Փաշինյանի նախընտրական շտապողականությունը. Ինչ հիմնավորումներ պետք է ներկայացնի Պապիկյանը, ինչով պետք է հակազդի ընդդիմությունը

2025 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման էր դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է «շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն»:

Հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը»:

Հավելենք, որ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման մասին հիշատակում կա նաև բանակի կերպափոխման հայեցակարգում, որի հեղինակները, օրինակ, կարծում են, թե պայմանագրային զինվորական ծառայությունն արհեստավարժության ապահովման առումով ենթադրում է առավել նպաստավոր նախադրյալներ, քան պարտադիր զինվորական ծառայությունը:

Այսինքն, փուլային եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից անցում է կատարվելու պայմանագրային ծառայությանը, և պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվելու է պայմանագրայինների թվի աճի հաշվին, ինչպես այդ ժամանակ վստահեցրել են: Եվ ոչինչ, որ եվրոպական շատ երկրներ սկսել են վերադառնալ կանոնավոր բանակին և պարտադիր զինվորական ծառայությանը:

Կարդացեք նաև

Դեռ սեպտեմբերին 168.am-ն ուշադրություն է հրավիրել մի շարք կարևոր հանգամանքների վրա. Առաջին՝ այս դեպքում միգուցե ներկայացնեն պայմանագրայինների աճը հաստատող վիճակագրություն՝ ո՞ր տարվա համեմատ և որքա՞ն է կազմում պայմանագրային ռեսուրսի թվաքանակի ավելացումը, երկրորդ՝ պետք է ներկայացվի՝ ի՞նչն է հիմք կամ հնարավորություն տալիս կրճատել մարտական հերթապահության մեջ ներգրավված անձնակազմին, հատկապես, երբ չեն հրաժարվում ԵԿՄ-ի «ծառայությունից», խստացնում են 25-օրյա վարժանքից խուսափելու պատիժը և վարժանքի մասնակիցներին մարտական հերթապահություն վստահում և այլն:

Նշենք, որ հոկտեմբերին ԱԺ-ն ընդունեց օրինագիծ, որով 25-օրյա հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվում է:

Այս հարցադրումների պատասխաններն ու հիմնավորումները ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից այդպես էլ չեն հնչել:

Իսկ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ այսօր քննարկում է ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ, և որոշել է, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026-ի հունվարի 1-ից:

«Այսինքն՝ 2026-ի հունվարի 1-ից՝ ձմեռային զորակոչից, Հայաստանում ժամկետային զինծառայությունը երկու տարվա փոխարեն՝ կլինի մեկուկես տարի»,- հայտարարել է նա:

Արդյոք Սուրեն Պապիկյանը մասնագիտական հիմնավորում ունի՞ այս շտապողականությանը, զինված ուժերը պատրա՞ստ է սրան: Իսկ այն, որ փաշինյանական այս որոշումը ոչ այլ ինչ է, քան նախընտրական որոշում կամ խոստում, և այն էլ, իր խոսքերով ասած՝ հատկապես ուղղված սնուցող մայրերին, ակնհայտ է: Բնականաբար, Նիկոլ Փաշինյանին շատ քիչ է հետաքրքրում, թե անվտանգային առումով ինչ խնդիրների և ռիսկերի է բախվելու բանակը և երկիրը առհասարակ:

Արդյո՞ք սա չի հետաքրքրում նաև Սուրեն Պապիկյանին, արդյո՞ք փորձ արվել է բացատրելու, թե՞ նման համարձակություն չի դրսևորվել, քանի որ ՔՊ-ականներին միայն իշխանության պահպանումն ու վերարտադրությունն է հետաքրքրում:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման հետ կապված Նիկոլ Փաշինյանի շտապողականությունը պայմանավորված է երկու հանգամանքով:

«Առաջին՝ դա ունի նախընտրական բնույթ, և նպատակ ունի ընտրական նոր սեգմենտ ներգրավել ՔՊ-ի հաղթանակի համար, երկրորդ՝ սա պայմանավորված է Ադրբեջանի պահանջով, որը տարբեր առիթներով առկա է եղել Ալիևի հայտարարություններում՝ ապառազմականացում: ՀՀ իշխանություններն ապառազմականացման պահանջը կատարում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի փոփոխմամբ՝ անձնակազմ է կրճատվում: Ինչ ռիսկեր է սա պարունակում: ՀՀ իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե մեծ թվով մարտական խնդիրներ չեն լուծվում տարբեր պատճառներով, այդ թվում՝ համալրման: Իսկ վերջին ամիսներին որևէ բեկում տեղի չի ունեցել համալրման հարցում, եթե դա տեղի ունենար, ապա կազդեր պահեստազորայինների և երկրապահների ուժերով իրականացվող մարտական հերթապահության վրա: Սա, կրկնում եմ, տեղի չի ունեցել: Այսինքն, ՀՀ իշխանությունն իր ներքաղաքական-քարոզչական ծարավը հագեցնելու համար վտանգի տակ է դնում ՀՀ անվտանգության հարցը, և համալրման մեծ խնդիրների պայմաններում գնում զորքերի կրճատման»,- մանրամասնեց նա:

Իսկ թե ո՞ր դեպքում կարելի է գնալ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման՝ հարցին, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ այս և ցանկացած փոփոխություն պետք է հիմնված լինի հստակ հաշվարկի վրա, որն այս փոփոխության պարագայում գոյություն չունի:

Հարցին՝ եթե պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը փաշինյանական նախընտրական խոստում է, ապա ինչո՞վ պետք է սրան հակազդի ընդդիմությունը, ի՞նչ է առաջարկվում, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը պատասխանեց.

«Ես չեմ կարծում՝ սրա հակազդումը պիտի լինի այն, որ ընդդիմադիր դաշտում դիրքավորվող ուժերը պիտի առաջարկեն շատ ավելի մեծ կրճատում, որը հասարակության ականջին հաճո կթվա: Ես կարծում եմ, որ գլխավոր խնդիրը հանրությանը ներկայացնելն է մեր իրական անվտանգային սպառնալիքները և ռիսկերը, և թե ինչ է ընկած իշխանության նախաձեռնության հիմքում: Իշխանությունն առաջնորդվում է բացառապես իր վերարտադրման առաջնահերթությունից ելնելով, իսկ մնացած հանգամանքները՝ քաղաքացու, երկրի, սահմանների անվտանգությունը նրանց համար որևէ կարևորություն չի ներկայացնում»:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասում էր, թե պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման հարցը պետք է դիտարկել երկրի անվտանգության շրջանակում կամ հաշվի առնել անվտանգային իրավիճակը: Արդյո՞ք վաշինգտոնյան փաստաթղթերը երաշխավորում են ՀՀ անվտանգությունը: Իհարկե՝ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս