Ադրբեջանը հող է պատրաստում Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի համար. Թրամփի հեռախոսահամարը դժվար թե փրկի իրավիճակը. Գրիգոր Բալասանյան

Ադրբեջանը հերթական անգամ պահանջել է, որպեսզի Հայաստանը փոխի Սահմանադրությունը։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ «Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հեռացնի Ադրբեջանի նկատմամբ պահանջները։ Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն։

Այս պատմական հնարավորությունը պատշաճ կերպով գնահատելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար, անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ»։

Չնայած Ադրբեջանի կողմից արվող այդ հայտարարություններին ու ներկայացվող պահանջներին, որոնք, ի դեպ, բազմիցս հնչեցրել է նաև Ալիևը, ՀՀ իշխանությունը խոսում է միայն ու միայն խաղաղության մասին՝ շեշտելով, որ՝ «Ադրբեջանի հետ խաղաղությունն արդեն փաստ է»։

Զուգահեռ՝ նաև ՀՀ իշխանությունը նվազեցնում է ՀՀ ռազմական բյուջեն, ի տարբերություն Ադրբեջանի, որ մի կողմից՝ խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից՝ ավելացնում ռազմական ծախսերը։

Կարդացեք նաև

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, խոսելով ստեղծված վտանգավոր իրավիճակի մասին, երբ ՀՀ-ում իշխանությունները հանրությանը սնում են «խաղաղության» քարոզով, իսկ Ադրբեջանում՝ հակառակը, նկատեց.

«Ադրբեջանն աստիճանաբար ավելացնում է ճնշումը, ավելացնում է նաև հնարավորությունները՝ իր իսկ կողմից այդ պայմանագիրը կյանքի կոչելու համար, միևնույն ժամանակ ստանալու հնարավորություն՝ Հայաստանին մեղադրելու պայմանագիրը խախտելու, հետևաբար՝ իր կողմից նաև ռազմական գործողությունների դիմելու «լեգիտիմ իրավունք» ստանալու համար, հատկապես՝ Թրամփի աչքում։ Այս դեպքում Թրամփի հեռախոսահամարը դժվար թե փրկի իրավիճակը, քանի որ պայմանագիրն ի սկզբանե այնպես է կառուցված, որ հստակ հոդված կա՝ եթե կողմերից մեկը հրաժարվում է կատարել ստանձնած պարտավորությունը, ապա ըստ էության պայմանագիրը դադարում է գոյություն ունենալ»։

Ըստ միջազգայնագետի, երբ ՀՀ իշխանությունն օգոստոսի 8-ին նախաստորագրած պայմանագիրը հպարտորեն ներկայացնում է որպես պատմական հաղթանակ, հավանաբար Վաշինգտոնում Ադրբեջանին չի ասել, որ Սահմանադրության փոփոխություն նախատեսվում է 2027 թվականին, այլ ոչ թե 2026 թվականին։

«Հայաստանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում այս ժամանակահատվածում չի կարող Սահմանադրություն փոխել, սա բոլորն էլ հասկանում են։ Կարծում եմ՝ Ադրբեջանն էլ շատ լավ հասկանում է, բայց իրեն լեգիտիմ պատճառ է պետք Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։ Դրա համար Ադրբեջանը հանկարծ հիշել է օգոստոսի 8-ին նախաստորագրած պայմանագրի մասին։

Ադրբեջանը նաև օգտվում է այն հանգամանքից, որ Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը չի պնդել, որպեսզի փոխվի այն կետը, ըստ որի, եթե կողմերից մեկը հայտարարում է պայմանագիրը չկատարելու մասին, ուրեմն՝ այն դադարեցվում է»,- 168.am-ի շեշտեց Գրիգոր Բալասանյանը։

Ինչ վերաբերում է տարբեր երկրների կողմից օգոստոսի 8-ին Հայաստանի կողմից իրականացրած քայլը ողջունելուն և հարցին՝ Ադրբեջանի կողմից ագրեսիա իրականացնելու դեպքում այդ երկրներից որևէ մեկը կարո՞ղ է կանգնել Հայաստանի կողքին և զսպել Ադրբեջանի հարձակումը, Գրիգոր Բալասանյանը պատասխանեց, որ այդ երկրները ողջունում են միայն մեկ բանի համար՝ հույս ունեն, որ անընդհատ ողջունելով՝ կհասնեն նրան, որ Հայաստանին աստիճանաբար կհեռացնեն Ռուսաստանից։ Նրա համոզմամբ՝ սա է այդ երկրների համար գլխավոր նպատակը։

«Նրանք խորապես թքած ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի վրա, որովհետև այդ երկրների մի մասը նույնիսկ Հայաստանի հստակ տեղն էլ չգիտի։ Նույն Թրամփի վերաբերմունքն արդեն ամեն ինչի մասին խոսում է, Հայաստանն անընդհատ համարելով Ալբանիա, Ադրբեջանին՝ Կամբոջա, Նիկոլ Փաշինյանին ասելով՝ «այն տղան»։ Սա խոսում է այն մասին, որ Թրամփը խորամուխ էլ չի եղել խնդրին, հետևաբար՝ իրենք ոչինչ չեն անելու հնարավոր ռազմական գործողությունները կանխելու համար։

Ավելին՝ Իրանի դեմ առաջիկա ռազմական գործողությունների պլանավորումը բթացրել ու խլացրել է նրանց։ Ադրբեջանն այդ դեպքում նրանց ասելու է, որ պարզապես աջակցում է, որպեսզի հսկողության տակ վերցնեն հայ-իրանական սահմանը, որպեսզի Իրանը չկարողանա Ռուսաստանից ցամաքային ճանապարհով օգնություն ստանալ։ Սա Արևմուտքի աչքում կերևա որպես 100 տոկոսանոց ճշմարտություն»,- շեշտեց Գրիգոր Բալասանյանը։

Միջազգայնագետի կարծիքով՝ միայն մեկ պետություն կա, որ կարող է այս ամենը կանգնեցնել և թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում, իսկ այդ դեպքում օգոստոսի 8-ը շատ արագ պետք է վերադառնա դեպի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն։ Հակառակ պարագայում Ռուսաստանը ևս որևէ բան չի անելու Ադրբեջանին կանգնեցնելու համար, քանի որ Հայաստանն ինքը չի ուզում։

Հարցին՝ Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակությունները՝ առանց միջնորդի, արդեն փա՞ստ է, թե՞ Միացյալ Նահանգներն է ստանձնել այդ միջնորդի դերը, Գրիգոր Բալասանյանը պատասխանեց.

«Ուղիղ բանակցությունները միֆ է, ամեն դեպքում ուղիղ բանակցությունները կազմակերպվում է երրորդ կողմից, և այսօր այնպես չէ, որ Հայաստանի ղեկավարը զանգահարում է Ալիևին ու ասում՝ արի հանդիպենք, կամ՝ հակառակը։ Այդ հանդիպումը տեղի է ունենում ինչ-որ հարթակներում՝ երրորդ կողմի կազմակերպմամբ։ Հայաստանի իշխանությանը տանում, ուղղակի նստեցնում են բանակցությունների սեղանի շուրջ՝ լավ հասկանալով, որ Ադրբեջանի պահանջներին  որևէ կերպ չի հակադարձելու։ Կներեք, բայց սա արդեն բանակցություն չէ, այլ անվանում ունի, որն առհասարակ կապ չունի բանակցությունների ու դիվանագիտության հետ»։

Տեսանյութեր

Լրահոս