
Հյուսիսային Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները հանդես են եկել կոչով

Հյուսիսային Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները կոչով դիմել են ՀՀ իշխանությանը և մտահոգություն հայտնել ՀՀ-ում տեղի ունեցող վերջին ձերբակալությունների կապակցությամբ։ Հայտարարությանը միացել են Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը և Կանադահայ թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։
«Ձերբակալված հոգևորականները ճանաչված են իրենց նվիրումով, խոնարհությամբ և ժողովրդին ու Ավետարանին ծառայությամբ։ Նման վերաբերմունքը վտանգի տակ է դնում մեր ազգի բարոյական և հոգևոր հիմքերը, խաթարում է եկեղեցու սրբազան դերը մեր ազգային կյանքում»,- նշված է հայտարարության մեջ։
Նրանք ՀՀ իշխանություններին հորդորել են ապահովել արդարություն, թափանցիկություն և օրենքի պատշաճ կատարում, հարգել Հայ եկեղեցու պատմական անկախությունն ու սրբազան առաքելությունը։
Թեմակալ առաջնորդները շեշտել են, որ այս դժվարին պահին միասնաբար կանգնում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, հոգևորականության և բոլոր հավատացյալների կողքին՝ թե՛ Հայաստանում, թե սփյուռքում։
Հոգևորականները հրավիրել են միասնական աղոթքի՝ իմաստնության, խաղաղության, հայրենիքում վստահության և միաբանության վերականգնման համար։