
Հնդկաստանն արձագանքել է Թրամփի հայտարարությանը Նյու Դելիի կողմից ռուսական նավթից հրաժարվելու մասին

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ վարչապետ Նարենդրա Մոդին հավաստիացրել է իրեն, որ Հնդկաստանը կդադարի ռուսական նավթ գնել:
The Times of India պարբերականը նշում է, որ ըստ գերատեսչության՝ Հնդկաստանի ներմուծման քաղաքականությունը որոշելիս «առաջնահերթություն է տրվում հնդիկ սպառողների շահերի պաշտպանությանը»:
Ըստ ԱԳՆ խոսնակի՝ էներգակիրների կայուն գինը և անխափան մատակարարումները Հնդկաստանի էներգետիկ քաղաքականության երկու նպատակներն են:
«Սա ներառում է էներգիայի մեր աղբյուրների ընդլայնում և դիվերսիֆիկացում այնպես, որ դրանք համապատասխանեն շուկայական պայմաններին», – նշել է գերատեսչության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը:
Պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը հետաքրքրություն է ցուցաբերել Հնդկաստանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը խորացնելու գործում, այժմ քննարկումներ են ընթանում:
Թրամփը հայտարարել էր, որ Մոդին խոստացել է դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումը, ինչի պատճառով Սպիտակ տունն ավելի վաղ բարձրացրել էր Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը: