
ՆԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի հետ քննարկել է «Թրամփի ուղի» նախագծին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Նախարար Սարգսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և ընդգծել խաղաղության հաստատման գործում ԱՄՆ-ի ունեցած նշանակալի դերը։ Բարձր է գնահատվել նաև ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման երեք հուշագրերի ստորագրումը, որոնցով ՀՀ-ի համար բացվում են համագործակցության նոր հնարավորություններ։
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև երկկողմ արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես կազմակերպված հանցավորության, կիբեռհանցագործությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, կարևորել ոստիկանության բարեփոխումներին աջակցությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև կիբեռլաբորատորիա ստեղծելու շուրջ քննարկումների ընթացքը։
Բրենդան Հենրեհենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր գնահատել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա սերտ գործընկերությունը և կարևորել Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել այն։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա ներկայացված՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։