
Ավստրիան կոչ է անում Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ խաղաղության հասնելու համար

Պեկինը պետք է օգտագործի իր ազդեցությունը Մոսկվայի վրա՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը Bloomberg-ին տված հարցազրույցում։
Նախարարի խոսքով՝ եթե Պեկինը ցանկանում է իրացնել իր ներուժը որպես համաշխարհային տերություն և խուսափել Եվրոպայի երկրների ու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից, ապա պարտավոր է նպաստել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներգրավմանը խաղաղ բանակցություններում և դադարեցնել Մոսկվային աջակցությունը մատակարարումների տեսքով։
«Չինաստանը պարտավոր է օգտագործել իր ազդեցությունը Պուտինի վրա՝ բանակցություններին իրական մասնակցության համար։ ԵՄ դիրքորոշումն այն է, որ ճնշում գործադրենք Պուտինի վրա, և մենք դա իրականացնում ենք պատժամիջոցների միջոցով։ Եթե այդ պատժամիջոցները շրջանցում են, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք», – ընդգծել է Մայնլ-Ռայզինգերը։