունակ լսում էր Ֆրենկ Սինատրայի երգերը, հրաժարվում էր լոգանք ընդունելուց, ուտում էր անկողնու մեջ և ձեռքերը սրբում էր սպիտակեղենով:

Մոնրոն, ում աստվածացնում էր ամբողջ աշխարհը, իրեն զգում էր միայնակ և դժբախտ: Արթուր Միլլերի հետ ամուսնությունն ամենաերկարն էր Մերիլինի ամուսնությունների շարքում, սակայն 1961թ. նրանք պաշտոնապես բաժանվեցին՝ հայտարարելով, որ բնավորության գծերով շատ տարբեր էին: Մոնրոն փորձում էր այս ամենը մոռանալ՝ սիրավեպեր սկսելով Իվ Մոնտանի, Ֆրենկ Սինատրայի հետ, սակայն նրա համար պարզ էր, որ նրանցից ոչ ոք չէր կարող փոխարինել Ջոն Քենեդիին:

Ամուսնանալ նախագահի հետ

Կիրքը ի հայտ եկավ նոր ալիքով, երբ Ջոն Քենեդին իր թեկնածությունը դրեց նախագահական ընտրություններում: Մի օր Մերիլինի բնակարանում հեռախոսազանգ հնչեց: «Ողջույն, փոքրիկս,- հնչեց տղամարդու ծանոթ ձայնը` հմայիչ բոստոնյան շեշտադրությամբ,- ես պատրաստվում եմ դառնալ Ամերիկայի նախագահը, բայց առանց քեզ չեմ կարող գլուխ հանել: Չէ՞ որ դու ինձ կօգնես նախընտրական արշավում»: Մերիլինին շատ համոզել պետք չէր: Նրա մասնակցությունը նախընտրական արշավում՝ որպես սիրուհու, կապահովեր Ջոն Քենեդիի հաջողությունը: Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր տղամարդ երազում էր գիշեր անցկացնել Մերիլին Մոնրոյի հետ, իսկ յուրաքանչյուր կին փորձում էր ամեն ինչով նման լինել Մոնրոյին: Մեկը մյուսին հաջորդում են համերգները, որտեղ նա հանդիսատեսին կոչ էր անում ընտրել Ջոն Քենեդիին, և երբ Ջոն Քենեդին դառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների 35-րդ նախագահը՝ Մերիլինը համոզված էր, որ այդ հաղթանակն իրականում պատկանում էր իրեն: Մերիլինին մնում էր միայն զբաղեցնել Առաջին տիկնոջ տեղը: Նա գաղտնի հանդիպում էր Քենեդիի հետ Բևեռլի Հիլզի հյուրանոցում կամ էլ նախագահական ինքնաթիռի մեջ: Շուտով Մոնրոն տուն է գնում Լոս Անջելեսում, որպեսզի մոտ լինի սիրելիին: Երբեմն մեկ բաժակ ավելի շամպայն խմելով՝ Մերիլինը բարձրաշխարհիկ հանդիսությունների ժամանակ ավել բաներ էր խոսում` կիսվելով նախագահի հետ կապված իր տպավորությունների մասին և ակնարկելով, որ անկողնում նրա պահվածքը «շատ ժողովրդական» է:

Նա կարող էր Սպիտակ տուն զանգել ցանկացած ժամանակ և Քենեդիից անհապաղ հանդիպում պահանջել,  քանի որ «Մերիլինը սիրո մեծ պակաս էր զգում»: Նախագահի կին դառնալու նրա ցանկությունն աստիճանաբար վերածվում է մոլի գաղափարի: Մոնրոյի անձնական հոգեթերապևտն էլ ոչ մի լավ բան չէր ասում նրա հոգեկան վիճակի մասին: Դերասանուհու ժառանգականությունն էլ հեռու էր լավը լինելուց. նրա պապի պապը կախվել էր ծառից, տատը մահացել էր հոգեբուժարանում, նրա մայրը նույնպես մինչև կյանքի վերջն ապրել էր հոգեբուժարանում: Բնականաբար, Քենեդին ցանկանում էր հեռու մնալ սկանդալներից և Մոնրոյին հեռավորության վրա էր պահում: Նա նույնիսկ Մոնրոյին իր եղբոր` Ռոբերտի հետ է ծանոթացնում, որը մեծ հաջողություն էր վայելում կանանց մեջ: Նման կերպ Քենեդին փորձում էր Մերիլինի ուշադրությունը տեղափոխել եղբոր վրա: Սակայն այդ ամենն անիմաստ էր: Քենեդին հարցազրույցներից մեկի ժամանակ լրագրողներին ասում է. «Սերը դա իմ բառը չէ»: Մերիլինը հրաժարվում էր այդ ամենին հավատալ…

1962թ. սկզբին Մոնրոյի հոգեկանը խանգարվել էր դեպրեսիայով, ալկոհոլով և հանգստացնող դեղերով:  Նա հոգեվերլուծաբանի մոտ էր լինում շաբաթվա 6 օրերին և առանց քնաբերի չէր կարողանում քնել:

Քենեդին չէր պատասխանում սիրուհու հեռախոսազանգերին և չէր ցանկանում այլևս նրան տեսնել: Ջոն Քենեդիի 45-ամյակին Մերիլինին մեծ դժվարությամբ է հաջողվում կաշառել Սպիտակ տան աշխատակցին, որպեսզի նախագահին հանձնի իր նվերը`«Ռոլեքս» ոսկյա ժամացույցը՝ «Սիրով Ջոնին՝ Մերիլինից» փորագրությամբ: Իսկ ժամացույցի տուփի վրա նա գրել էր՝ «Թույլ տուր ինձ սիրել կամ մեռնել»: Քենեդին աշխատակցին կարգադրում է դեն նետել ժամացույցը և ոչնչացնել ժամացույցի տուփը: Ի վերջո, մայիսի 19-ին Մերիլինը գալիս է Մեդիսոն Սկվեր Գարդեն, որտեղ գալա-համերգ էր պատրաստվում Ամերիկայի նախագահի տարեդարձի կապակցությամբ: Մերիլինն իր համար հագուստ էր պատվիրել Ժաննա Լուիից: Նրա հագուստը կարված էր թափանցիկ կտորից, որը ծածկված էր փայլուն հատիկներով և ընդգծում էր Մերիլինի իդեալական կառուցվածքը: Հագուստի տակից Մերիլինը ներքնազգեստ չէր հագել:

«Տիկնայք և պարոնայք, ուշացած Մերիլին Մոնրոն»,- հայտարարեց հենց նույն Փիթեր Լոուֆորդը: Հանդիսավոր կերպով հանելով թիկնոցը՝ Մերիլինը երգեց «Happy Birthday, Mister President»: Եվ դահլիճում այդ ժամանակ չկար մեկը, որ չնախանձեր Ջոն Քենեդիին:

«Նման շնորհավորանքից հետո ես կարող եմ այլևս քաղաքականությամբ չզբաղվել»,- ասաց ցնցված նախագահը: Ժակլին Քենեդին այդ պահին դահլիճում չէր: Նա խելացի կին էր և հասկանում էր՝ երբ պետք է լինել ստվերում, որպեսզի հրապարակայնորեն ստորացված չլինի: Այդ տպավորիչ ելույթը սիրավեպի վերջակետն է դառնում: Նույն երեկոյան «Քարլայլ» հյուրանոցում Քենեդին հայտարարում է Մերիլին Մոնրոյին, որ իրենց հարաբերությունները վերջնականորեն ավարտված են:

«Իմ ամբողջ կյանքը ես նվիրել եմ միայն հանդիսատեսին:  Ոչ թե նրա համար, որ ես մեծ եմ, այլ նրա համար, որ բացի հանդիսատեսից, ես այլևս ոչ ոքի պետք չեմ». Մերիլին Մոնրո

1962թ. օգոստոսի 5-ին Մերիլին Մոնրոյին գտնում են  իր ննջասենյակում մահացած: Նա պառկած էր անկողնում կիսամերկ՝ հեռախոսը ձեռքին: Հայտնի չէ, թե ո՞ւմ էր նա զանգահարել մահվանից առաջ, քանի որ հեռախոսի կայանից այդ խոսակցության ձայնագրությունը միստիկ կերպով անհետացել էր: Նրա մահվան պաշտոնական պատճառը համարվում է քնաբերների չարաշահումը: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ նրա մահվան պատճառը հոգեվերլուծաբանի նշանակած ուժեղ դեղամիջոցներն են եղել: Մինչ օրս այս երկու պատճառներից ոչ մեկն էլ չի հաստատվել: Մերիլին Մոնրոյի թաղումը կազմակերպում է նրա երկրորդ ամուսինը՝ Ջո Դի Մաջիոն: Նրան այն աշխարհ են ճանապարհում նրա հազարավոր երկրպագուները, որոնց թվում չկար Ջոն Քենեդին:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս