
«Թող անթրաշ Նիկոլը թրաշված Նիկոլի հետ բանավիճի, նախագահներից ի՞նչ է ուզում». Էդուարդ Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգության մասին խոսել է 2020 թվականի հունվարին Կապանում՝ ասուլիսի ժամանակ։
«Գրեթե բառացի մեջբերում եմ Փաշինյանի ասածները՝ նա ասում էր. «Ըստ Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթղթի, Արցախում ԵԱՀԿ կամ ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է իրականացվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե, որի վերնագիրը, անվանումը որևէ բանով սահմանափակված չի լինի»։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է փաստում, որ մենք՝ հանրապետականներս, նախագահի գլխավորությամբ իրեն ժառանգել ենք մի փաստաթուղթ, ըստ որի՝ գլխավոր հարցն Արցախի կարգավիճակի հարցն է։ Այսինքն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի գալը, խոսել, որ Արցախը տված է եղել Ադրբեջանին՝ անհեթեթություն է, մարազմ, դավաճանություն։ Ֆիքսում ենք, որ կարգավիճակի հարցը եղել է, իսկ եթե կարգավիճակի հարց եղել է, նշանակում է՝ Արցախն Ադրբեջանի կազմում մինչև 2018 թվականը չի եղել և չէր կարող լինել՝ ո՛չ տեսականորեն, ո՛չ էլ գործնականորեն»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Նա նաև հիշեցրեց, որ 2020 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հովանու ներքո։ Նաև հիշեցրեց, որ նույն Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Արցախի հարցը պետք է լուծի ոչ թե Ալիևը, Նիկոլ Փաշինյանը կամ Էդուարդ Շարմազանովը, այլ Արցախի ժողովուրդը։
«Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցել է մի փաստաթուղթ, որտեղ Արցախի ժողովուրդը պետք է որոշեր իր ճակատագիրը, և որևէ մեկը չէր կարող կասկածի տակ դնել Արցախի ժողովրդի որոշումը։
Նիկոլն առանց որևէ մեկին հարցնելու՝ այդ փաթեթը մի կողմ դրեց, գնաց ու հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ մինչ այդ հայտարարեց, որ՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում եմ», հիմա եկել՝ ումի՞ց է բողոքում, ի՞նչ է ասում։
Նիկոլն ինքն իր ասածների մեջ խճճվել է։ Հիմա թող գնա ինքը՝ անթրաշ Նիկոլը, բանավիճի թրաշով Նիկոլի հետ, իրար տան ջարդեն, ՔՊ-ն էլ թող երկու մասի բաժանվի, մի մասը լինի անթրաշների, մի մասը՝ թրաշովների կողմը։ Թող իրենք իրար հետ կռվեն, նախագահներից ի՞նչ է ուզում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում