
Թրամփը բանտից ազատ է արձակել խարդախության մեջ դատապարտված նախկին կոնգրեսական Ջորջ Սանթոսին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանտից ազատ է արձակել խարդախության մեջ դատապարտված կոնգրեսական Ջորջ Սանթոսին։
Ինչպես ԱՄՆ նախագահը գրել է Truth Social սոցցանցում, Ջորջ Սանթոսը «որոշ առումներով «խաբեբա» էր, բայց մեր ամբողջ երկրում կան բազմաթիվ խաբեբաներ, որոնց չեն ստիպում յոթ տարի բանտում անցկացնել»։
«Ես սկսեցի մտածել Ջորջի մասին, երբ կրկին ի հայտ եկավ դեմոկրատ սենատոր Ռիչարդ «Դանանգ Դիք» Բլյումենթալի թեման։ Ինչպես բոլորը հիշում են, «Դանանգը» գրեթե քսան տարի հայտարարում էր, որ ինքը Վիետնամի հպարտ վետերան է, որը վերապրել է պատերազմի ամենավատ դրվագները, տեսել է վիրավորներին ու մահացածներին, երբ վազել է բլուրներով ու հովիտներով, իսկ արյունը հոսել է իր դեմքով։ Նա «Մեծ հերոս» էր, նա պատմում էր այդ ամենի մասին բոլոր նրանց, ովքեր համաձայնում էին լսել, և հետո տեղի ունեցավ սա: Նա ԲԱՑԱՐՁԱԿ ԽԱԲԵԲԱ էր։ Նա երբեք չի եղել Վիետնամում, նա երբեք չի տեսել Վիետնամը, նա երբեք չի մասնակցել մարտերին ո՛չ այնտեղ, ո՛չ որևէ այլ վայրում։ Նրա ռազմական հերոսի կարգավիճակը և նույնիսկ մեր բանակում նվազագույն ծառայությունը լիովին ԿԵՂԾ էին», – նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ դա շատ ավելի վատ է, քան այն, ինչ արել է Ջորջ Սանթոսը, «և, համենայնդեպս, Սանթոսը բավականաչափ քաջություն, համոզմունք և խելք ուներ, որպեսզի միշտ քվեարկեր ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՏԻՆ»։
«Ջորջը երկար ժամանակ գտնվել է մենախցում և ընդհանուր առմամբ, ենթարկվում էր սարսափելի վերաբերմունքի։ Ուստի ես նոր ստորագրեցի պատժի մեղմացման մասին հրամանը, անհապաղ ազատելով Ջորջ Սանթոսին բանտից։ Հաջողություն, Ջորջ, լավ կյանք քեզ», – եզրափակել է ԱՄՆ նախագահը։
Ինչպես նշում է AFP-ն, ԱՄՆ նախագահի կողմից պատժի մեղմացումը տարբերվում է ներումից նրանով, որ մնում է ուժի մեջ մեղադրական սկզբնական դատավճիռը, բայց մեղմացվում է կայացված դատավճիռը։
Նյու Յորք նահանգից 37-ամյա նախկին կոնգրեսական Ջորջ Սանթոսը բանտարկվել է հուլիսին՝ այն բանից հետո, երբ ապրիլին դատապարտվել է յոթ տարի և երեք ամիս ազատազրկման՝ արշավի դոնորների անձնական տվյալները գողանալու և նրանց կրեդիտ քարտերն օգտագործելու համար, ի թիվս այլ մեղադրանքների։ Կոնգրեսի էթիկայի կոմիտեի հետաքննությունը բացահայտել էր, որ նա գողացված միջոցները ծախսել է բոտոքսով բուժման և OnlyFans պոռնո կայքի վրա, ինչպես նաև շքեղ իտալական ապրանքների և Հեմփթոնում ու Լաս Վեգասում հանգստի վրա։ Սանթոսի տարօրինակ կենսագրական հորինվածքները ներառում էին այն պնդումը, որ նա աշխատել է Goldman Sachs-ում, եղել է հրեա և ուսանողական վոլեյբոլի աստղ։
Նա 2023 թվականին հեռացվել է Ներկայացուցիչների պալատից՝ այդ պաշտոնում ընտրվելուց մեկ տարի անց՝ դառնալով ընդամենը երրորդ մարդը, որը զրկվել է ԱՄՆ կոնգրեսականի պաշտոնից Քաղաքացիական պատերազմից ի վեր. նախկինում դա վերաբերում էր դավաճաններին և դատապարտված հանցագործներին։