Հայ–ադրբեջանական պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի և Զանգելանի հարավային մասում

Անցած շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ղկավարությամբ, փոխադարձ այցելություններ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի մերձսահմանային՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային տարածքներ: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Նշենք, որ պատվիրակությունների կազմում ընդգրկված են եղել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, արտգործնախարարության և տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչները։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Տեսանյութեր

Լրահոս