
Ջանանք կառուցել անվտանգ, արժանապատիվ և հզոր պետականություն՝ անբաժան Արցախով. Տեր Վրթանես
«Արցախի կանչ» հուշահամալիրի խաչքարերը միայն քարեր չեն, այլ համազգային ցավի, բայց և հպարտության խորհրդանիշ են։ Հուշակոթողի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Սիրո, կարոտի, հիշողության և հավատարմության աստվածադիր զգացումներն այսօր վերստին համախմբել են ամենքիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ միասնական աղոթքով նվիրագործելու Արցախին նվիրված այս հոյակերտ հուշահամալիրը։
«Եռաբլուրը», որ կարող ենք կոչել նաև քաջերի բլուր, ստեղծվել է Արցախյան գոյապայքարին զուգահեռ՝ երկրավոր վերջին հանգրվան դառնալով հազարավոր հայորդիների և ուխտավայր՝ ամբողջ հայ ժողովրդի համար։
Հարության հույսով այստեղ հանգստացող մեր նահատակներն ամեն օր շշնջում են յուրաքանչյուր գիտակից հայի ականջին, որ հայրենիքն ավելին է, քան միայն տեսանելի իրականությունը»,- ասաց Տեր Վրթանեսը։
Նա նշեց, որ հենց այս տեսիլքով են «Եռաբլուրում» հանգչող հերոսները գնացել մարտի դաշտ։