2025թ․ լրատվամիջոցների դեմ 67 մլն դրամ պահանջով հայցադիմումներ են ներկայացվել. «Հետք»

«Հետք»-ը գրում է. 2025թ. ընթացքում 17 լրատվամիջոցի դեմ 37 հայցադիմում է ներկայացվել: Վիրավորանք կամ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուց զատ նաև գումարային պահանջ է ներկայացվել լրատվամիջոցներին: Այդ գործերով 17 լրատվամիջոցից պահանջում են 66 մլն 700 հազ. դրամ փոխհատուցում, որը չի ներառում դատական ծախսերը:

«Դատալեքս» տեղեկատվական պորտալի ուսումնասիրությամբ պարզել ենք, որ այս տարվա ընթացքում լրատվամիջոցների ու լրագրողների դեմ միայն 4 հայցադիմում ներկայացրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա «Մեդիահաբ» և «Ժողովուրդ օրաթերթ» լրատվամիջոցներից և լրագրող Վահե Մակարյանից պահանջում է հրապարակել հերքում, ինչպես նաև վճարել ընդհանուր 3 մլն 400 հազ. դրամ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Երեւանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը համապատասխանաբար «Օրագիր մեդիայից» և «Ժողովուրդ օրաթերթից» պահանջում են 3 մլն-ական դրամ և այլն:

Նշված ժամանակահատվածում ամենաշատ դատական հայցերը ներկայացվել են «Ժողովուրդ օրաթերթի» դեմ՝ 9 հայց: Լրատվամիջոցից պահանջում են նաև գումարային փոխհատուցում՝ 21 մլն դրամի չափով: Դիտարկել ենք այն լրատվամիջոցները, որոնց դեմ ամենաշատ հայցադիմումներն են ներկայացվել և հաշվել, թե որքան գումար են պահանջում նրանցից։

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ թերթի դեմ դատական հայցեր ներկայացրել են հիմնականում կա՛մ պաշտոնյաները, կա՛մ իշխանությանը սպասարկող գործարարները: Ըստ նրա՝ պատճառը մեկն է՝ լռեցնել, կաշկանդել, սահմանափակել լրատվամիջոցի գործունեությունը, բացահայտումները:

«8 տարվա ընթացքում ամեն ինչի միջով անցանք. գաղտնալսում, հարձակում խմբագրության վրա, հարձակում մեր կայքի ու սոցցանցերի էջերի վրա, գրեթե ամենօրյա ռեժիմով սպառնալիքներ և այլն: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները՝ Տիգրան Ավինյանը, Արմեն Փամբուխչյանը, Ալեն Սիմոնյանը, Արթուր Հովհաննիսյանը, Դավիթ Երեմյանը, Գրիգոր Տեր-Ղազարյանը և էլի շատերը մեզնից պահանջում են փաստացի դադարեցնել մեր մասնագիտական գործունեությունը: Ճիշտ եք, լրատվական դաշտում ամենաշատ հայցերը մեր դեմ են ներկայացված, քանի որ իշխանական մեր աղբյուրները ակտիվ են ներսում կատարվողը «լուսաբանելու» հարցում, դրա համար ՔՊ-ն գերնյարդայնացած է մեր գոյությունից»,- ասում է Քնար Մանուկյանը:

Գլխավոր խմբագրի խոսքով՝ «Ժողովուրդ» օրաթերթին 21 մլն դրամի պահանջով չեն կարող լռեցնել, կասեցնել մասնագիտական ընթացքը: Ասում է՝ 15 տարվա փորձառություն ունեն, սա էլ կհաղթահարեն:

«Ի դեպ, գործերի մեծ մասը հաղթելու ենք, քանի որ մենք բարեխղճորեն ենք կատարել մեր մասնագիտական պարտականությունները և հաղթանակներին այլընտրանք չի լինելու: Պարզապես հոգեբանական ու ֆինանսական ճնշման տակ ենք գործում»,- հավելում է Քնար Մանուկյանը։

Մյուս լրատվամիջոցը, որի դեմ շատ հայցեր են ներկայացվել, «Հրապարակ» թերթն է: 2025թ. ընթացքում ներկայացվել է 4 հայցադիմում՝ 2 մլն դրամ գումարային պահանջով: Հայցադիմումներից մեկը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ոչ միայն պահանջում է հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, այլև 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում: Գումարային պահանջը չի ներառում դատական ծախսերը:

«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի փոխանցմամբ՝ թերթի գործունեության 17 տարվա ընթացքում այդ հայցերը սովորական են դարձել։ Դրանք իրենց աշխատանքի անբաժան մասն են և գրեթե չեն անդրադառնում գործունեության վրա։

«Արդեն հստակ մշակված մեխանիզմ կա՝ 14 օրում պատասխան գրել, ապացուցողական նյութեր հավաքել, հակափաստարկները քննարկել փաստաբանների հետ եւ ներկայացուցիչ ունենալ՝ դատարանում մեր շահերը ներկայացնելու։ Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, հայցվորները մոլորության մեջ են, կարծում են, որ եթե գումար պահանջեն՝ կվախենանք, այլևս իրենց չենք անդրադառնա, դատարաններն էլ հայցապահանջն ամբողջությամբ կբավարարեն»,- ասում է «Հրապարակի» գլխավոր խմբագիրը։

Արմինե Օհանյանը նշում է, որ այս իշխանության օրոք լրատվամիջոցներից պահանջվող հայցագնի առավելագույն չափը մի քանի անգամ մեծացրել են, և եթե դատարաններն առավելագույն չափով բավարարեն հայցվորների պահանջները, վերջիններիս մտածելով՝ «Հրապարակը» կփակվի, գործունեությունը կդժվարանա։

«Ոչ մի դատարան իրենց նշած հայցագինը երբևէ չի բավարարել և չի էլ բավարարի։ Երկրորդ՝ այդ հայցերի մեծ մասը մենք հաղթել ենք՝ դատարանում ապացուցելով, որ չկա զրպարտություն և վիրավորանք, իսկ եթե հայցվորն անգամ կարծում է, որ կա զրպարտություն, ապա այն պետք է դիտավորություն պարունակի, իսկ դիտավորությունն ուղղակի բացառված է։ Եվ երրորդը՝ հիմա բավականին կայուն ֆինանսական վիճակում է «Հրապարակը», ինչպես նաև ընթերցողների մեծ բանակ ունենք, որն իր սիրելի լրատվամիջոցի հետագա գործունեությունն ապահովելու համար պատրաստ է անգամ ֆինանսապես աջակցել մեզ, ինչպես Փաշինյանի հայցի դեպքում եղավ՝ բազմաթիվ զանգեր ստացանք, որ եթե անգամ պարտվենք դատարանում, մեզ մենակ չեն թողնելու»,- ասում է Ա․ Օհանյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) պարբերաբար հանրությանն է ներկայացնում իր զեկույցները՝ խոսքի ազատության վիճակի, ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտումների մասին։ Այս տարվա 6 ամսվա ընթացքում ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվել է 16 նոր հայց, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3-ով ավել է։ Բոլոր հայցերը վիրավորանքի ու զրպարտության հիմքով են, իսկ հայցվորները 6 գործով բիզնես միջավայրի ներկայացուցիչներ են, 3-ով՝ ներկա և նախկին պաշտոնյաներ, 2-ով՝ քաղաքական գործիչներ, 2-ով՝ առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ, 2-ով՝ քաղաքացիներ/ֆիզիկական անձինք, 1-ով՝ փաստաբան։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, 2025թ. մայիսի 2-ին հրապարակած զեկույցում անդրադառնալով Հայաստանում խոսքի ազատության վիճակին, նշել է, որ մեդիա ոլորտը կարգավորող իրավական շրջանակը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Իսկ ԽԱՊԿ-ն 2025թ. առաջին կիսամյակին վերաբերող զեկույցում նշել է, որ Հայաստանում ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրությունն արդեն բավական հին է և ժամանակակից մարտահրավերներին համարժեք արձագանքելու համար արդիականացման կարիք ունի։ Սա վերաբերում է նաև լրատվամիջոցների հրապարակումներում և առցանց տիրույթում վիրավորանքի և զրպարտության համար պատասխանատվությանը։

Հարկ է նշել, որ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, որ մինչև դատարան դիմելը կողմերը վեճը լուծեն արտադատական կարգով։ Օրինակ՝ պաշտոնյային կարող է լրատվամիջոցի հրապարակումը դուր չգալ և առանց հերքում կամ պատասխան հրապարակելու պահանջով խմբագրությանը դիմելու, միանգամից հայց ներկայացնի դատարան։ Մինչդեռ այդ վեճը կարելի է լուծել ավելի արագ՝ առանց դատարանները ծանրաբեռնելու։ Հաճախ լրատվամիջոցները սոցիալական ցանցերում պաշտոնյաների կատարած գրառումներից են տեղեկանում, որ իրենց դեմ հայց է ներկայացվել դատարան։ Այս դեպքում լրատվամիջոցներից պահանջում են ոչ միայն փոխհատուցում, այլև կատարած դատական ծախսերը՝ փաստաբանի վարձատրության ու պետական տուրքի գումարները, ինչը ֆինանսական լուրջ բեռ է լրատվամիջոցների համար։ Հաշվի առնելով, որ 2026թ. նախատեսված են Ազգային ժողովի ընտրություններ՝ ենթադրվում է, որ լրատվամիջոցների դեմ ներկայացվող հայցերը կարող են ավելանալ։

Տեսանյութեր

Լրահոս