
«Wizz Air» ավիաընկերությունը պաշտոնապես բազավորվեց Զվարթնոց օդանավակայանում

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ հունգարական «Wizz Air» ավիաընկերության բազայի բացման պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին «Wizz Air» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոլանդ Թիշները, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԷՆ Տուրիզմի կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը և այլ պաշտոնատար անձինք:
«Զվարթնոց» օդանավակայանում կբազավորվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ, որոնք նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև՝ աղմուկի 50%-ով նվազեցում:
Այսօրվանից սկսած ավիաընկերությունն առաջարկում է 8 նոր ուղղություններ դեպի Եվրոպա՝ Պրահա (մեկնարկել է), Համբուրգ (մեկնարկել է), Նեապոլ (մեկնարկել է), Փարիզ Բովե (հոկտեմբերի 2-ից), Պաֆոս (հոկտեմբերի 2-ից), Բարի (հոկտեմբերի 26-ից), Բուխարեստ (հոկտեմբերի 26-ից), Մեմինգեն (հոկտեմբերի 28-ից):
Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 16 ուղղություններով դեպի 9 երկիր:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ բջջային հավելված:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում շարունակական հաջողություններ և անվտանգ թռիչքներ:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ