Բաժիններ՝

ABC-ն Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ հայտարարություններից հետո դադարեցրել է Ջիմի Քիմմելի հայտնի շոուի հեռարձակումը

Ամերիկյան ABC հեռուստաընկերությունն անորոշ ժամանակով դադարեցրել է հայտնի հեռուստահաղորդավար Ջիմի Քիմմելի մասնակցությամբ «Jimmy Kimmel Live» հաղորդումը՝ Քիմմելի կողմից վերջին հաղորդումների ժամանակ Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ հայտարարությունների պատճառով։ Երեկոյան ժամանցային հաղորդման վերջին թողարկումների ժամանակ Քիմմելը քննադատել էր Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմին Քըրքի սպանության հետ կապված արձագանքների համար՝ նշելով, թե շատ հանրապետականներ ակտիվորեն աշխատում են՝ քաղաքական օգուտ քաղելու ամերիկացի ակտիվիստի սպանությունից։  

Associates Press-ի հաղորդմամբ, Nexstar Communications Group-ը, որի հեռուստակայաններով է իրականացվում ABC—ի հեռարձակումը, անմիջապես արձագանքել էր՝ ասելով, որ սետպեմբերի 17-ից սկսած հանելու է եթերից «Jimmy Kimmel Live»-ը։ Nexstar-ի հեռարձակման բաժնի նախագահ Էնդրյու Ալֆորդը մասնավորապես նշել էր, որ Քըրքի մահվան մասին Քիմմելի հայտարարությունները «վիրավորական և անտակտ են մեր ազգային քաղաքական դիսկուրսի համար այս կրիտիկական ժամանակներում»։ Այս հայտարարությանն անմիջապես հաջորդել է ABC-ի որոշումը՝ եթերից անորոշ ժամանակով հանել «Jimmy Kimmel Live»-ը, որը հեռարձակվում է 2003 թվականից։ 

ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության ակտիվ քննադատ Ջիմի Քիմմելը, ում պայմանագիրը հեռուստաընկերության հետ լրանում է 2026 թվականի մայիսին, որևէ մեկնաբանություն դեռ չի արել։ Փոխարենն ԱՄՆ նախագահ Թրամփը ողջունել է հաղորդումը դադարեցնելու ABC-ի որոշումը։

«Հիանալի լուրեր Ամերիկայի համար․ անկումային ռեյտինգ ունեցող Ջիմի Քիմմելի շոուն չեղարվել է։ Շնորհավորում եմ ABC-ին վերջապես քաջություն ունենալու համար՝ անելու այն, ինչ պետք է արվեր։ Քիմմելն ունի զրո տաղանդ ու ավելի վատ ռեյտինգներ, քան անգամ Քոլբերը»,- Truth Social-ում գրել է Թրամփը՝ նկատի ունենալով ամերիկացի կատակերգու և հաղորդավար Սթիվեն Քոլբերին, ում շոուն CBS հեռուստաընկերությունը ֆինանսական պատճառաբանությամբ հայտարարել է 2026 թվականից դադարեցնելու մասին։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս