
Ինչո՞ւ է բարձրանում կամ նվազում զարկերակային ճնշումը, ո՞ր օրգաններն են պատճառը, ինչպե՞ս կանխել․ Սրտաբանի պարզաբանումը
Արյան բարձր ճնշումը տարածված հիվանդություն է, որն ազդում է զարկերակների վրա: Այն նաև կոչվում է գերճնշում կամ հիպերտենզիա:
Օրգանիզմին հասցվող վնասների, գերճնշման նվազեցման, բուժման մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, ընտանեկան բժիշկ, սրտաբան, «Կարդիոմեդ ԸԲԿ» հիմնադիր-տնօրեն Սամվել Հայրումյանի հետ։
– Ի՞նչ է զարկերակային ճնշումը, և ո՞ր դեպքում է այն համարվում բարձր։
– Բոլոր մարդիկ ունեն զարկերակային ճնշում, և այն կազմված է երկու բաղադրիչից՝ սիստոլիկ և դիաստոլիկ։ Նորմայում 110/120 մմ.ս.ս. է։
Հաճախ լինում է նաև առանց գանգատի բարձր ճնշում, իսկ դրա համար կա սկրինինգը։ Ցանկացած մեծահասակ քաղաքացի, որը դիմում է պոլիկլինիկա որևէ խնդրով, ցանկալի է, որ ճնշման ցուցանիշները ևս չափեն, որովհետև կարող է երկար տարիներ մարդը բարձր ճնշում ունենա, ու այսպես կհայտնաբերեն։
Ցավոք, մարդիկ մտածում են, որ եթե գանգատ չունեն, ուրեմն վնաս չէ։ Այդպես չէ։ Եթե ճնշման ցուցանիշները նորմայից բարձր են, օրգանիզմին վնաս է հասցվում։
– Ամեն մարդ չունի՞ իր ճնշման նորման։
– Հաճախ երեխաների, դեռահասների, երիտասարդների մոտ կարող է ճնշումը լինել 90/60, և դա իր համար լինի նորմա։ Այդ պարագայում դա անհանգստացնող չէ։ Սովորաբար ուղեցույցներով նորմալ ցուցանիշը սիստոլիկ ճնշման համար համարվում է մինչև 120 մմ.ս.ս., իսկ դիաստոլիկի համար՝ մինչև 79 մմ.ս.ս.-ը։ Երբ 120 մմ.ս.ս.-ից բարձրանում է մինչև 139 մմ.ս.ս., և դիաստոլիկ ճնշման համար՝ 80-89 մմ.ս.ս., սա արդեն համարվում է բարձրացած զարկերակային ճնշում։ Սակայն սիստոլիկը՝ 140 մմ.ս.ս.-ից, իսկ դիաստոլիկի դեպքում՝ 90 մմ.ս.ս.-ից ավելին արդեն համարվում է զարկերակային գերճնշում, կամ ինչպես նախկինում ասում էին՝ հիպերտոնիկ հիվանդություն, որն արդեն պահանջում է բուժում։
– Եթե անձը մինչև 45 տարեկան է, սիստոլիկ ճնշումը 140 մմ.ս.ս. է։, բուժում պահանջվո՞ւմ է, թե՞ երիտասարդ է, դեղ պետք չէ խմել։
– 140/90-ն արդեն համարվում է առաջին աստիճանի զարկերակային գերճնշում։ Նոր ուղեցույցով այդ թվերի ժամանակ արդեն խորհուրդ է տրվում սկսել բուժումը։ Բայց մեկ անգամ չափելով չենք բավարարվում։ Առաջին հերթին խորհուրդ ենք տալիս առողջ ապրելակերպ վարել, և կրկնակի այց ենք նշանակում 1-2 շաբաթ հետո։ Եթե համոզվում ենք, որ ճնշումը բարձր է, նշանակում ենք դեղորայքային բուժում։ Սակայն սիստոլիկ 120-139 մմ.ս.ս.-ի և դիաստոլիկի դեպքում՝ 80-89 մմ.ս.ս.-ը համարվում է բարձրացած, բայց ոչ գերճնշում։ Երիտասարդներին այս պարագայում չենք նշանակում դեղորայք։ Որպես կանոն՝ մեր խորհուրդներից հետո ճնշումը կարգավորվում է։
Բայց եթե բուժառուն ունի սիրտ-անոթային հիվանդության ռիսկի գործոններ, շաքարային դիաբետ, բարձր խոլեստերինի ցուցանիշներ, ժառանգական նախատրամադրվածություն, ծխում է, ունի ավելորդ քաշ, պետք է նշանակել բուժում։
– Ասացիք, որ խորհուրդ եք տալիս առողջ ապրելակերպ վարել։ Սա ի՞նչ է ենթադրում։
– Կերակրի աղի սահմանափակում։ Հետազոտություններ կան, որ ՀՀ-ում արտադրվող սննդատեսակներում աղը մի քիչ շատ է։ Ցավոք, նորմատիվները շատ խիստ սահմանված չեն, չեն վերահսկվում, և խանութից որ գնում ենք հաց, պանիր, երշիկ, նրբերշիկ, աղն արդեն շատ է ու դրա հետ միասին, եթե լրացուցիչ աղ ենք ավելացնում ճաշերին կամ այլ սննդատեսակներին, մեծամասամբ առկա է աղի չարաշահում։ Իրականում նորման 5 գրամն է։ Մեկ թեյի գդալ աղի մասին է խոսքը։ Դրանից ավելին արդեն համարվում է չարաշահում, և պետք է սահմանափակել։
Երկորդ կարևոր խորհուրդը ֆիզիկական ակտիվությունն է։ Խորհուրդ ենք տալիս գոնե շաբաթական 5 օր 30 րոպե թեթև ֆիզիկական վարժություն կատարել, օրինակ, քայլք, վազք և 2 օրն էլ մի քիչ ավելի ծանր ֆիզիկական վարժություններ կատարել։
Ավելորդ քաշի դեպքում խորհուրդ ենք տալիս նվազեցնել այն։ Խորհուրդ է տրվում նաև քաղցրի, շաքարի, ճարպի, ծխախոտի սահմանափակում։ Կան հստակ հետազոտություններ, որ եթե խորհուրդներին հետևում են, 6 ամսվա ընթացքում հաջողվում է սիստոլիկ ճնշումը 5 մմ.ս.ս.-ով, դիաստոլիկը՝ 2-3 մմ.ս.ս.-ով իջեցնել։
Ճնշման նվազեցումն էականորեն պակասեցնում է սպասվող սիրտ-անոթային բարդությունների ռիսկը՝ սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ, երիկամների հիվանդություն, աչքերի վնասում։ Թվարկվածները համարվում են ճնշման թիրախ-օրգաններ։
– Բարձր ճնշումը ենթադրում է, որ անպայման սրտի հետ կապված խնդի՞ր է ունենալու։
– Եթե երիտասարդ տարիքում ճնշման բարձրացում է լինում, դա հիմնականում պայմանավորված է այլ օրգան-համակարգերի հիվանդությամբ։ Դա կոչվում է երկրորդային գերճնշում։ Ամենահաճախը երիկամների հիվանդություններն են, որոնք կարող են հանգեցնել ճնշման բարձրացման։ Հաճախ էնդոկրին հիվանդությունները, օրինակ, վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձի պատճառով առաջացած ճնշումը կոչվում է երկրորդային գերճնշում։ Այսինքն, առաջնային հիվանդությունը հայտնաբերելով և բուժելով՝ կարող ենք կարգավորել ճնշումը։ Իսկ մեծահասակների մոտ կարող է առաջնային որևէ օրգանի հիվանդություն չլինել, և սա համարում ենք զարկերակային գերճնշում։
– Եթե երիկամում քար կա՝ մեխանիկորեն ճնշումը բա՞րձր է։
– Չէ։ Երիկամի քարը կարող է տարիներով լինել ու չխանգարել, սակայն, եթե գնա ու խցանվի միզածորանը և արդյունքում վնասվի երիկամը, կարող է երկրորդային գերճնշում առաջանալ։ Նույն ձևով, եթե հաճախակի ունենում են միզուղիների վարակներ, բորբոքումներ, ոչ լավ բուժման դեպքում կարող են տարիների ընթացքում վնասել երիկամները, առաջանա երիկամային գերճնշում։
– Բարձր խոլեստերինը նպաստո՞ւմ է ճնշման բարձրացմանը, կամ, եթե ճնշումը բարձր է, սա ենթադրո՞ւմ է, որ խոլեստերինը բարձր է։
– Չէ։ Խոլեստերինի բարձրացումն առանձին, անկախ ռիսկի գործոն է։ Նույն ձևով նաև գլյուկոզայի բարձր պարունակությունը, երբ առաջանում է շաքարային դիաբետ։ Դրանք առանձին ռիսկի գործոններ են։ Եթե զարկերակային գերճնշումն ուղեկցվում է նաև խոլեստերինի բարձրացումով, բարդությունների հավանականությունը մեծանում է։ Խոլեստերինի բարձրացումը չի ուղեկցվում որևէ գանգատով, բայց դանդաղ իր սև գործն անում է։ Տարիների ընթացքում անոթների պատերը սկսում են կարծրանալ վատ խոլեստերինի արդյունքում, նեղանալ և այդ հատվածում հեշտությամբ թրոմբ կարող է առաջանալ։ Եվ եթե այդ պրոցեսը լինում է սրտամկանը սնուցող զարկերակներում՝ առաջանում է սիրտ-անոթային ինֆարկտ, իսկ ուղեղի անոթների դեպքում՝ իշեմիկ ինսուլտ։ Նույնը կարող է լինել երիկամների զարկերակներում, ստորին վերջույթների կամ քնային զարկերակներում։
Դրա համար զարկերակային գերճնշումով բուժառուները տարին մեկ պետք է ստուգեն խոլեստերինը, գլյուկոզան, շեղումների դեպքում նշանակեն համապատասխան բուժում։
– Հնարավո՞ր է, որ մարդու ճնշումը բարձրանա միայն գիշերը։
– Այո։ Հետազոտություններ կան, որ լուսադեմին հաճախ են լինում ինսուլտներ կամ սուր սրտային պատահարներ, դրա համար զարկերակային գերճնշման ոսկե ստանդարտ համարվող հետազոտություն կա, հատուկ սարք է՝ էլեկտրոնային տոնոմետր, միացնում են մարդու ձեռքին, գիշերը 20-30 րոպեն մեկ ավտոմատ միանում, ճնշումը չափում ու գրանցում է։ Սրա շնորհիվ հայտնաբերում ենք ճնշման բարձրացումները և նշանակումներն այնպես ենք անում, որ ունենանք նորմալ թվեր։
– Հաճախ ասում են, որ եթե ճնշումը բարձր է, պետք է ոտքերը դնել տաք կամ սառը ջրի մեջ։ Հիմա տա՞ք, թե՞ սառը։
– Միանշանակ տաք։ Տաք ջուրն անոթները լայնացնում է, և դրա արդյունքում ճնշումն իջնում է։ Օրինակ, ամառվա շոգերին հաճախ ճնշման ցուցանիշները նվազում են, և մենք երբեմն դեղաչափը պակասեցնում ենք։ Սառը, հակառակը, նպաստում է անոթների սպազմին։ Ի դեպ, եթե ճնշումը ցածր է, սառը ջուրը կնպաստի, որ մի քիչ բարձրանա։
– Եթե ճնշումը գիշերն է բարձրանում, ճիշտ կլինի դեղը գիշե՞րը խմել։
– Այսօրվա դեղերի մեծամասնությունը 24-ժամյա ազդեցություն ունեն։
– Արդյո՞ք 50 տարեկանից հետո բոլորն ունենում են բարձր զարկերակային ճնշում։
– Չէ։ Հայաստանում մի քիչ շատ է բարձր ճնշում ունեցողների թիվը։ Մեծահասակ բնակչության գրեթե 50 տոկոսն ունի բարձր ճնշում։ Իրականում սարսափելին ոչ թե այն է, որ ճնշում ունեցողները շատ են, այլ այն, որ չգիտեն այդ մասին, բուժում չեն ստանում։
– Գերճնշման ախտանշանները որո՞նք են։
– Գերճնշումը վնասում է 4 հիմնական թիրախ-օրգանների՝ սիրտ, գլխուղեղ, երիկամներ, աչքեր։ Եվ կախված նրանից, թե բուժառուի մոտ որ օրգան-համակարգն է ավելի շատ ախտահարվում, գանգատները դրան համապատասխան են լինում։ Օրինակ, եթե սիրտն է ախտահարվում, պատերը հաստանում են, առաջանում է սրտամկանի գերաճ, դա հանգեցնում է դիաստոլիկ սրտային անբավարարության։ Հաճախ հանդիպող գանգատներից է ֆիզիկական ակտիվության ժամանակ հևոցը։ Կարող է ավելի վատ բարդության նշան լինել՝ կրծքավանդակում ծանրության զգացողություն, ցավեր ֆիզիկական ակտիվության ժամանակ։ Սա արդեն խոսում է սրտի իշեմիկ հիվանդության մասին։
Եթե վնասվել է գլխուղեղը՝ կլինի գլխապտույտ, գլխացավ, ծոծրակային ցավեր, ներգանգային ճնշման արդյունքում՝ նաև սրտխառնոց։ Երիկամների վնասումների դեպքում՝ հաճախամիզություն, գիշերամիզություն։ Աչքերի վնասման դեպքում՝ տեսողության խանգարում, ստորին վերջույթների զարկերակների վնասումների դեպքում լինում է ընդմիջվող կաղություն․ մարդը 100-200 մետր քայլելիս վերջույթներում սուր ցավեր է ունենում, որը ստիպում է հանգստանալ։ Կարող է քայլելու ընթացքում լինել նաև վերջույթների թուլություն։
– Թիակային հատվածի ցավը նո՞ւյնպես կապված է բարձր ճնշման հետ։
– Սրտի իշեմիկ հիվանդության դեպքում ամենատիպիկ ցավերից կրծքավանդակում ծանրությունն է՝ ֆիզիկական ակտիվության ժամանակ։ Տևում է 10-15 րոպե և մեղմանում է հանգստանալուց կամ Նիտրոգլիցերինի ենթալեզվային ընդունումից հետո։
Բայց ոչ տիպիկ դրսևորումներ կարող են լինել, օրինակ, կրծքավանդակի ցավը տարածվի դեպի թիակ, վերին վերջույթներ, որովայն, ստամոքս, ստորին ծնոտ։ Այստեղ կարևոր է այն հանգամանքը, թե ցավը ե՞րբ, ի՞նչ հանգամանքում է առաջանում։ Եթե բուժառուն ասում է, որ ցավն առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ֆոնին, այսինքն՝ արագ քայլելուց, մի քանի հարկ բարձրանալուց, այդ ժամանակ դա զգուշացնող է։ Սակայն, երբ ցավն առաջանում է կողքի շուռ գալուց, պառկելուց, կռանալուց, այդ դեպքում ավելի շատ պետք է մտածենք, որ կարող է պայմանավորված լինել նյարդամկանային ծագումով։ Հանգիստ վիճակում սրտի ծակոցները ևս կարող են լինել նյարդային ծագման։
– Զարկերակային ցածր ճնշման ախտանշանները որո՞նք են։
– Մարդիկ կան, որ իրենց ճնշումը միշտ ցածր է՝ 90-60 մմ․ս․ս.։ Կարող է ոչ մի գանգատ չունենան, ոչ մի միջամտություն չպահանջվի՝ հատկապես դեռահասների, երիտասարդների մոտ։ Սակայն, եթե այդ ճնշումը հասնի ցածր թվերի, այդտեղ կան անհանգստացնող բազմաթիվ ախտանշաններ։ Օրինակ, կարող է առաջանալ ուժեղ թուլություն, գլխապտույտ, սրտխփոց, կրծքավանդակում սեղմոց, ծանրություն։ Երբեմն առաջանում է ուշաթափություն, գիտակցության կորուստ։ Այս ամենը զգուշացնող նշան է․ պետք է անմիջապես դիմել բժշկի։
– Ինչո՞ւ են ասում, որ զարկերակային ցածր ճնշումն ավելի շատ բնորոշ է երիտասարդներին։
– Օրգանիզմի առանձնահատկությունն է այդպես։ Երեխաների մոտ ավելի ցածր է, դեռահասների, երիտասարդների մոտ և տարիքի հետ որոշ բարձրացումներ նկատվում են։ Դա պայմանավորված է օրգանիզմի նյարդային համակարգի, բազմաթիվ բարդ պրոցեսների հետ, որոնք պայմանավորում են փոքր տարիքում ավելի ցածր ճնշում։
– Զարկերակային ցածր ճնշման դեպքում ճի՞շտ է բերանում պանրի փոքր կտոր պահելը։
– Այստեղ ավելի շատ աղի օգտագործումն է․ պանիրն աղի է, երևի դրա համար են ասում։ Շատերի մոտ ընդունված է քաղցրաջուր խմելը, շոկոլադ ուտելը, բայց ավելի ճիշտ է աղաջուր օգտագործելը, եթե ճնշման ցածրացումից վատ են զգում։ Եթե տարիքով մարդու մոտ անսովոր ցածր ճնշման թվեր հայտնաբերվեն, պետք է բացառել լուրջ բարդությունները։
– Զարկերակային ճնշումը չափելու տարբեր սարքեր կան, որո՞նք են ճիշտ չափում։
– Ոսկե ստանդարտ են համարվել սնդիկային ճնշաչափերը, բայց սնդիկի թունավոր լինելու հետ կապված՝ ԵՄ երկրներում արգելվեցին այդ սարքերը։ Այժմ շատ են տարածված էլեկտրոնային ճնշաչափերը։ Այն կազմակերպությունները, որոնք արտադրում են, պետք է անցնեն հատուկ ստուգաչափումներ, որպեսզի այդ սարքը համարվի վալիդացված։ Բայց կան ոչ վալիդացված սարքեր, որ կարող են ոչ ճշգրիտ չափել։ Եթե մարդն ունի սրտի ռիթմի խանգարում, էլեկտրոնային ճնշման չափիչ սարքերը տարբեր թվեր են ցույց տալիս, ուստի ավելի պրոֆեսիոնալ մոտեցում են պահանջում։
Ճնշումը չափելուց առաջ պետք է մարդը 10-15 րոպե հանգիստ նստի․ 20-30 րոպե առաջ ծխած չլինի, թունդ սուրճը ևս կարող է մի քիչ բարձր ցուցանիշ ցույց տալ։
Ամեն ձեռքին պետք է կատարել երեք չափում՝ 1-2 րոպե ընդմիջումով՝ հայտնաբերելու համար, թե որ ձեռքին է ավելի բարձր թիվ։ Երկու ձեռքում էլ կարող է 5-10 մմ․ս․ս-ի տարբերություն լինել։ Որպես հիմք վերցնում ենք ավելի բարձր ճնշումով ձեռքի ցուցանիշը։
– Հատկապես հայերը սիրում են հարևանների, բարեկամների դեղերից խմել, ի՞նչ վնասներ կարող են լինել։
– Նման դեպքերը հիասթափեցնում են։ Ես իզուր եմ չարչարվել բուհ ընդունվել, սովորել, 30 տարի է՝ աշխատում ու անընդհատ սովորում եմ, բայց այդքան հեշտ կարելի է ճնշման բուժում նշանակել։ Այդ սխալից պետք է խուսափել, որովհետև նախքան դեղը նշանակելը հաշվի ենք առնում տվյալ մարդու գանգատները, ուղեկցող հիվանդությունները, որովհետև դեղեր կան, որ ցանկալի չեն այս կամ այն հիվանդության դեպքում։ Տարբեր օրգանիզմներ են, ո՞նց կարելի է հեշտորեն վերցնել ու խմել։
Ցավոք, մեզ մոտ բժշկի դիմելու մշակույթը լավ զարգացած չէ։ Սպասում են, լուրջ խնդրի դեպքում են դիմում, ինչը ճիշտ չէ։ Առողջապահական ապահովագրության ներդրմանը սպասում են բոլոր բժիշկները, որովհետև նախատեսված է երկու տարին մեկ պարտադիր բժշկի այցելելը, որպեսզի ապահովագրության փաթեթն ակտիվանա։
– Ո՞ր տարիքից սկսած պետք է հետևել ճնշմանը։
– Սովորաբար չափահաս տարիքում ժամանակ առ ժամանակ պետք է ստուգել։ Եթե անգամ գնում են տեղեկանքի՝ պատվաստման համար, ցանկալի է ստուգել՝ անկախ նրանից՝ գանգատ կա՞, թե՞ ոչ։