Եթե անգամ Խաղաղության պայմանագիր ստորագրենք, չենք կարող ասել՝ ամեն ինչ վերջացավ. Արարատ Միրզոյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրոզյանը կարևոր է համարում վաշինգտոնյան փաստաթղթերը, Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագիրը, դրանց հաջորդած երկրի ղեկավարների մակարդակով բանավոր վերահաստատումները:

«Հաստատվել է խաղաղություն»,- ընդգծեց նա և անդրադարձավ ընդդիմախոսների այն պնդումներին՝ հայտարարվում է՝ հաստատվել է խաղաղություն, սակայն բազմաթիվ խնդիրներ կան, իրենց «խաղաղությունը լավ խաղաղություն չի»:

«Մենք ճանապարհի սկզբին ենք, խաղաղությունը երկար խնամք է պահանջում, հոգատարություն, զգուշություն՝ յուրաքանչյուր արտաբերվելիք բառի, շրջանառվող փաստաթղթի տեսանկյունից: Ի վերջո, չժխտենք, որ թշնամանքի, արյան պատմություն կա երկար երկու ժողովուրդների միջև: Իսկ խաղաղությունը երբեք բարեկամ ժողովուրդների միջև չի հաստատվում, խաղաղությունը հաստատվում է այն երկրների, այն ժողովուրդների միջև, որոնք նախորդիվ ունեցել են արյունահեղություն, պատերազմ, հակամարտություն և այլն: Եվ ահա մենք ճանապարհի սկզբին ենք: Նույնիսկ առաջ անցնելով ասեմ՝ եթե առաջիկայում մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է՝ չենք կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ, խաղաղությունն ամբողջական հաստատված է:  Եթե ​​շատ պարզեցնենք, ապա նկատի ունենք, որ այս պահին կողմերը միմյանց վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը մինիմալ է, և ձգտում ենք զրոյի, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է:

Մնո՞ւմ են խնդիրներ՝ բազմաթիվ: Դրանցից մեկն Ադրբեջանում գտնվող գերիների հարցն է: Ցավոք, չունենք հարցի ամբողջական, վերջնական լուծում, թեև նախորդիվ ունեինք նույն ադրբեջանական կողմի հանրահռչակված պարտավորությունը՝ բոլորին ազատ արձակել: Եթե երկու երկիր անկեղծորեն ասում են՝ խաղաղություն ենք հաստատում, երևի արժի առաջինը հումանիտար հարցերը կարգավորել, որովհետև դրանք զգայուն հարցեր են, մարդկանց համար ցավոտ հարցեր են»,- շարունակեց Արարատ Միրզոյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս