Թուրքիան թաքցնում է երկրում առկա իրական գնաճը

Պոշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայում առկա գնաճը շարունակում է խորանալ հատկապես այնպիսի ոլորտներում, որոնք մարդկանց առօրյա կյանքի վրա մեծ ազդեցություն ունեն։ Այս իրավիճակին գումարվում է նաև սոցհարցումների այն պատկերը, ըստ որոնց, մարդիկ չեն վստահում երկրի տնտեսությանը և այդ առումով բնավ լավատես չեն։

Թուրքիայի նախագահականի «Ռազմավարության և բյուջեի վարչության» տվյալներով՝ 2025-ի օգոստոսին սպառողական գնաճը կազմել է 2․04%, սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը՝ 3․02%, իսկ անշարժ գույքի շուկայում գրանցված գնաճը՝ 2․66%։

Աղբյուրի համաձայն՝ տարեկան գնաճի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել են հենց անշարժ գույքի շուկայում գրանցված թանկացումները (8.12), սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումը (7.9) և տրանսպորտային ոլորտում հաշվարկված ինլֆյացիան (4.10):

Այսպիսով տարեկան գնաճը օգոստոսի դրությամբ կազմել է 33.00%, իսկ հիմնական ապրանքների խմբում առկա գների տարեկան աճը՝ 19.85%, իսկ ծառայությունների խմբում՝ 45.77%: Չնայած նրան, որ 2024-ի համեմատ (49․4%) տարեկան գնաճը, ըստ պաշտոնական տվյալների, ընդհանուր հաշվարկներով նահանջում է, հասարակության շրջանում կյանքի որակն ու օրվա ապրուստի միջոցները շարունակում են վատթարանալ։

Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ մասնավոր ընկերությունների կողմից իրականացված հետազոտությունները միանգամայն այլ արդյունք են ցույց տալիս, որն էլ արդարացնում է, թե ինչու են 2024-ի համեմատ նվազող տարեկան գնաճի հետևանքները պահպանվում։

Այս տարբերությունների մասին նույնիսկ հոդված է լույս տեսել բրիտանական «BBC» հեռուստաընկերության կայքէջում, որտեղ անդրադարձ է կատարվում «Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) և «Գնաճը հետազոտող խմբի» (ENAG) կողմից հրապարարակված տվյալներին և նշվում, որ դրանց միջև ակնհայտորեն կա շեշտակի մեծ տարբերությունը։

Ըստ TÜİK-ի՝ 2025-ի հունիսին ամսական գնաճը կազմել էր 1․37 տոկոս, իսկ հունիսի դրությամբ տարեկան գնաճը կազմել՝ 35%։ «ENAG»-ի տվյալներով կրկնակի ավել էր թե՛ ամսական գնաճի ցուցանիշը և թե՛ տարեկան․ համապատասխանաբար 3․05% և 68․68%:

Պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների միջև եղած տարբերությունը պահպանվում է մինչ օրս․ եթե «TÜİK»-ի տվյալներով օգոստոսի դրությամբ տարեկան գնաճը կազմել է 33%, ապա «ENAG»-ի տվյալներով՝ այն գերազանցել է 65%-ը։

Թուրքական մամուլում վերոնշյալ պատկերի վերաբերյալ ուսումնասիրություններ և վերլուծություններ կան։ Դրանցում հիմնականում ընդգծվում է այն հարցադրումը, թե ինչու է «ENAG»-ն ավելի վստահելի։ Որպես բավարար պատասխան հիմնականում կատարվում են հետևյալ շեշտադրումները․

«ENAG»-ը՝ ակադեմիկոսներից և տնտեսագետներից կազմված անկախ մի խումբ է, որը վերլուծում է Թուրքիայի տարբեր շրջաններից հավաքված ժամային, օրական և ամսական գնային փոփոխությունները։

Նրանց կիրառած մեթոդները հիմնված են Հարվարդի համալսարանի և «Թուրքիայի արտաքին հետախուզության» (MIT) նման հեղինակավոր հաստատությունների գործնական տեխնիկայի վրա, իսկ ուսումնասիրություններում հաշվի է առնվում մարդկանց կողմից իրականացվող ծախսերը։

Հարկ է նաև շեշտել, որ տվյալների նման շեշտակի տարբերության վերաբերյալ «X» հարթակի օգտատերերի կողմից հրապարակված բազմաթիվ գրառումներում վերջիններս ավելի արժանահավատ են համարում «ENAG»-ի տվյալները՝ ընդգծելով, որ այն շուկայում գների իրական աճն ավելի ճշգրիտ է արտացոլում։ Շատերն էլ քննադատում են պաշտոնական վիճակագրության և իրական պատկերի միջև եղած ահռելի տարբերությունը՝ մատնանշելով, որ «ENAG»-ի թվերը շատ ավելի մոտ են իրականությանը։

Անդրանիկ Տեր-Կարապետյան

Ermeni Haber

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930