Ամուլսարի հանքավայրում հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 10-ին այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան Արմենիա» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Այցին մասնակցել են Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է 960 անձի համար նախատեսված բնակավանում, ծանոթացել աշխատակիցների կեցության պայմաններին։

Ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750 միլիոն ԱՄՆ դոլար, որից 250 միլիոնը նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար։

«Ամուլսարի ծրագիրը մեր երկրի ամենամեծ ներդրումային նախաձեռնություններից է․ այն միաժամանակ խթանում է արդյունաբերության զարգացումը, ստեղծում նոր աշխատատեղեր և ապահովում զգալի հարկային մուտքեր պետական բյուջե», -նշել է նախարարը։

Նա հետևել է Ամուլսարի հանքավայրի տարածքում ենթակառուցվածքների և հիմնական շինարարական օբյեկտների լայնածավալ աշխատանքներին, որոնցում ներգրավված է 10-ից ավելի ընկերություն։

Հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ։ Վերջնական արտադրանքը լինելու է դորե՝ ոսկու և արծաթի համաձուլվածք:

Ոսկու ներկայիս շուկայական գների հաշվարկով տարեկան վճարվելիք հարկերն ու ռոյալթիները շահագործման ընթացքում կազմելու են ավելի քան 120 միլիոն ԱՄՆ դոլար։

Շահագործման ընթացքում ստեղծվելու է ավելի քան 1000 աշխատատեղ։ Ընկերությունը նաև պարտավորվել է տարեկան 7 միլիոն ԱՄՆ դոլար վճարել Ամուլսարի շրջակա խոշորացված Վայք, Սիսիան և Ջերմուկ համայնքներին։

Հոկտեմբերի 1-ի դրությամբ Ամուլսարի ծրագրում ներգրավված է եղել 890 աշխատակից։

Տեսանյութեր

Լրահոս