Տնտեսական ակտիվությունն աճում է, շինարարությունը՝ կրճատվում
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-ապրիլին կազմել է 7.4%։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
ԱՎԾ նախնական տվյալների համաձայն, 2013 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում աճ է գրանցվել ՀՀ տնտեսության բոլոր ոլորտներում՝ բացառությամբ շինարարության ոլորտի։
Այսպես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.6%-ով՝ կազմելով 373.9 միլիարդ դրամ։ Ծառայություններն աճել են 7.2%-ով (306.5 միլիարդ դրամ)։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է ուղիղ 100 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է 2.4%-ով։ Մանրածախ առևտրաշրջանառությունն աճել է 5.4%-ով (ծավալը՝ 583.5 միլիարդ դրամ)։
Ինչպես արդեն նշվեց, բացասական է շարունակում մնալ միայն շինարարության ոլորտի ցուցանիշը։ Այս ոլորտի արտադրանքը 2013 թվականի հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 5.2%-ով՝ կազմելով 60.3 միլիարդ դրամ։