Բաժիններ՝

Անօդաչուներն «աննախադեպ» կերպով խախտել են Լեհաստանի օդային տարածքը. Վարշավան տեղեկացրել է ՆԱՏՕ-ին

Լեհական հրամանատարությունը հայտարարել է, որ գիշերը «օդային տարածքի աննախադեպ խախտում» է արձանագրվել, Լեհաստանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով լեհական բանակի օպերատիվ հրամանատարության հայտարարությունը։ 

«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա այսօրվա հարձակման հետևանքով Լեհաստանի օդային տարածքի աննախադեպ խախտում է տեղի ունեցել «դրոն» տեսակի օբյեկտներով։ Սա ագրեսիայի ակտ է, որն իրական սպառնալիք է ստեղծել մեր քաղաքացիների համար», – հայտարարել է Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ օպերատիվ հրամանատարը որոշում է կայացրել «չեզոքացնել» սպառնալիք ներկայացնող ԱԹՍ-ները՝ խոցելով դրանցից մի քանիսը։ Այժմ խոցված ԱԹՍ-ների բեկորների որոնողական աշխատանքներ են տարվում։

Լեհաստանի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ լեհական ինքնաթիռներն ու ՆԱՏՕ-ի այլ երկրների կործանիչները բարձրացել են օդ, և որ ցամաքային ՀՕՊ համակարգերը բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության վիճակի։ Բացի այդ, փակվել է Ժեշուվի, Լյուբլինի և Վարշավայի օդանավակայանների օդային տարածքը։

Իր հերթին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X սոցիալական հարթակում գրել է, որ  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է գիշերը Լեհաստանի երկնքում ԱԹՍ-ների խոցման մասին։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել ենք ստեղծված իրավիճակի և մեր օդային տարածքը խախտած օբյեկտների դեմ ձեռնարկված գործողությունների մասին։ Մենք մշտական ​​կապի մեջ ենք մնում», – գրել է Տուսկը։

Լեհաստանի վարչապետն իր գրառման մեջ, սակայն, չի ասել, որ Լեհաստանի երկնքում ռուսական անօդաչուներ են խոցվել:

։Լեհաստանի կառավարության խոսնակ Ադամ Շլապկան իր հերթին X-ում գրել է, որ վարչապետ Տուսկը պետության անվտանգության համար պատասխանատու նախարարների հետ արտահերթ նիստ է անցկացնում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս