
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ․ ԱԳՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Հայաստանի արտգործնախարարության պաշտոնյաների հետ հանդիպումներում նշել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ՝ աջակցելու միջազգային հումանիտար իրավունքով հովանավորվող անձանց։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի արտգործնախարարության Լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբերից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում՝ տեղի իշխանությունների պահանջով, եւ որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախաստորագրած՝ Խաղաղության պայմանագրի տեքստում գերիների վերադարձի մասին կետ չկա, NEWS.am-ը հետեւյալ հարցերն էր ուղղել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
«1. Ստեղծված իրավիճակում քայլեր ձեռնարկվո՞ւմ են Բաքվում պահվող հայ գերիներին առնվազն ֆիզիկական խոշտանգումներից պաշտպանելու համար:
ԿԽՄԿ ներկայացուցիչները հայտնել էին, որ վերջին անգամ հայ գերիներին այցելել են հունիսին: Ձեր ղեկավարած կառույցը հետաքրքրվե՞լ է, թե ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերի դադարեցումից հետո ինչ վիճակում են հայ գերիները, այդ ընթացքում նրանց հաջողվե՞լ է կապ հաստատել ընտանիքների հետ: Կա՞ ինչ-որ այլ կառույց, որը կարող է նրանց ծանրոցներ փոխանցել:
Որպես Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրած պաշտոնյա՝ հավատո°ւմ եք, որ խաղաղության ձգտումը անկեղծ է, եթե մի երկիրը շարունակում է պահել մյուս երկրի գերիներին, ընդ որում՝ այնպիսի մեղադրանքներով, որոնք անհատապես գերիների կատարած հանցանքների մասին չեն, այլ՝ Հայաստանի Հանրապետության «հանցանքների», ինչպես ադրբեջանական կողմն է փորձում ներկայացնել»։
Արտգործնախարարությունը NEWS.am–ի կոնկրետ հարցերին տվել է ոչ կոնկրետ, ընդհանուր պատասխան։ Դրանում ասվում է հետեւյալը․
«Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդառված քաղաքացիների խնդրի հասցեագրումը, այդ թվում՝ նրանց առողջական վիճակի հետ կապված հարցերը շարունակում են գտնվել ՀՀ ԱԳ նախարարության ուշադրության կենտրոնում՝ պարբերաբար բարձրացվելով միջազգային գործընկերների հետ հանդիպումներում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։
ՀՀ ԱԳ նախարարությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում գերիների, անհայտ կորած և բռնի անհետացած անձանց հարազատների, ինչպես նաև միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միզազգային կոմիտեի պատվիրակության հետ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումներում մշտապես բարձրաձայնում է հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը։ Հարցին անդրադարձ է կատարվել նաև ս․թ․ օգոստոսի 27-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի շրջանակներում, որը հասանելի է հետևյալ հղումով՝ (տես 33-րդ րոպեից)։
ԿԽՄԿ ներկայացուցիչները նշել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ՝ աջակցելու միջազգային հումանիտար իրավունքով հովանավորվող անձանց։
«Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումը եւ հետագայում ստորագրումը նպաստավոր միջավայր կստեղծի հումանիտար խնդիրների առավել արդյունավետ հասցեագրման համար»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում պաշտոնապես հաստատված 23 հայ գերի կա, որոնց մի մասը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության անդամներն են։ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումը լիակատար մեկուսացման մեջ է թողել հայ գերիներին, քանի որ այն միջազգային միակ կառույցն էր, որը հնարավորություն ուներ ժամանակ առ ժամանակ այցելելու Բաքվի բանտում պահվող հայ գերիներին եւ տեղեկատվություն փոխանցելու նրանց ընտանիքներին։