
Իսրայելական հարձակումներից Եմենում զոհերի թիվը հասել է 46-ի

Եմենի առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ մայրաքաղաք Սանայի և ալ-Ջաուֆի նահանգի վրա սեպտեմբերի 10-ի իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի, իսկ վիրավորներինը՝ 165-ի։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հայտարարության մեջ նշվում է, որ զոհերի մեծամասնությունը գրանցվել է մայրաքաղաք Սանայում։
Քաղաքացիական պաշտպանության խմբերը շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները թիրախավորված թաղամասերում։
Սեպտեմբերի 11-ին հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտնել է, որ հութիները երեք անօդաչու թռչող սարքերով ռազմական գործողություներ են իրականացրել Իսրայելի դեմ։
Անօդաչու թռչող սարքերից երկուսը թիրախավորել են Ռամոն օդանավակայանը, իսկ մյուսը՝ Նեգևի շրջանում գտնվող իսրայելական ռազմական թիրախը։ Նրա խոսքով՝ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին՝ բազմաթիվ իսրայելցիների ստիպելով պատսպարվել ապաստարաններում։
Իսրայելական ուժերը սեպտեմբերի 10-ի կեսօրին հարձակում են իրականացրել մայրաքաղաք Սանայի բնակելի թաղամասերի, քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող բժշկական հաստատության և ալ-Ջաուֆի շրջանի կառավարական շենքի ուղղությամբ։
2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները Գազային աջակցելու կարգախոսի ներքո հրթիռային հարձակումներ են իրականացրել և շարունակում իրականացնել Իսրայելի ուղղությամբ, որն էլ իր հերթին հարձակումներ է իրականացնում Եմենի տարբեր շրջանների դեմ։