
Արագածոտնում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին տղամարդը քարեր է լցրել և արգելում է ճանապարհաշինարարներին աշխատել

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ դեռևս կառուցվող և չշահագործվող «Հյուսիս-հարավ» ճանապարհի Ուջան բնակավայրի վարչական տարածքում քաղաքացին ճանապարհի մոտ 70-100 մետր հատվածում քարեր է թափել և արգելում է ճանապարհաշինարարներին նշված հատվածում կատարել իրենց աշխատանքը:
Նշված վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը:
Պարեկներն ու համայնքային ոստիկանները Ուջան գյուղի՝ արարքը կատարող 60-ամյա բնակիչ Հարություն Ա.-ի հետ բանակցություններ են վարում, որպեսզի կամ ինքը հեռացնի քարերը, կամ ճանապարհաշինարարները իրենք հեռացնեն և նա չխոչընդոտի ճանապարհաշինարարների աշխատանքին:
Դեպքի մասին տեղեկացվել է նաև Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանին, ում հանձնարարականով ժամանել են նաև քաղաքապետարանի աշխատակիցները: